Նիկոլ Փաշինյանի խոստացած «թռիչքային աճը», շինարարության կամ զբոսաշրջության «բում»-երը, «ներդրումների հոսք»-ը նրա վարչապետ դառնալուց մեկ տարի անց այդպես էլ տեղի չեն ունենում։ Ավելին, ապիկար կառավարման հետևանքով տնտեսական բոլոր ցուցանիշներն ավելի ու ավելի են վատթարանում, զուգահեռաբար վատթարացնելով մարդկանց սոցիալական վիճակը։ Որքան էլ վիճակագրական կոմիտեն քափ ու քրտինքի մեջ ընկած ջանում է ցանկալին որպես իրականություն ներկայացնել, իրական կյանքը արմատապես տարբերվում է նրա ներկայացրած բազմաթիվ ցուցանիշներից։
2018 թ․-ի համար խոստացված, բայց չստացված զբոսաշրջային բումին անդրադարձել ենք՝ նշելով նախորդ տարվա համեմատ աճի տեմպի անկումը և որ այդ անկումն ավելի կտրուկ կլիներ, եթե չլինեին տարվա առաջին եռամսյակում՝ Կարեն Կարապետյան կառավարության օրոք զբոսաշրջության սրընթաց աճը և վերջին եռամսյակում նախանշված երկու խոշոր միջոցառումները՝ Երևանի հիմնադրման 2800 ամյակը և Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը (որոնց հետ ներկայիս կառավարությունը ոչ մի կապ չուներ)։
Ի՞նչ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի խոստացած զբոսաշրջային «բում»-ի հետ այս տարվա առաջին երեք՝ հունվար-մարտ ամիսներին։ Տեղի է ունեցել աճի տեմպի կտրուկ անկում՝ թե տոկոսային, թե ժամանած զբոսաշրջիկների թվի առումներով և թե 2018 թ-ի առաջին եռամսյակի, թե 2017 թ․-ի առաջին եռամսյակի համեմատ։ Ներկայացնենք պաշտոնական ցուցանիշները․
1․ 2017 թ․ հունվար-մարտին Հայաստան են այցելել 298 հազար զբոսաշրջիկ՝ աճը 18,2 տոկոս կամ մոտ 46 հազարով ավելի զբոսաշրջիկ 2016 թ․-ի հունվար-մարտի համեմատ։
2․ 2018 թ․ հունվար-մարտին Հայաստան են այցելել 346 հազար զբոսաշրջիկ՝ աճը 16,1 տոկոս կամ մոտ 48 հազարով ավելի զբոսաշրջիկ 2017 թ․-ի հունվար-մարտի համեմատ։
3․ 2019 թ․ հունվար-մարտին Հայաստան են այցելել 364 հազար զբոսաշրջիկ՝ աճը 5,2 տոկոս կամ մոտ 18 հազարով ավելի զբոսաշրջիկ 2018 թ․-ի հունվար-մարտի համեմատ։
Թվաբանությունից տարրական գիտելիքներ ունեցողների համար դժվար չէ տեսնել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների աճի տեմպը 2019 թ․-ի առաջին երեք ամիսներին նախորդ երկու տարիներին նույն ժամանակահատվածի համեմատ ընկել է մոտ 2,5 անգամ։ Եթե նախորդ երկու տարիների առաջին եռամսյակներին Հայաստան այցելողների թվին ավելանում էր 46-48 հազարով, այս տարվա առաջին եռամսյակում այդ թիվն ավելացել է ընդամենը 18 հազարով։
Հիշեցնենք, թե ի՞նչ էր հայտարարում Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի այս ժամանակվա իր կառավարության ծրագրում, որտեղ զբոսաշրջությունը երեք գերակայություններից էր։ Նա հայտարարում էր, որ «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» շնորհիվ Հայաստանը չէր իջնում միջազգային լրատվամիջոցների գլխավոր լուրերից և դրա շնորհիվ շատերի մոտ ցանկություն կլինի գալ Հայաստան և տեսնել, թե «դա ի՞նչ երկիր է, որ նման հեղափոխություն է արել» ․․․
Անցել է մեկ տարի, իսկ շատերի մոտ ոչ միայն նման ցանկություն չի առաջացել, այլև անհետացել է որպես զբոսաշրջիկ Հայաստան գալու ցանկությունը։ Մոտ 5 տոկոսանոց աճն էլ դարձյալ արդյունք է նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարությունների կողմից ընդունված և կյանքի կոչված մի կարևոր որոշման՝ Ռուսաստանի Դաշնությունից առանց արտասահմանյան անձնագրի Հայաստան այցելելու հնարավորության մասին։ Ի դեպ, այդ որոշումը սրերով ընդունեց այն ժամանակվա ընդդիմությունը, որի մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ տխմար արտահայտություններ անելով Հայաստանի «գաղութ» լինելու մասին։ Եվ ահա հիմա, անգամ նվազած 5,2 տոկոս աճի տեմպը հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներիկ հոսքի շնորհիվ է գրանցվում։
Այսպիսով, հերթական անգամ ականատեսն ենք Նիկոլ Փաշինյանի դատարկ խոստումներից մեկին՝ «զբոսաշրջային բում» անվանմամբ, բայց մեկ տարի անց էլ կան մարդիկ, որ հավատում են երկրի թիվ 1 հեքիաթասացին և դեռ «լավ բանի» են սպասում ․․․
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը