Մարդիկ բողոք ունեին: Այդպես էին ասում: Ավելի ճիշտ` ասում էին, որ մարդիկ կուտակված բողոք ունեին: Ու դա այդպես էր:
Բողոքնե՛ր: Այսինքն՝ բողոքելու բազմաթիվ պատճառներ: Դժգոհությո՛ւն: Դժգոհության պատճառներ: Շատ:
Ու դրա համար էլ, երբ ինչ-որ մեկը այդ բողոքական էներգիան հնարավորինս կենտրոնացրեց մեկ տեղում, իշխանափոխությունը տեղի ունեցավ: Իրենք, իհարկե, հեղափոխություն են ասում: Բայց դա հեղափոխություն չէ: Հեղափոխությունը հասարակարգի արմատական փոփոխությունն է, արմատական և խորքային, այսինքն՝ որակական: Մոտ երկու տարի առաջ կատարվածն ինչպես իշխանափոխություն էր, այնպես էլ շարունակում է իշխանափոխություն լինել. իշխող քաղաքական կազմակերպության և իշխող անձի (անձանց) փոփոխություն: Լավ, այդ հարցի շուրջ բանավեճը կամ վիճաբանությունը կարելի է թողնել քաղաքագետներին ու փիլիսոփաներին:
Տվյալ դեպքում բողոքը, եթե կուզեք՝ բողոքնե՛րն են հետաքրքիր:
Եվ այսպես, պայմանական անվանմամբ՝ Պողոս եղբա՛յր, ինչի՞ց էիր բողոքում:
Որքան հիշում եմ, առաջին հերթին, հատկապես տաքսիստ Պողոս(ներ)ը բողոքում էր արագաչափերից, տուգանման համար նախատեսված «կամեռաներից», ավտոկայանման կարմիր գծերից, տուգանքի չափերից: Ավելին, հիշում եմ, որ հիմնական քայլողը արագաչափերի սյուների վրա էլ էր մագլցում, կպչուն ժապավենով-բանով փակում դրանց «աչքերը»:
Եվ ի՞նչ, եղբայր իմ Պողո՛ս, արագաչափերը երկու տարվա մեջ հե՞չ են արվել, վերացվե՞լ են, թե՞ բազմապատկվել: Միգուցե կարմիր գծե՞րն են չեղյալ հայտարարվել: Թե՞ այլևս չեն տուգանում-մուգանում: Ասում են, արդեն «տուգանային միավորներով» է, բալային, էլի:
Լավ, բա ինչի՞ց էիր բողոքում: Ա՜, փաստորեն, ամբողջ ցանկությունն այն էր, որ տուգանքը դառնա բալայի՞ն, արագաչափերն ու տեսահսկող սարքերն էլ ավելացվե՞ն:
Որքան հիշում եմ, շատ ու շատ Պողոսներ բողոքում էին գործազրկությունից՝ «գորձ չկա, ախպեր...», «գիդես, ամեն ընդի մեջ փայ են, դրա համար էլ գորձ չկա, աբրել չիլնում...», «վոբշըմ, պետք ա ըռուսաստանների վրա գնալ...» ու նման բաներ:
Բողոքելու խնդիրներ են, իհարկե: Գործազրկությունն էլ, արտագաղթն էլ:
Իսկ այս երկու տարում արտագաղթը կա՞նգ է առել, թե՞ այնքան աշխատատեղեր են բացվել, որ խեղճ գործարանատերերը չգիտեն, թե որտեղի՞ց աշխատուժ ներգրավեն, անգամ Հայաստան եկած հազարավոր հնդիկները այդ բացը չեն կարողանում փակել:
Կարծես թե՝ ո՛չ:
Արտագաղթը, ըստ էության, շարունակվում է: Առնվազն շարունակվում է սեզոնային արտագնա աշխատանքը: Երկրի տնտեսության մեջ խոշոր՝ մի քանի հարյուր միլիոն դոլարով չափվող արտաքին ներդրումներ չկան: Անգամ համեմատաբար փոքրածավալ ներդրումներն են քչություն անում:
Լավ, բա ինչի՞ց էիր բողոքում:
Գուցե ներկա իրողությունների պրիզմայո՞վ նայենք:
Այդպես հակադրությունն ավելի ցայտուն է: Իսկ ցայտուն է, որովհետև ստացվում է, որ Պողոս եղբայրը դժգոհ էր այն բանից, որ նախարարները կրկնապատիկ բարձր աշխատավարձ չեն ստանում: Հիմա արդեն նախարարները երկու անգամ ավելի բարձր են վարձատրվում: Ու Պողոս եղբայրը գոհ է: Ավելին՝ հիացած:
Հա, մարդիկ, ստացվում է, որ դժգոհ էին այն բանից, որ նախարարներին ու պատգամավորներին ամեն ամիս պարգևավճարներ, պրեմիաներ չէին տալիս: Հիմա Պողոսները կարող են լիովին գոհ լինել, քանզի նախարարներ կան, որ տասնյակ հազարավոր դոլարների հասնող պրեմիաներ են ստանում:
Նախկինում, պետք է ենթադրել, դժգոհությունը գալիս էր այն բանից, որ սեռափոխության ենթարկված (իր իրավունքն է) և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձի մասին նկարահանվող ֆիլմի համար պետությունը գումար չէր հատկացնում: Հիմա կարող են գոհ լինել, քանի որ հատկացնում է:
Առաջ դժգոհ էին, որովհետև Երևանի կենտրոնում Նոր տարվա տոնածառ դնելու վրա համեմատաբար քիչ գումար էր ծախսվում: Հիմա գոհ են, քանի որ կրկնապատիկ ավելին է ծախսվում:
Դժգոհության մի առիթն էլ երևի այն էր, որ նախկինում որևէ մեկին առանձնապես չէր հուզում՝ երկրում Սահմանադրական դատարանի առկայությունը և այդ դատարանի կազմը: Հիմա կարող են գոհ լինել, քանզի պարզվում է, մեր բոլոր սոցիալական, տնտեսական, քաղաքական, նույնիսկ կենցաղային հարցերի լուծման բանալին Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունն է: Ու ո՞նց ամբողջ երկու տարի գլխի չէին ընկնում:
Ու ընդհանրապես, նախկինում դժգոհությունը աղքատությունից էր գալիս: Հիմա կարող են գոհ լինել, քանի որ վերջապես իմացել են, որ աղքատությունն իրենց գլուխների մեջ է:
Այսպես որ գնաց, վաղը-մյուս օրը մեկ էլ տեսար՝ մարդիկ կողմնորոշվեն, թե ինչից էին դժգոհ, ինչ էին ուզում՝ կամաց-կամաց կռահելով, թե ինչ ստացան:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը