10 07 2019

Ոչ թե աշխատատեղերի, այլ գործազուրկների թվի աճ` «նոր Հայաստանում»

Ոչ թե աշխատատեղերի, այլ գործազուրկների թվի աճ` «նոր Հայաստանում»

Վաղուց Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի հայտարարել «նոր Հայաստանում» հազարավոր կամ տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ Հայտարարելու տեսական հնարավորություն անգամ չկա, քանի որ նախկինում հայտարարված իբր 51 հազար աշխատատեղերի ստեղծման առասպելի տակից վիճակագրական կոմիտեն մինչ օրս չի կարողանում դուրս գալ։ Այն, որ վերոնշյալ 51 հազարը ամենեւին էլ նոր աշխատատեղեր չեն, անգամ իշխանական շրջանակներն են փաստում։ Խոսքը թերեւս ստվերից ինչ-որ չափաքանակով դուրս բերված աշխատատեղերի մասին է, սակայն 51 հազար թիվը ոչ մի կերպ այդպես էլ չփաստարկվեց՝ մինչ օրս չի նշվել, թե կոնկրետ ո՞ր ոլորտներից, որքա՞ն աշխատատեղ է դուրս բերվել ստվերից։ Հետեւաբար, 51 հազարը ոչ այլ ինչ էր, քան օդից բերված ցուցանիշ՝ նախատեսված այն զանգվածի համար, որոնք առանձնապես չեն հասկանում թվային ցուցանիշներից եւ «ժողովրդի վարչապետի» խոսքին հավատում են անվերապահորեն։ Մինչդեռ, թե ստեղծված աշխատատեղերի թվի, թե գործազրկության մակարդակի վերաբերյալ իրական պատկերը միանգամայն այլ է, ինչն անգամ վիճակագրական կոմիտեն է հարկադրված արձանագրել։

Աշխատուժի վերաբերյալ վիճկոմի հետազոտության համաձայն, 2019 թ․-ի հունվար-մարտին Հայաստանում աշխատանքային զբաղվածություն է ունեցել մոտ 905 հազար մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, զբաղվածների թիվը 894 հազար էր։ Այսինքն, աշխատանքի մեջ զբաղվածների բացարձակ թիվն ավելացել է 11 հազարով։ Սակայն,վերոնշյալ ցուցանիշը չի կարող հպարտության առիթ տալ «թավշյա» կառավարությանը, քանի որ աշխատաշուկա մուտք գործածների թիվն էլ ավելացել է շուրջ 22 հազարով։ Այսինքն, աշխատաշուկայում աշխատելու ունակություն ունեցողների թիվն ավելի շատ է աճել, քան իրականում աշխատանք ունեցողների թիվը։ Համապատասխանաբար, ընդհանուր բնակչության (աշխատանքային ռեսուրսների) մեջ զբաղվածների ցուցանիշը նվազել է՝ կազմելով 43,8 տոկոս անցած տարվա 44 տոկոսի համեմատ։ Դա էլ նշանակում է, որ բարձրացել է գործազուրկների թիվը։

Եթե անցյալ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ էր 237 հազար մարդ, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ 253 հազար մարդ։ Այսինքն, համաձայն հետազոտության տվյալների, Հայաստանում գործազուրկներն ավելացել են 6,7 տոկոսով կամ 16 հազարով։ Համապատասխանաբար, բարձրացել է գործազրկության մակարդակը ընդհանուր աշխատուժի թվաքանակի մեջ՝ անցյալ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի փոխարեն այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 21,9 տոկոս։ Դրա հետեւանքով էլ 2019 թ․-ի ապրիլ եւ մայիս ամիսներին ավելացել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանք փնրտողների թիվը՝ 0,5-ական տոկոսով։

Սրանք այն ցուցանիշներն են, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի «տնտեսական հեղափոխության», «թռիչքաձեւ զարգացման», «51 հազար աշխատատեղերի ստեղծման» եւ նմանատիպ այլ հայտարարությունների բացահայտ սուտ լինելը։ Մնում է միայն հորդորել ուշքի գալ դեռեւս դրանցով կերակրվողներին, իսկ վիճակագրական կոմիտեին՝ զերծ մնալ այստեղ եւս արհեստականորեն «իրավիճակ փոխելուց»՝ ինչպես դա արվել է տնտեսական այլ ցուցանիշների դեպքում։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ