22 02 2019

Կոմա․ Հայաստանյան տնտեսության վիճակագրական ախտորոշումը

Կոմա․ Հայաստանյան տնտեսության վիճակագրական ախտորոշումը

ՀՀ վիճակագրական կոմիտեն, ինչպես հայտնի է, նախօրեին վերջապես ներկայացրեց անցած տարվա չորրորդ եռամսյակի եւ տարեկան տնտեսական ամենակարեւոր ցուցանիշը՝ ՀՆԱ-ն: Երկրի տնտեսության վատթարացող վիճակի մասին շատ է խոսվել: Բայց միայն ՀՆԱ-ն է, որը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել, թե ինչ վիճակում ենք եւ ինչի պետք է սպասել:

Այսպես, անցած տարի՝ 2017թ. Համեմատ, հայաստանյան ՀՆԱ-ն աճել է 5.2 տոկոսով: Ցուցանիշը տխուր տեսք ունի՝ հաշվի առնելով, որ նախորդ կառավարությունը նախանցած տարին փակել էր 7.5 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ «հեղափոխությունը» խոստացված թռիչքային աճի փոխարեն բերել է միայն տնտեսական գլխավոր ցուցանիշի աճի դինամիկայի մոտ 1/3-ով կրճատման: Ընդ որում, դատելով կառավարության ծրագրից, որտեղ առաջիկա 5 տարիներին նախատեսված է նույն կարգի՝ մոտ 5 տոկոսանոց աճ, կարելի է ասել, որ այս վատթարացման պատկերը չի կարելի համարել «հեղափոխության» առաջացրած ժամանակավոր էֆեկտ, այլ այն դառնում է մշտական:

Սակայն նշված խնդիրն իրականում այսբերգի վերին մասն է: Այն առումով, որ 2018թ.-ի մի զգալի մասը՝ 4 ամիսը, նախորդ կառավարության գործունեության արդյունքն է, դրան հաջորդած մեկ-երկու ամիսը` նախկինների գործունեության իներցիա, եւ միայն տարվա երկորդ կեսը կարելի է համարել «հեղափոխականների սեփականությունը»: Սա նշանակում է, որ անցած կառավարությանը բաժին է ընկնում նախ՝ տարվա առաջին եռամսյակը, որի ընթացքում, 2017թ. առաջին եռամսյակի համեմատ (հետագա ցուցանիշները եւս նախորդող տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ են) նույն վիճակագրության համաձայն, արձանագրվել է ՀՆԱ-ի գրեթե երկնիշ՝ 9.9 տոկոս աճ: Ապա նաեւ երկրորդը` 7.4 տոկոս աճով: Ընդ որում, 9.9-ից մինչեւ 7.4-ի այդ նվազումը դժվար չէ հասկանալ՝ հիշելով, թե հայաստանյան կյանքն ինչ վիճակում էր անցած ապրիլ-մայիսին:

Եվ ահա նոր իշխանություններին «մաքուր կերպով» բաժին է ընկնում նախ՝ անցած տարվա երրորդ եռամսյակը։ Այստեղ ՀՆԱ-ի աճի տեմպերի անկումը մեղմ կլինի կատաստրոֆիկ համարելը՝ 2.5 տոկոս՝ առաջին եռամսյակից 4 եւ երկրորդից՝ 3 անգամ ցածր: Ապա չորրոդ եռամսյակը` 3.4 տոկոս աճով:

Նախ նկատենք, որ չորրորդ եռամսյակի 3.4 տոկոսը լուրջ տարակուսանքների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով հետեւյալը․

Քիչ բացառությամբ, իրական տնտեսության բոլոր հիմնական ոլորտները երրորդ եռամսյակին՝ չորրորդի համեմատ, ավելի լավ դինամիկա են ունեցել: Քիչ բացառություններից է արդյունաբերությունը, որտեղ երրորդ եռամսյակի 4.5 տոկոս աճի դիմաց երրորդին ունեցել ենք 4.9 տոկոս: Իսկ ահա գյուղատնտեսությունում այդ նույն ցուցանիշները համապատասխանաբար -12.3 եւ -13.2 տոկոս են, շինարարությունում՝ 2 եւ 0.7, առեւտրաշրջանառությունում՝ 10.8 եւ 5.5, ծառայությունների ոլորտում՝ 20 եւ 18.8, բեռնաշրջանառությունում՝ 24 եւ 1.2: Պարզապես տրամաբանությունից դուրս է, որ երրորդ եւ չորրորդ ամիսներին լինի բեռնաշրջանառության աճի նման ցցուն տարբերություն, առեւտրաշրջանառության աճը կիսով չափ նվազի, սակայն արդյունաբերության աճը նույն պահին մի փոքր մեծանա. ինչ է, արտադրված ապրանքները չե՞ն փոխադրվել, թե՝ չեն վաճառվել: Արդյունքում՝ ինչքանո՞վ է իրատեսական երրորդի համեմատ չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ավելի առաջանցիկ աճը, եթե տնտեսության գրեթե բոլոր հիմնական ճյուղերում միանգամայն այլ դինամիկա է արձանագրվել:

Սակայն 2.5 թե 3.4 տոկոս, տարբերությունն էական չէ, մեկ է՝ տարեկան կտրվածքով «հեղափոխականներին» բաժին է մնում ՀՆԱ-ի 5.2 տոկոս աճից հազիվ 1.2-1.3 տոկոսային կետը: Եվ եթե ընդգծենք նաեւ, որ այս բոլոր հաշվարկները ընթացիկ շուկայական գներով են, նաեւ, որ նույն վիճակագրության համաձայն՝ 2018-ին ունեցել ենք 2.5 տոկոս տարեկան գնաճ, ապա կմնա արձանագրել, որ այդ 1.2-1.3 տոկոսը հենց նույն գնաճի հաշվին է, առանց որի, կունենայինք «հեղափոխական» տնտեսության փաստացի անկում, այն է` տնտեսական կոմա:

Նաեւ նկատենք, որ տնտեսական հարթակում «հեղափոխությունը» ինչ-որ օբյեկտիվ առանձնահատուկ ցնցումներ չի առաջացրել: Հիմնական խնդիրներն ապրիլ-մայիսի անորոշություններն էին, որոնք ՀՆԱ-ի վրա, ինչպես նշեցինք, մի փոքր ազդելով, պետք է, որ կայունանային: Այսինքն, դրանից հետո շարունակվող անկումները ոչ թե այն պատճառով էին, որ «հեղափոխություն» եղավ, եւ ամեն ինչ պետք է գնար անկման, այլ շատ ավելի պարզ բացատրություն ունի. ինչպես որ կառավարել են, այդպիսի արդյունքներ էլ ունենք:

Քերոբ Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ