13 03 2020

Ինչպե՞ս կանխվեց թռչնագրիպի ներթափանցումը Հայաստան 15 տարի առաջ

Ինչպե՞ս կանխվեց թռչնագրիպի ներթափանցումը Հայաստան 15 տարի առաջ

Կորոնավիրուսի տարածումը Հայաստանում այլևս կայացած փաստ է։ Փաստ է նաև, որ իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ նման զարգացմանը, այլև ինքն է նպաստել վարակի տարածմանը։ Ամբողջ աշխարհում՝ Չինաստաից մինչև Եվրոպա, Իրանից մինչև ԱՄՆ, երկրների ղեկավարները հայտարարում են արտակարգ իրավիճակ, ձեռք են առնում համապատասխան միջոցառումներ՝ սկսած երկիր ելումուտ անողների մանրազննին ստուգումից, անհրաժեշտության դեպքում վարակի առավել լայն տարածում ունեցող երկրների հետ հաղորդակցության դադարեցումից, մարդկանց կուտակումներ ենթադրող միջացառումների չեղարկելուց՝ վերջացրած կարանտինի կիրառմամբ, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր անում ամբողջ երկրով մեկ։

Հայաստանում նոր հայտնաբերված երեք վարակակիրները ժամանել են Իտալիայից։ Նրանց ոչ ոք չի մեկուսացրել, չի հետևել նրանց վիճակին հիվանդության գաղտնի շրջանում՝ նվազագույն 14 օրվա ընթացքում, իսկ նրանցից մեկը մասնակցել է հարսանիքի, և հենց այդտեղ էլ վատացել է նրա ինքնազգացողությունը։ Սակայն անգամ սա ամբողջ դժբախտությունը չէ։

Եթե կորոնավիրուսը ավելի մեծ տարածում ունենա, այն պարզապես կարող է կաթվածահար անել Հայաստանի առողջապահական համակարգը։ Ավելի քան մեկ ամիս է վիրուսը մոլեգնում է ամբողջ աշխարհում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ գործ ունենք համավարակի (պանդեմիա) հետ, իսկ Հայաստանի հեղափոխական-վարչապետը հայտարարում է, որ «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ» վիրուսը դեռ մեզ չի հասել։ Անհրաժեշտ կանխարգելիչ միջացառումներ ձեռնարկելու՝ ընդհուպ կարանտին սահմանելու սթափ մարդկանց կոչերը՝ վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխարգելելու համար, իշխանության ներկայացուցիչները պիտակավորում էին որպես խուճապի տարածում։

Կորոնավիրոսուվ վարակվածների՝ Եվրոպայում ամենամեծ թիվ ունեցող և փաստացի փակված Իտալիայից գոնե ինքնաթիռային չվերթները դադարեցնելու կոչերին կառավարությունը ականջալուր չեղավ։ Ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ բյուջետային «Ռանէյրի» թռիչքները դեպի Միլան հեղափոխական կառավարության կարևորագույն «ձեռքբերումն» էր։ Նիկոլ Փաշինյանից սկսած՝ ավիացիայի ոլորտի ղեկավար նշանակված աղջնակով (ավիացիայի հետ նրա առնչությունը սահմանափակվում է Կոպենհագենում ավիատոսմերի վաճառքով զբաղվելով) օրուգիշեր գովերգում են այս ընկերության մուտքը Հայաստան։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը այս ավիաընկերության  միջոցով 50 եվրոյով Հռոմ գնալը համարեց Հայաստանի բնակչության  բարեկեցության գլխավոր ցուցանիշը։ Նրա հիմնավորումը՝ եթե փակեինք Իտալիայից չվերթները, կգային այլ երկրներից պարզապես մանկամտություն էր։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ կանխարգելիչ ցանկացած միջոցառում ըստ էության անիմաստ է։ «Հպարտների» վարչապետը հերթական անգամ ցույց տվեց իր անհամապատասխանությունը երկրի ղեկին գտնվելու համար և իշխանությունը ցանկացած գնով՝ անգամ անտեսելով համաճարակի տարածումը, պահելու մոլուցքը։  Մինչդեռ, Հայաստանում ունեցել ենք աշխարհում տարածված և անգամներով ավելի ցածր վտանգ ներկայացնող վարակի դեմ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացված պայքար։ Խոսքը մոտ 15 տարի առաջ՝ 2005-2007 թվականների մասին է։

Այդ ժամանակ կառավարության որոշմամբ ընդունվեց հակահամաճարակային միջոցառումների ազգային ծրագիր, ստեղծվեց համապատասխան հանձնաժողով և տեղական հանձնաժողովներ, Համաշարհային բանկի և այլ դոնոր երկրներից ձեռք բերվեց 2 մլն դոլար ծրագրի իրականացման համար։ Մասնավորապես, արգելվեց այդ հիվանդության լայն տարածում ունեցող երկրներից՝ մասնավորապես Թուրքիայից թռչնի մսի ներկրումը, սահմանային հսկիչ կետերում ուժեղացվեց անասնաբուժասանիտարական հսկողությունը, սկսվեցին ախտահանվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտի բոլոր միջոցները՝ համապատասխան ախտահանիչ նյութերով՝ պաշտպանիչ արտահագուստ կրող աշխատակիցների կողմից, պատվաստվեցին նաև անասնաբույժները, մաքսատան աշխատակիցները, Թուրքիային սահմանակից գյուղական բնակչությունը, հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնը ապահովվեց վարակի հարուցիչի բացահայտման համար անհրաժեշտ միջոցներով, ձեռք բերվեց վարակի դեմ ամենաբարձր արդյունավետություն ունեցող «Տամիֆլյու» դեղի անհրաժեշտ խմբաքանակը, տպագրվեցին և տարածվեցին վարակի մասին իրազեկման բուկլետներ, հուշաթերթեր, Հայաստանի թռնչնագլխաքանակն անգամ պատվաստվեց։ Արդյունքը՝  Հայաստանը շրջանցեց թռչնագրիպը։

Հիմա համեմատեք այդ ժամանակված միջոցառումները և ներկա իշխանության հանցավոր անգործությունն ու վարակի տարածմանը կամա թե ակամա նպաստելը։ Եզրակացություն անելու ունակություններ ունեցողների համար ամեն ինչ պարզ է, իսկ «հպարտների» համար․․․

Ցավալին այն է, որ կորոնավիրուսը չի տարբերում թե ո՞վ է պատասխանատու այս կացության համար, և հիվանդանալու հավանականություն հավասարապես բոլորս ունենք։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ