Նիկոլ Փաշինյանը, երկրի կառավարման ծանր աշխատանքից ազատ ժամանակ, վերջերս ըստ երևույթին որոշել է վերընթերցել կամ թերթել Աստվածաշունչը, առնվազն՝ Նոր կտակարանը: Ոչ մի վատ բան դրանում չկա, իհարկե: Նույնիսկ՝ հակառակը: Բայց խնդիրն այն է, որ նա չի բավարարվում միայն վերընթերցել-վերաթերթելով, այլև իրեն աստվածաբան կամ մեկնիչ է երևակայում:
Իր անձը Հիսուս Քրիստոսի հետ համեմատելու, ինչպես իր, այնպես էլ իր անզուգական թիմակիցներից մեկի ծիծաղաշարժ փորձերին հաջորդած արձագանքների ալիքը դեռ մի կարգին չհաղթահարած՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց հիմա էլ «Հիսուսի բարդույթին» անդրադառնալ: Իր մեկնությամբ:
ՀՔԾ կազմավորման 12-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում ունեցած ելույթում վարչապետ Փաշինյանը, ոչ առանց խուճուճ ձևակերպումների, անդրադարձավ իշխանավորների՝ «բդեշխի բարդույթ» ձեռք բերելու երևույթին: «Հայաստանի Հանրապետությունում եղել է, դեռևս կա, շարունակում է և դեռ որոշ ժամանակ կլինի հետևյալը, որ պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում, այսպես ասած, իշխանի և բդեշխի բարդույթ, տիրողի բարդույթ են ձեռք բերում: Մեր խնդիրն է, որ այս պետական պաշտոնյայի, այս իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կրկին կներեք, այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով»,-ասաց վարչապետը:
Խոսքի շարունակության մեջ նա, իհարկե, մանրամասնեց, թե հատկապես ի՞նչ նկատի ունի՝ «Հիսուսի բարդույթ» ասելով: Եթե հակիրճ, ապա՝ «ինչո՞վ է Հիսուսի կերպարը լավ, որ ինքը ծառա է և տեր է միաժամանակ»:
Բայց, նախ, «բդեշխի բարդույթի» մասին: Հա, նաև՝ իներցիայի: Դե լավ է, որ ֆիզիկայի դպրոցական դասընթացից գոնե իներցիայի մասին այդ մի դասը սերտել են: Ինչ վատ բան իշխանության միջանցքներում լինում է, պարզվում է, որ այդ ստոր իներցիան է մեղավոր: Կարելի է կարծել, իրենց բդեշխի տեղ դրած շատ կոնկրետ նախարարներ ու մարզպետներ այդ պաշտոններին նշանակվել են «իներցիայի ուժով»՝ նախկին «հանցավոր ռեժիմի» կողմից: Սակայն, ո՛չ: Բոլոր այդ նորահայտ «բդեշխիկները» նշանակվել են ժողվարչապետի, ժողիշխանության կողմից: Եվ իրենք էլ շատ կոնկրետ քաղաքական ու բարոյական պատասխանատվություն են կրում այդ նորահայտ լիբերալ-ֆեոդալների և նրանց վրդովեցուցիչ արարքների համար: Սա՝ մեկ: Երկրորդ. եթե վարչապետը իրեն թույլ է տալիս անձնիշխանական դրսևորումներ, կոպիտ ասած՝ իրեն բդեշխապետի պես է պահում (դե, իներցիայի ուժով, կամ պահի ազդեցության տակ անսահմանափակ իշխանությամբ գայթակղվում է, միգուցե), ապա միանգամայն օրինաչափ է, որ իշխանական հիերարխիայում ավելի ցածր աստիճանի վրա գտնվողներն էլ ընօրինակեն նրան՝ դրսևորվելով որպես տեղական բդեշխներ կամ բդեշխիկներ:
Հա, իսկ ամենից զավեշտականն այն է, որ «Հիսուսի բարդույթ» բնորոշում իսկապես կա: Բայց ոչ թե վարչապետ Փաշինյանի մեկնությամբ ներկայացված տարբերակը, այլ, կներեք, «փրկչական բարդույթը» կամ «Քրիստոսի բարդույթը»: Դա ավելի շուտ հոգեբանների մասնագիտական նեղ շրջանակում գործածվող բառակապակցություն է, այդպիսի կլինիկական եզրույթ չի գործածվում: Սակայն որոշ հոգեբաններ «Հիսուսի բարդույթ» կամ «Մեսսիայի բարդույթ» արտահայտությամբ բնորոշում են «վեհության մոլուցքը» (мания величия)՝ որոշակի նրբերանգների դեպքում: Օրինակ, կա տեսակետ, որ 1933-45 թվականներին Գերմանիան ղեկավարած անձնավորությունը, ինչպես նաև նրա իտալացի կոլեգան սուր արտահայտված «փրկչի բարդույթ» ունեին:
Ինչ վերաբերում է մեր օրերին ու մեր երկրին, ապա վատ չէր լինի և նույնիսկ լավ կլիներ, եթե իշխանության վերին էշելոններում ոմանք կարողանային թոթափել գոնե անհեթեթախոսության և պոպուլիստի բարդույթները: Չնայած, դա քիչ հավանական է: Էն անտեր իներցիան շատ ուժեղ է, էլի:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը