Հայաստանի այսօրվա իշխանության բազմաթիվ թերությունների կողքին անգերազանցելի է կադրային ընտրությունը։ Անհասկանալի է այն սկզբունքը, որով նշանակվում են կադրերը։ Թվում է, թե գործում է երեք սկզբունք՝ «քայլած» լինելու, «սորոսական» կամ «լևոնական» լինելու և երրորդը՝ պատահականության։
Նիկոլ Փաշինյանը երբեմն պահել է հին փորձառու կադրերին, սակայն մինչև այն պահը, երբ իրեն թվացել է, թե արդեն հարմար թեկնածու ունի այդ պաշտոնի համար։
Մեկ անգամ, զարմանալիորեն, վարչապետը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ նրանց, ովքեր ունեն կրթություն և պետական կառավարման ցանկություն, ուզում են երկրին օգուտ տալ, ռեզյումենրներն ուղարկեն կառավարություն։ Այդ ժամանակ, արդեն, հիշյալ երեք սկզբունքով կատարվել էին հիմնական նշանակումները։ Հազարավոր ռեզյումեներից ընտրեցին կես տասնյակ քաղաքացու, որոնցից մեկին նշանակեցին արդարադատության փոխնախարար։ Մյուսների ճակատագրից տեղյակ չենք, բայց փոխնախարարը գոյատևեց երկու-երեք ամիս։
Եվ հիմա վարչապետը պատահականության սկզբունքով շարունակում է կադրային քաղաքականությունը։ Օրինակ՝ հանգստանալու ճանապարհին Կալավան այցելած վարչապետը խոսում է համայնքի բնակիչներից մեկի հետ, հետաքրքիր զրուցակից է թվում, խելացի մարդ, ու նշանակում է իրեն խորհրդական։ Ենթադրվում է որ գյուղատնտեսության հարցերով պետք է խորհուրդ տա և համայնքի փորձը տարածի երկրով մեկ։
Հիմա քաղաքացին ինչպե՞ս վստահի վարչապետի կադրային ընտրությանը։
Կասկածի տակ չդնելով Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի գիտելիքներն ու հմտությունները, այնուամենայնիվ ցանկանում ենք նշել, որ կարելի է որպես օրինակ ցույց տալ, օժանդակել, երբեմն մոտը փորձի փոխանակման ուղարկել, բայց խորհրդական նշանակել մարդու, որի մասին ոչ տեսել ես, ոչ լսել, դա արդեն անգամ այս իշխանական թիմի մտածելակերպից է դուրս։
Գուցե փորձում է այդպես անել, քանի դեռ նորմալ կադրեր չի գտել, գուցե առաջին իսկ հանդիպումից հասկացել է, որ նա շատ ավելի խելացի է, քան իր թիմից շատերը։ Բայց, ախր, պետական կառավարման համար շատ կարևոր նախապայմաններ են պետք։
Պատահական չէ, որ արդեն հումորով համացանցում որոշ մարդիկ առաջարկում էին վարչապետին իրենց գյուղ այցելել․․․ Նախարարացու ունեն։
Արմինե Արմենակյան
Ֆոտոկոլաժը՝ Հետք-ի, Ֆոտոլուր-ի և կառավարության լուսանկարների հիման վրա
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը