25 03 2019

0․5 տոկոսի աճ․ Զբոսաշրջության պայթած «բում»-ը

0․5 տոկոսի աճ․ Զբոսաշրջության պայթած «բում»-ը

Շատերը կհիշեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ամբողջ աշխարհում Հայաստանը հայտնի է դարձել որպես «թավշյա» հեղափոխության երկիր, եւ դրա շնորհիվ շատերի մոտ ցանկություն կլինի գալ Հայաստան եւ տեսնել, թե «դա ի՞նչ երկիր է, որ նման հեղափոխություն է արել»։ Այն, որ հեղափոխությունն ու զբոսաշրջությունը տրամագրծորեն հակառակ բեւեռներում են, բոլորին է հայտնի, բացի, թերեւս վերոնշյալ հայտարարության հեղինակից եւ նրան հավատացող «հպարտ» քաղաքացիներից։ Կյանքը ցույց տվեց, որ զբոսաշրջային «բում» հետհեղափոխական ամիսներին ոչ միայն տեղի չունեցավ, այլ դեռ մի բան էլ Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների աճի տեմպն ընկավ։

Նախ, հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով։ Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում:

Այսպիսով, 2018 թ․-ին Հայաստան են այցելել շուրջ 1 մլն 651 հազար զբոսաշրջիկ, որը 10,5 տոկոսով կամ շուրջ 156 հազարով ավելի է, քան 2017 թ․-ին։ Պատկերացում կազմելու համար՝ դա շա՞տ է, թե՝ քիչ, անհրաժեշտ են համեմատություններ նախորդող ժամանակաշրջանների հետ։

2017 թ․-ի հետ համեմատությունն ամենեւին էլ 2018 թ․-ի օգտին չէ։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը 2017 թ․-ին կտրուկ է եղել՝ 18,7 տոկոսով կամ 235 հազարով ավելի 2016 թ․-ի համեմատ։ Այսինքն, համադրությունը ցույց է տալիս, որ թե՛ գումարային, թե՛ տոկոսային առումով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն անհամեմատ ավելի շատ է աճել 2017 թ․-ին, երբ ոչ ոք «բում»-ի մասին չէր խոսում, բայց լուրջ աշխատանք էր տարվում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։

Ի դեպ, զբոսաշրջության աճի բարձր տեմպը շարունակվում էր նաեւ 2018 թ․-ի առաջին երեք ամիսներին, երբ Հայաստան էր այցելել մոտ 346 հազար զբոսաշրջիկ, որը 16,1 տոկոսով ավելի էր 2017 թ․-ի առաջին եռամսյակի համեմատ։ Սակայն, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում, այնպես էլ զբոսաշրջությունում ապրիլ-մայիսից աճի տեմպը սկսեց նվազել։ 2-րդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ամիսներին անգամ 6 հազարով կամ 2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկ եկավ Հայաստան, քան հունվար-մարտին։ Տարվա վերջին եռամսյակում էլ զբոսաշրջիկների այցելությունների որոշակի աճ եղավ կապված երկու խոշոր միջոցառումների՝ Երեւանում անցկացվող Ֆրանակոֆոնիայի գագաթնաժողովի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հետ, որոնք «թավշյա» կառավարությունը հաճելի ժառանգություն էր ստացել նախորդ իշխանությունից։

Բավականին ուշագրավ են նաեւ Հայաստանից որպես զբոսաշրջիկ մեկնողների եւ ներքին զբոսաշրջության՝ այսինքն տեղում իրենց հանգիստն անցկացնողների ցուցանիշները, որոնք որոշակիորեն արտացոլում են նաեւ մեր երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր պատկերը։

Այսպես, 2018 թ․-ին Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել են 1 մլն 622 հազար մարդ։ Դա 9,5 տոկոսով կամ 141 հազարով ավելի է 2017 թ․-ից։ 2017 թ․-ին Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել էին 1 մլն 481 հազար մարդ, որը 17,3 տոկոսով կամ 219 հազարով ավելի էր 2016 թ-ի ցուցանիշից։ Այսինքն, Հայաստանից արտերկիր զբոսաշրջության մեկնողների թիվը նույնպես թե՛ գումարային, թե՛ տոկոսային առումով 2017 թ․-ին ավելի շատ է աճել, քան 2018 թ․-ին։

Ինչ մնում է տեղում հանգիստն անցկացնող Հայաստանի քաղաքացիների ցուցանիշին, ապա այստեղ աճը 2018 թ․-ին չնչին է՝ 0,5 տոկոս կամ մոտ 5 հազար 2017 թ․-ի համեմատ։ Մինչդեռ, 2017 թ․-ին ներքին զբոսաշրջության աճը կազմել էր 10,9 տոկոս, ինչը փաստում է, որ Հայաստանում իրենց հանգիստն էին անցկացրել 107 հազարով ավելի հայաստանցիներ, քան 2016 թ․-ին։

Այն, որ 2018 թ․-ին գրեթե չի ավելացել տեղում իրենց հանգիստն անցկացնող մեր քաղաքացիների թիվը, իսկ արտերկրում դա անողների թիվն էլ ավելի քիչ է աճել, քան նախորդող տարի, խոսում է Հայաստանում սոցիալական կացության վատթարացման մասին, երբ ավելանում են հանգստից հրաժարվողները՝ լինի դա տեղում, թե արտերկրում։ Սա «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության եւս մեկ բացասական հետեւանքն է։

Վերադառնալով զբոսաշրջության՝ պայթած «բում» հիշեցնող անմխիթար պատկերին, հարկ ենք համարում նշել, որ այս ոլորտում ցուցանիշների վատթարացումը իր ազդեցությունն է ունենալու նաեւ հետագա տարիներին։ Դա նշանակում է, որ նվազելու են ոլորտում գործունեություն իրականացնողների՝ հյուրանոցների, հանգստյան տների, հյուրանցոտիպ հանգրվանների, ռեստորանների, սրճարանների, հուշանվերներ պատրաստողների ու վաճառողների եւ մյուսների եկամուտները։ Մինչդեռ, ներկայիս կառավարության եւ վարչապետի կողմից ոչինչ չի արվում իրենց իսկ մեղքով ստեղծված այս կացությունը շտկելու եւ Հայաստանի գրավչությունը բարձրացնելուն ուղղված տարիների աշխատանքը վերջնականապես ջուրը չգցելու համար։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ