Կատաղի վշտի ժանիքը երբեք ավելի սոսկալի չի ցավում, քան` երբ կծում է, բայց վերքից արյուն չի հոսում. այսպես է իրեն աքսորելու վճռին (ըստ Շեքսպիրի) արձագանքել ապագա Հենրի IV թագավորը։ Հիմա նույնպիսի կատաղի վշտի մեջ է իր բռնատիրության հիմնական քաղաքական ընդդիմադիրին` Արցախի I և Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանին ապօրինաբար բանտարկել փորձող Փաշինյանը։ Նա իր կոզբադիններին հրամայում է` ջուր գործով փակել նախագահ Քոչարյանին, իսկ նախկին նախագահը բազմանդամ իր ընտանիքի հետ Երևանի կենտրոնի բացօթյա սրճարանում ընթրում է, անցորդները նրան ողջունում են, ազատորեն մոտենում, զրուցում, միասին նկարվում։
Նախագահ Քոչարյանի մարդկային հեղինակության, քաղաքական վարկանիշի, հասարակական վստահության ու աջակիցների շարքերի շեշտակի ու շարունակական աճը Փաշինյանի համար ո՛չ միայն կատաղի վիշտ, տանջող ատամնացավ, անբուժելի գլխացավ, այլ նաև` անհաղթահարելի վախ, տագնապալի հոգեվարք է։ Թավշյա ռեժիմի վարչապետը բոլոր օրենքները ոտնահարում է, նույնիսկ երկրի սահմանադրությունն է հակասահմանադրական հայտարարում, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու ջղաձիգ հրահանգներով, ազգին բոմժացնելու սպառնալիքներով փորձում է սարսափ առաջացնել, բայց ծիծաղելի է դառնում։ Սա իրականությունը թերընկալելու և իրողություններն ադեկվատ պատկերացնելու անընդունակության հետևանք է։
Կառավարության ղեկավարին անհրաժեշտ պատասխանատվությանը չհամապատասխանելու հեևանքներից մեկն էլ չորեքշաբթի` հունիսի 19-ին դարձյալ իր գլխավոր դատախազին դատարանում հերթապահելու ուղարկելն էր։ Ստացած առաջադրանքին համապատասխան` գլխավոր փաշինյանական մեղադրողը արագ անցավ դժվարությամբ պեղված թավշյա ռեժիմին դեռ հնազանդ վերջին դատավորի պաշտպանությանը` նրան ինքնաբացարկի հերթական միջնորդությունից «փրկելու» և օրինազանցության կատարածուն դառնալու հանկարծահաս վտանգից գլուխն ազատելու հնարավորությունից զրկելու համար։
Ապա դատախազները հնչեցրեցին տագնապալի հոգեվարքից ու կատաղի վշտից ծնված նոր թեզը. նախագահ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունները իրավունքի չարաշահումներ են և արհեստականորեն ձգձգում են գործի քննությունը։ Հետո էլ իրենց պեղած դատավորից ուղղակի պահանջեցին, որ նա բեկանի դատավոր Դավիթ Գրիգորյանի օրենքի տառով ու ոգով հիմնավորած մայիսի 18-ին և 20-ին կայացրած որոշումները` ապակասեցնի քրգործի վարույթը, այն չուղարկի ՍԴ` որ մեղադրանքի հակասահմանադրականությունը հանկարծ չբացահայտվի, և նախագահ Քոչարյանին դարձյալ կալանելու որոշում կայացնի։
Ակնհայտ է, որ Փաշինյանը հոգեբանական անհավասարակշռության վիճակում է հայտնվել, երբ նախագահ Քոչարյանին է այցելում ՌԴ դեսպանը ու տևական զրույց է ունենում նրա հետ, երբ «Սիստեմա» ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկում է` որպես անկախ տնօրեն նրան ներառել տնօրենների խորհրդի կազմում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք առաջիկա այցի մասին խոսելիս բոլորը շեշտում են միայն երկու վաղեմի բարեկամների անխուսափելի հանդիպման ու քննարկելիք թեմաների կարևոր նշանակությունը մեր երկրի համար, երբ ամեն հաջորդ օրվա հետ նրան աջակցող ցուցարարների շարքերը բազմապատկվում են` լուսանցք մղելով թավշյա ու սորասական ակտիվիստներին։ Փաշինյանը տագնապալի հոգեվարք է ապրում, քանի որ անշրջելիորեն ու ահագնացող թափով զիջում է դիրքերն ամենուր, հետին պլան է մղվում։
Դժվար է կատաղի վշտին դիմանալը, բայց այլ ելք Փաշինյանն իր համար չի թողնում։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը