Կաթոլիկ եկեղեցու XVIII դարի բարեփոխումների ավարտին արձանագրվեց գլխավոր արդյունքը. Հռոմի պապը պարտավոր է մորուք ունենալ։ Մեր դատական համակարգի թավշյա բարեփոխումները, եթե այնուամենայնիվ իրագործվեն, ապա կարձանագրվի. դատարանները պարտավոր են վճիռներն ու որոշումները նախօրոք համաձայնեցնել վարչապետի հետ։ Հենց այս հեռանկարն է սարսափեցրել ՄԻԵԴ-ին ու Վենետիկ հ/ժ-ին և միջազգային եվրոպական հենց այս կառույցների ռեակցիան է օրերս փոխանցել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Սվիտալսկին` նրբորեն շեշտելով. «ՀՀ-ն շատ լուջ անելիքներ ունի` եվրոպական չափանիշները բավարարելու և աջակցություն ստանալու համար»։
ԵՄ-ն կրկնապատկել է ԵԱՏՄ անդամ Հայաստանին տրամադրվող տարեկան ֆինանսական աջակցությունը, իսկ Սվիտալսկին ընդգծեց, որ 70 միլիոն եվրոն մեր երկրի աշխարհաքաղաքական օրակարգում եվրոպական նոր տարրեր ներմուծելու` նախորդ իշխանությունների հետ կնքված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ներառված կոնկրետ ծրագրեր իրագործելու համար է։ Այսինքն. դատաիրավական համակարգի բարեփոխումները ծրագրվել են դեռ նախորդ իշխանությունների օրոք ու բնավ էլ թավշապետի մտքի փայլատակումը չեն։ ՀՀ-ում ԵՄ դեսպանը հենց այս նկատառումով զգուշացրեց. «Ֆինանսավորումն ավելացվել է, բայց այն չի շարունակվի, եթե իշխանությունները չիրագործեն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»։
Դեսպան Սվիտալսկին մեկ անգամ ևս հիշեցրելց ՄԻԵԴ ու Վենետիկի հ/ժ-ի դիրքորոշումները՝ շեշտելով, որ խոսքը ո՛չ անցումային արդարադատության, ո՛չ վեթինգի, ո՛չ էլ թավշապետին հլու ծառայող դատական համակարգ ստեղծելու, այլ «անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու» մասին է, և ԵՄ-ն տրամադրելու է «քաղաքական, խորհրդատվական ու շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն», որպեսզի «Հայաստանի /նոր/ իշխանությունը չկրկնի այլ երկրների սխալները և օգտվի արդեն կուտակված փորձից»։
Ըստ էության` ԵՄ դեսպանը չի էլ թաքցրել թավշապետության նկատմամբ իր անվստահությունն ու թերահավատությունը, այլապես չէր շեշտի անվիճարկելին ու ակնհայտը. «շատ կարևոր է, որ դատաիրավական բարեփոխումները կայանան ՀՀ սահմանադրությանը և միջազգային, ԵՄ-ի չափանիշերին համահունչ։ Անկախ արդարադատություն ասելով, մենք նկատի ունենք` իշխանության մյուս ճյուղերի ազդեցություններից պաշտպանված, իշխանության տարանջատման սկզբունքով գործող համակարգ»։ Այսինքն Սվիտալսկին բաց տեքստով ակնարկել է, որ շատ լավ տեղյակ է օրենսդիր ու գործադիր իշխանությունները յուրացնելու, դատավորների վրա ճնշումնոր գործադրելու, դատարնները իրեն ենթարկելու թավշապետի գործած սահմանադրական հանցանքների մասին։
ԵՄ դեսպանին միայն քաղաքական կոռեկտությունը թույլ չի տվել` նշելու թավշապետի հանցանքների բուն պատճառը` նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ամեն գնով քաղաքական հաշվեհարդար իրագործելու նկրտումը։ Մինչդեռ նրա ընդգծումներն ու շեշտադրումները միանշանակ հավաստում են, որ և՛ ՄԻԵԴ-ը, և՛ Վենետիկի հ/ժ-ը, և՛ եվրոպական իրավաբանները միանշանակ համոզվել են, որ նախագահի Քոչարյանի դեմ արդեն գրեթե 1 տարի առաջ մոգոնվել է ոչ մի իրավական հիմք չունեցող, տրամաբանական որևէ հիմնավորումից զուրկ ջուր գործ և իրականացվում է քաղաքական հաշվեհարդար։
Նման ընդգծումից խելամտորեն խուսափեց նաև ՍԴ նախագահը, բայց անդրադառնալով «դատական իշխանության նկատմամբ ճնշում» ձևակերպմանը` նա որոշակիացրեց. «դա քրեորեն պատժելի արարք է: Որքան վտանգավոր է այդ ճնշումը, նույնքան վտանգավոր է հանրային ընկալումը, որ նման ճնշում կա: Կհորդորեմ բոլորին. ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից` ինչը քրեորեն պատժելի է, այլ նաև քայլերից, որոնք հանրային ընկալման մեջ կարող են նման տպավորություն ստեղծել»։
Թերևս բացահայտ է, որ դատական իշխանության նկատմամբ ճնշման մասին առավել հաճախակի ու շահադիտորեն խոսում է հենց այն միակ անձը, ով կարող է ու կիրառում է այդ ճնշումները` իր հանցավոր նկրտումն իրագործելու համար։ Հիմա արդեն պարզ է, և՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանի խոսքից, և՛ ՄԻԵԴ արձագանքից, և՛ Վենետիկի հ/ժ-ի արձանագրությունից, որ թավշապետն այս կեղծ օրակարգը պարտադրում է` իր իսկ «էլ ո՞վ կա, որ տեր դառնա... չի՛ կարող ուրիշ կերպ լինել» պնդումն իրագործելու և դատական համակարգը սեփականաշնորհելու համար։ Եթե անգամ թավշապետը կամավոր սափրվի ու քաչալանա, միևնույնն է` էությամբ մնալու է նույն հանցագործը և չի խուսափի իր գործած սահմանադրական, նաև քրեկան ու բարոյական հանցանքների համար պատասխանատվությունից։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը