Հայաստանում իշխանափոխությունից հետո «հեղափոխական» մասսայի էյֆորիկ տրամադրությունը բարձր պահելու համար նոր իշխանությունները մեկը մյուսի հետևից չարաշահումների «բացահայտումներ» էին անում՝ փորձելով ապացուցել, որ մինչ իրենց հայտնվելը, թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածը ոտքից գլուխ թաղված է եղել կոռուպցիայի մեջ։
Ցուցադրական խուզարկություններ ու կոռուպցիայի հայտարարություններ արվեցին մի շարք գրասենյակների վերաբերյալ, չմոռացան անդրադառնլ նաև դրսի կապիտալով գործողներին՝ հետագա բանակցություններում դա որպես հաղթաթուղթ ներկայացնելու համար։ Դրանցից մեկն էլ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն է, որտեղ ՊԵԿ դիմակավորված անձինք գնացին՝ կեսգիշերին: Սա առիթ էր նոր իշխանության առաջնորդի համար իր փափագած պաշտոնը ստանձնելուց հետո ՌԴ ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ երկաթուղու հարցը բարձրացնելու։
2018-ի սեպտեմբերին ՌԴ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել էր, որ Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահումներ: Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր նաև «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։ Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին պայմանագրում շեշտված է, որ եթե ՀԿԵ-ն պատշաճ չի կատարել իր պարտավորությունները, ապա ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ կառավարությանը վճարել «դրամական միջոցների հանրագումար` չգերազանցելով 57.000.000 (հիսունյոթ միլիոն) ԱՄՆ դոլար»:
Այլ կերպ ասած՝ խախտումներն ապացուցելու դեպքում մենք կարող ենք 57 մլն դոլար ստանալ «Ռուսական երկաթուղիներ»-ից։
2018-ի աշնանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին ֆիննախի ԿՌՈՒ-ն 57 միլիոն դոլարի ակտ գրեց։ Ընկերությունը դիմեց դատարան։
Դատարանը ՀԿԵ-ի բողոքը հետ է վերադարձրել, սակայն ուշագրավ է, որ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության՝ ԿՌՈՒ-ի այդ հայտնի ստուգման ակտը վարչական ակտ չի հանդիսանում և, հետևաբար, ենթակա չէ նաև դատարանում քննության։
Ակտի մասին մանրամասն տեղեկություններ ստանալ մեզ չհաջողվեց, քանի որ գործը գտնվում է քննչական մարմիններում։
Անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է տուգանքի ակտը տուգանքի ակտ չլինել, այն էլ 57 մլն դոլարանոց ակտը։ Երկաթուղին, գուցե, որոշել է նվե՞ր անել իշխանությանը։
Փաստորեն ընդունելով այս նախադեպը՝ ֆիննախի կողմից տուգանված մի քանի տասնյակ կազմակերպություններ կարող են հետ պահանջել արդեն մուծված գումարները՝ միևնույն ժամանակ սրբագրելով իրենց բարի համբավը, քանի որ ԿՌՈՒ-ի ակտերը երբեմն ակտեր չեն։
Կասեք՝ զավեշտ է, մենք կասենք ոչ, սա կոչվում է «նոր Հայաստան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը