25 02 2019

Հունվարը՝ ըստ վիճծառայության կամ ինչպե՞ս 1 կգ խնձորից ստանալ 2 լիտր հյութ

Հունվարը՝ ըստ վիճծառայության կամ ինչպե՞ս 1 կգ խնձորից ստանալ 2 լիտր հյութ

Այն, որ ազգային վիճակագրական ծառայությունը ծանր օրեր է ապրում, որ նրա առջեւ գերնպատակ է դրված տնտեսական հետընթացը թաքցնել եւ ներկայացնել աճ, որ այդ պատճառով այս էլ երկրորդ անգամն է, որ ուշանում է նախնական սոցիալ տնտեսական ցուցանիշների հրապարակումը, անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակմամբ։ Դա առավել ակնառու դարձավ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2019 թվականի հունվար ամսվա նախնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների հրապարակումից։

Այսպիսով, փաշինյանական վիճակագրությունն այս տարվա հունվար ամսվա համար ցույց է տվել ․․․ 6,1 տոկոս տնտեսական աճ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Եթե հաշվի առնենք, որ անցյալ տարվա հունվարին 10,2 տոկոս աճ էր արձանագրվել, իսկ այս տարվա հունվարին շարունակվել է վերջին 8-9 ամիսների տնտեսական անկումը, ոչ մի տրամաբանությամբ չէր կարող նման աճ գրանցվեր։ Սակայն, պետք է փաստել, որ պաշտոնական վիճակագրությունն այսօր հայտնվել է մեր երկրի արդարադատության վիճակում։ Այսինքն, դարձել է զուտ պատվերներ կատարող եւ վարչապետի պահանջածն ու ցանկալին իրականության տեղ ներկայացնող կառույց։ Անդրադառնանք ցուցանիշներին եւ համադրենք դրանք իրականության հետ։

Նախ՝ սոցիալ-տնտեսական ցուցանիշներում ներառված չեն գյուղատնտեսության տվյալները։ Ըստ պարզաբանման, դրանք հրապարակվելու են միայն եռամսյակային պարբերականությամբ՝ «պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»: Սրա նպատակը պարզ է՝ եռամսյակային պարբերականությամբ գյուղատնտեսության տվյալները հրապարակելն հնարավորություն է տալիս ավելի հանգիստ պայմաններում «ստանալ» ցանկալի պատկերը։

Ինչ վերաբերվում է մյուս ճյուղերին, ապա արդյունաբերությունում արձանագրվել է 0,4 տոկոս անկում, իսկ մյուս երեք ճյուղերում ․․․ երկնիշ աճ։ Շինարարությունում, ըստ վիճծառայության արձանագրվել է 22,1 տոկոս, աճ, առեւտրում՝ 19,3 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում՝ 15,6 տոկոս աճ։

Արդյունաբերությունում նման չնչին անկումն էլ արժանահավատ չի թվում, ոչ միայն այն պատճառով, որ երկու խոշոր ձեռնարկություն է դադարել աշխատել անցած մեկ տարվա ընթացքում՝ Թեղուտն ու Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, այլեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների շեշտակի՝ 26,3 տոկոս անկման ֆոնին։ Էլեկտրաէներգիայի արտադրության նման անկման պարագայում չէր կարող արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալները գրեթե անփոփոխ մնալ։ Այն դեպքում, երբ այս տարվա հունվարին եղանակային պայմաններն գրեթե այնպիսին են եղել, ինչպես անցյալ տարվա հունվարին, եւ բնակչության կողմից սպառված էլեկտաէներգիայի ծավալների կտրուկ տարբերություններ չէին կարող լինել։ Արդյունաբերությունում ավելի մեծ անկումը փաստող եւս մեկ անուղղակի ցուցիչ՝ հունվարին անցյալ տարվա հունվարի համեմատ 15,8 տոկոսով նվազել է արտահանումը։ Այսինքն, արդյունաբերության 0,4 տոկոս անկումը՝ էլեկտրաէներգիայի ծավալների 26,3 տոկոս անկման եւ արտահանման 15,8 տոկոս անկման պարագայում, մեղմ ասած, արժանահավատ չէ։

Ինչ վերաբերվում է շինարարության, առեւտրի եւ ծառայությունների պատկերված փայլուն ցուցանիշներին, ապա բավական է խոսել այդ ոլորտներում ներգրավված գործարարների հետ եւ նրանք ամենայն մանրամասնորեն կներկայացնեն, թե ծավալների ի՞նչ անկում է տեղի ունենում իրականում։ Դրա անուղղակի ապացույցն է ավելի ու ավելի շատացող խանութների եւ փակվելը եւ «տրվում է վարձով» գրությունների ավելացումը։ Սակայն վերադառնանք թվերին։

Այսպիսի մի խնդիր վիճծառայության ղեկավարի եւ խորհրդի անդամների համար։ Եթե արդյունաբերությունում անկում է գրանցվել՝ թեկուզ իրենց ցուց տված 0,4 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է եւս 0,3 տոկոսով, ապա ինչի՞ հաշվին է առեւտրի ծավալն ավելանում 19,3 տոկոսով։ Եթե առեւտրի օբյեկտները վաճառում են կամ ներմուծվող կամ տեղում արտադրվող ապրանքներ եւ դրանց ծավալները շարունակաբար նվազում են, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ առեւտրի ծավալներն ավելանան։ Պատկերավոր ասենք, ինչպես հնարավոր 1 կգ խնձորից ստանակ 2 կգ խնձորի հյութ։ Պարզվում է, որ մեր վիճալագրական ծառայությունը կարող է դա ստանալ ու նա եւս ունի «կախարդական փայտիկ»։

Նույնը կարելի է ասել ծառայությունների մասին։ Եթե անցյալ տարի այս ոլորտն աճ էր արձանագրել բացառապես ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կատարված խաղադրույքների հաշվին, ապա հիմա ինչի՞ հաշվին է այդ աճը։ Կրկին շեշտենք, արդյունաբերությունում անկում է, գյուղատնտեսությունում անցյալ տարի խայտառակ ծավալների՝ մոտ 17 մլրդ դրամի անկում ունեցանք Նիկոլ Փաշինյանի անմիջական մեղքով, շինարարության ծավալները ամսեամիս նվազել են, արտերկրից եկող գումարների հոսքը նույնպես նվազել է, ապա ինչպե՞ս է հնարավոր 15,6 տոկոս աճ ունենալ այստեղ։

Շինարարության մասին։ Անցյալ տարի դադարեցվեց խոշոր ներդումային ծրագիր՝ Ամուլսարի հանքավայրի ծրագիրը, մայրաքաղաքում ավարտվեցին մի շարք խոշոր շինարարություններ՝ հյուրանոցներ, բիզնես կենտրոններ եւ այլն, իսկ նորերեը չեն սկսվել, տարվա երկրորդ կեսին աստիճանաբար նվազել են շինարարության ծավալները, ապա ինչպե՞ս եղավ, որ հունվարին հանկարծ 22,1 տոկոս աճ գրանցվեց։ Սա՞ էլ է կախարդական փայտիկի շնորհիվ։

Ի դեպ, դատելով տեղի ունեցող գործընթացներից, չենք բացառում, որ հաջորդ ամսվա ցուցանիշները ներկայացնելիս վիճծառայությունը հրահանգ կիջեցնի նկարել նաեւ այս՝ անուղղակի ցուցանիշները, որպեսզի այլեւս հնարավոր չլինի դրանց միջոցով բացահայտել Նիկոլ Փաշինյանի ստերը։ Սակայն այդ դեպքում նա կբախվի մեկ այլ խնդիրի հետ՝ օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակի ազդեցությունն իրենց վրա զգացող քաղաքացիներն ընդհանրապես լուրջ չեն ընդունի վիճծառայության հրապարակած եւ իրականությանը հակասող «տվյալները»։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ