19 11 2019

Բյուջե 2020-ի «հեղափոխական» աճը` շարքային սուտ

Բյուջե 2020-ի «հեղափոխական» աճը` շարքային սուտ

Ներկայացնելով 2020 թ․-ի պետական բյուջեն խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը փորձեց թվերի տարափով խճճել պատգամավորներին, որոնք այդ պահին անմիջականորեն չէին կարող ստուգել, թե նրա ո՞ր ասածն է համապատասխանում իրականությանը, որը՝ ոչ։ Մյուս կողմից էլ այդկերպ նա հերթական անգամ «հպարտների» ականջներին մակարոնեղենի թարմ խմբաքանակ կախեց՝ իր խոստումները կատարող մարդու տպավորություն ստեղծելու համար։ Այսպիսով, ի՞նչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը բյուջե 2020 թ․-ի մասին․

«2018 թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35%-ով, սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը: Հիմա, 2020թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018 թ. եկամտային մասը գերազանցում է 27.4%-ով, եթե սրան գումարում ենք նաև 2018 թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33%, իսկ, եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35%: Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ»։

Նախ՝ երկու անգամ հնչեցնելով իր խոստման մասին, Նիկոլ Փաշինյանը հույս է տածել, թե մոռացել ենք այդ խոստումը ինչպիսին է եղել։ Դրանում ոչ մի խոսք չի եղել մեկ-երկու տարվա մասին։ Մինչդեռ 2020 թ․-ը արդեն իշխանության գալու երրորդ տարին է։ Այնուհետեւ, բյուջեի եկամուտները առնվազն մեկ երրորդով ավելացնել նա խոստանում էր այսպես կոչված գողացված գումարը վերադարձնելու հաշվին։ Ինչպես արդեն վաղուց համոզվել ենք,  «թալանված» կամ «գողացվածի» մասին նրա հայտարարությունները խիստ չափազանցված էին, իսկ պետբյուջեի եկամուտներն ավելանում են փոքր բիզնեսին քամելու, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին ահաբեկելու հաշվին, ինչի տնտեսական հետեւանքները տնտեսական ակտիվության նվազման եւ գնողունակության անկման տեսքով արդեն նկատելի են եւ դեռ խորանալու են։ 

Հիմա բուն պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների մասին։

Որքանո՞վ է ճիշտ արդեն կատարված 2018 թ․-ի պետական բյուջեն համեմատել դեռեւս նախագիծ 2020 թ․-ի պետակա բյուջեի հետ եւ հայտարարել, որ խոստում է կատարվում, մեղմ ասած, վիճելի է։ Սակայն դա անելուց հետո կեղծել տվյալները, առնվազն անթույալտրելի է։ Այդուհանդերձ, ստուգենք, թե որքանո՞վ է իրականության համապատասխանում այդ համեմատության արդյունքում հնչեցված ցուցանիշները։

2018 թ․-ի բյուջեի եկամտային մասը, պաշտոնական վիճակագրության վերջնական ցուցանիշներով, կազմում է մոտ 1 տրլն 341 մլրդ դրամ։ 2020 թ․-ի պետական բյուջեի նախագծով եկամուտները, ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի, պետք է կազմեն 1 տրլն 697 մլրդ դրամ։ Դպրոցում տոկոս հաշվելու ունակ ցանկացած մարդ կարող է հաշվել եւ պարզել, որ 1 տրլն 341 մլրդ 33 տոկոսով ավելանալու դեպքում կկազմի ոչ թե 1 տրլն 697 մլրդ, այլ 1 տրլն 783 մլրդ կամ 86 մլրդ դրամով ավելի։ Սա Նիկոլ Փաշինյանի առաջին կեղծիքն է վերոնշյալ ելույթի մեջ։ Որպես անվճար խորհրդատվություն տեղեկացնենք վարչապետի պաշտոնում հայտնված մարդուն, որ 1 տրլն 341 մլրդը մոտ 26,5 տոկոսով ավելանալու դեպքում է կազմելու մոտ 1 տրլն 697 մլրդ-ին։  Այսինքն, ոչ թե 33 տոկոսով, այլ 26,5 տոկոսով է նախատեսվում ավելացնել 2020 թ․ի պետական բյուջեի նախագծով եկամուտները 2018 թ․ի պետական բյուջեի արդեն կատարված եկամուտների համեմատ։ Այսինքն, ասել, թե կատարել է իր խոստումը եւ բյուջեի եկամուտներն ավելանալու են 33 տոկոսով, շարքային սուտ է։ Թե ինչպե՞ս կկատարվեն 2020 թ․ի բյուջեի եկամուտները, արդեն այլ հարց է։

Բյուջետային կորուստների մասին։ Ուշագրավ է, որ դրանց գումարային թիվ Նիկոլ Փաշինյանը չի նշում։ Մնում է միայն ենթադրել, թե ինչո՞ւ։ Այնուհետեւ, միայն իրեն հայտնի ձեւով դա գումարում է վերոնշյալ, ինչպես արդեն պարզեցինք, իրականության հետ կապ չունեցող 33 տոկոսի հետ եւ ստանում 35 տոկոս՝ պատկերելով եւս մեկ հեղափոխական «ցնցող» տեսարան։

Եթե հավելենք, որ առանց գումարներ հայտարարելու բյուջետային կորուստներին մասին խոսելիս նա ոչինչ չի ասում այն մոտ 50 մլրդ հավելյալ եկամուտների մասին, որ թափվեցին Նիկոլ Փաշինյանի կառավարության գլխին շնորհիվ նախորդ «թալանչի» իշխանության կողմից Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելիս ավտոմեքենաների ներմուծման պարագայում ձեռք բերած արտոնյալ ժամկետի, ապա կպարզվի, որ այդ հաճելի ժառանգությունն է էապես նպաստել բյուջեի եկամուտների համալրմանն այս տարի։ Նիկոլ Փաշինյանը դա չի ասում, նա սովոր է միայն իրեն վերագրել այլոց կատարած աշխատանքի արդյունքները, ապա՝ փնովել նրանց։ 

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 2020 թ․ի «հեղափոխական» բյուջեի, եկամուտների «գերակատարման» եւ խոստումների «ճշգրիտ» իրագործման եւ այս ամենի՝ իրականության հետ դրանց կապ չունենալու մասին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ