Նիկոլ Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իրեն՝ չաշխատել եւ օրն անցկացնել ֆեյսբուքյան գրառումներով, այցելություններով, լայվերով, սելֆիներով։ Բնական է, որ այդ ամենից հետո աշխատելու ժամանակ չի մնում, իսկ ցանկություն երբեւէ չի էլ եղել։ Քանի որ այդ մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, ավելորդ անգամ չմանրամասնենք։ Սակայն Նիկոլ Փաշինյանի գրառումների բովանդակությանը պարզապես անհնար է չանդրադառնալ՝ այնքան աղավաղված, կեղծիքներով եւ ընտրովի ցուցանիշներով, ուրիշի ստեղծածը յուրացնելու մոտեցումներ լի են դրանք։
Ահա թե ինչ է գրել վարչապետի պաշտոնը զբաղեցնող, բայց փաստացի բլոգերությամբ զբաղված անձն իր էջում․ «2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով»:
Անտեղյակ մարդը սա կկարդա ու կենթադրի, թե Հայաստանում իսկապես ամեն ինչ հրաշալի է դարձել եւ գործազրկությունը նվազել է։ Թերեւս, այս գրառումը հենց անտեղյակների եւ «փառք մեր հերոս վարչապետին» գրառումներ անող ամբոխի համար էլ արված է։ Եթե երկրորդներին ինչ-որ բան բացատրելը գործնականում անիմաստ է, ապա անտեղյակներին հայտնենք, որ իրավիճակն բոլորովին այնպես չէ, ինչպես գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա պարզապես վերցրել է մեկ ցուցանիշ՝ պաշտոնապես գրանցված գործազուրկների վերաբերյալ եւ այն ներկայացրել որպես ցնցող հաջողություն։
Ինչի՞ մասին է խոսքը։ Գործազուրկի կարգավիճակ ստանում են նրանք, ովքեր դիմել են աշխատանքի համար Զբաղվածության պետական գործակալություն եւ համապատասխանելով գործազուրկ համարվելու չափանիշներին, ճանաչվել որպես գործազուրկ։ Նման կարգավիճակ ստանում են ոչ բոլորը, որ աշխատանք են փնտրում այս գործակալության միջոցով։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի գրառումը վերաբերվում է միայն գործազուրկի կարգավիճակ ստացած մարդկանց ցուցանիշի փոփոխությանը, որը Հայաստանում գործազուրկների ընդհանուր թվի միայն որոշ մասն է՝ մոտ 25 տոկոսը։ Հետեւաբար,տպավորություն ստեղծել, թե դա վերաբերվում է գործազրկության ընդհանուր ցուցանիշին, սովորական խաբեություն է։
Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակի ավելացման մասին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակման մեջ։ Համառոտ հիշեցնենք, թե ի՞նչ պատկեր է իրականում։ Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկությունը Հայաստանում ոչ թե նվազել է, այլ աճել ՝ 6,7 տոկոսով, կազմելով 253,6 հազար մարդ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 237,6 հազարի դիմաց, գործազրկության մակարդակը աճել է 0,9 տոկոսով եւ կազմել 21,9 տոկոս՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի դիմաց, զբաղվածության մակարդակն էլ իջել է 0,2 տոկոսով՝ կազմելով 43,8 տոկոս՝ 44 տոկոսի դիմաց։ Այս թվերի հետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ անել չի կարող՝ չափից ավելի բացահայտ կլինի կեղծիքը եթե ներկայացվի, որ երեք ամսվա ընթացքում Հայաստանում դրախտ է հաստատվել եւ գործազրկության ցուցանիշը ոչ թե աճել է, այլ՝ նվազել։ Ուստի նրան մնում է ներկայացնել միայն պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը՝ որը անցյալ տարվա առաջին կիսամյակում եղել է մոտ 69 հազար, հիմա դարձել է մոտ 64,5 հազար։ Այս թիվն էլ կարելի է հեշտությամբ ստանալ հետեւյալ կերպ՝ գործազուրկի կարգավիճակ ունեցող ավելի շատ մարդկանց կարգավիճակ է դադարեցվում կամ կասեցվում «տարբեր պատճառներով» եւ ստացվում է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է։
Որպեսզի չստացվի այնպես, որ միայն եռամսյակային ցուցանիշներով ենք բացահայտում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականության հերթական խեղաթյուրումը, ներկայացնենք նաեւ նույն՝ Զբաղվածության պետական գործակալության վերջին տվյալը աշխատանք փնտրողների ցուցանիշի մասին։ Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ գործակալության միջոցով աշխատանք է փնտրել 82,8 հազար մարդ, որը, ուշադրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 1,1 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանն այս ցուցանիշն իհարկե չի հիշատակի, քանի որ այն հաստատում է այն խայտառակ իրավիճակը, որ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ու գործազրկությունը շարունակում է աճել՝ անգամ իր կառավարման ժամանակաշրջանի համեմատ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը