22 02 2019

90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․ ՄԱՍ 1

90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․ ՄԱՍ 1

Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 70 տարվա ընթացքում ստեղծվածը մի քանի տարում ոչնչացվեց, հարյուր հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի և գոյության միջոցների, իսկ ահա մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ լիուլի օգտվեցին այդ ամենից։ Խոսքը 90-ական թվականների մասին է։

Տնտեսության փլուզումը

Խորհրդային Միության կազմում գտնվող Հայաստանն արդյունաբերական հանրապետություն էր։ Տնտեսության մեջ գերակա դիրք էր զբաղեցնում արդյունաբերությունը։ Սակայն 90-ականներին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, Հայաստանի արդյունաբերությունը հայտնվեց ծանր վիճակում։ Նախկին միասնական երկրում եղած տնտեսական կապերը խզվեցին, անորոշություն առաջացավ հումքի ձեռք բերման և արտադրանքի սպառման առումով։ Մյուս կողմից էլ՝ այդ ժամանակաշրջանի Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերեց իր լիակատար անձեռնահասությունը և մեծապես նպաստեց ինչպես արդյունաբերության, այնպես էլ ընդհանրապես տնտեսության ծավալների կտրուկ նվազմանը։ Նոր ձևավորվող շուկայական հարաբերությունների պայմաններում պետությունը ընդհանրապես հրաժարվեց որևէ գործառույթ կատարելուց՝ ամեն ինչ թողնելով դեռևս չկայացած շուկայական խառնաշփոթին։ Արդյունքում, Համաշխարհային բանկի տվյալներով, 1992-1994 թվականներին Հայաստանում փակվեց շուրջ 600 հազար աշխատատեղ։ Այսինքն, մի ամբողջ երկիր փաստացի դադարեց աշխատել։

Համախառն ներքին արդյունքի ամենամեծ անկումը գանցվեց 1992թ․-ին՝ 42 տոկոս։ Այս տխուր ցուցանիշով Հայաստանի Հանրապետությունը բացարձակ առաջատար դարձավ նախկին ԽՍՀՄ երկրների մեջ, որոնք միավորվել էին ԱՊՀ-ում։ Մեր երկրի տնտեսական անկման տեմպը 6 անգամ գերազանցում ԱՊՀ երկրների տնտեսական անկման միջին ցուցանիշին։ Եվ, բնականաբար, ամենամեծ անկում արձանագրվեց արդյունաբերությունում։ Դարձյալ 1993 թ․-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմեց 1990 թ․-ի 43 տոկոսը։ Հատկապես կտրուկ էր 1992 թ․-ին արձանագրված անկումը։ Արդյունաբերության բոլոր ճյուղերն այդ տարիներին շեշտակի անկում ունեցան, բացառությամբ փայտամթերումներից։ Փայտը ճգնաժամային տարիներին դարձել էր ջեռուցման հիմնական միջոցը։ Ամբողջ Հայաստանում տեղի ունեցան զանգվածային անտառահատումներ, ձմեռային ամիսներին բնակարանները գոնե ինչ որ կերպ տաքացնելու համար։ Դրա հետևանքով, ամայացան հսկայական կանաչապատ տարածքներ։

Արդյունաբերական ձեռնարկությունների կուտակած պարտքերի պատճառով սնանկ հայտարավեցին, մաս մաս բռնագանձվեցին և վաճառվեցին, այդպիսով անպիտան լինելով վերագործարկման համար։ Մյուս կողմից էլ իրականացվեց լայնածավալ սեփականաշնորհում, որի արդյունքում չնչին գումարով առանձին անձանց ձեռքն անցան խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Առանձնակի անդրադարձի է արժանի իրականացված սեփականաշնորհման մեխանիզմը։

Սեփականաշնորհումը՝ որպես թալանի ուղիղ ճանապարհ

90-ականներին սեփականաշնորհումը նպատակ ուներ ստեղծել մասնավոր ընկերություններ, որոնք պետք է գործեին նոր շուկայական տնտեսության պայմաններում, գտնեին իրենց սպառողին և շուկան։ Սակայն իրականում դրա հետևանքով տեղի ունեցավ այն մեծ թալանը, ինչի մասին խոսվում է մինչ օրս, բայց շատ հաճախ շեշտադրումները տանելով այլ տեղ։

Այսպիսով, նախ նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ մինչև 1997 թվականը, մասնավորեցվեց 4917 օբյեկտ, իսկ պետական բյուջե մուտք գործեց ընդամենը 40,2 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 1997-2007 թվականներին կամ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության, ապա՝ նախագահության շրջանում սեփականաշնորհվեց 230-ով պակաս օբյեկտ, բայց պետությունը ստացավ 122 մլրդ դրամ և 108 մլն դոլար (կամ մոտ 52 մլրդ դրամ)։ Այսինքն, 2000-ականներին մոտ 4,5 անգամ ավելի շատ գումար է սեփականաշնորհումից մտել պետական բյուջե 90-ականներին սեփականաշնորհումից ստացված մուտքերի համեմատ։ Երբ խոսվում է թալանի մասին, պետք է դրա նշվի դրա ճշգրիտ հասցեն՝ 90-ականներին տեղի ունեցած աննախադեպ թալանը, երբ մի քանի սերունդների քրտինքով 70 տարիների ընթացքում ստեղծածը թալանվեց ու փոշիացվեց 2-3 տարում։

Ի դեպ, 2000-ականների մասնավորեցման ժամանակ ապագա սեփականատերերի առջև պայմանագրային պահանջ էր դրվում ձեռնարկությունը ձեռք բերելու դեպքում ապահովել ներդրումների որոշակի չափ և աշխատատեղերի քանակ։

Ի տարբերություն այս մոտեցման, 90-ականներին կատարված սեփականաշնորհումն ոչ շահավետ դարձրեց ձեռնարկությունների հետագա գործունեությունը, ինչպես նաև նպաստեց սեփականաշնորհված ձեռնարկությունների գույքի վաճառքին։ Այսինքն, մի կողմից պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները չնչին գներով վաճառվեցին և պետական բյուջեն դրանից չստացավ հսկայական գումարներ, մյուս կողմից՝ սեփականաշնորհումից հետո նոր սեփականատերերը սկսեցին այդ ձեռնարկությունների սարքավորումների զանգվածային վաճառքը որպես մետաղի ջարդոն՝ անհամեմատ էժան գներով, դրանով իսկ զրկելով նրանց արտադրական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Աննշան գներով ձեռք բերված ձեռնարկությունները շահագործելու խթան նրանց համար չկար, այդ պատճառով նրանք վաճառեցին արժեք հանդիսացող սարքավորումները՝ ստանալով մեծ եկամուտներ և փոշիացնելով տասնամյակների ընթացքում ստեղծած հզորությունները։ Ինչպե՞ս էր տեղի ունենում մասնավորեցումը, որը հանգեցրեց նման տխուր հետևանքների։ Անհրաժեշտ է նշել որ, 90-ականներին ՀՀՇ-ի իշխանության մեջ կային գործիչներ՝ օրինակ վարչապետ Հրանտ Բագրատյանը, որոնք հասկանում էին կատարվողի անթույլատրելիությունը, սակայն դժվարությամբ կարող էին դիմագրավել այլ՝ ավելի զոր իշխանավորների ավազակային մղումները։

Նախ՝ գործարանի գինը սահմանվում էր կառավարության որոշմամբ, այլ ոչ թե շուկայական արժեքով։ Դա պատճառաբանվում էր նրանով, թե այդ պահին հնարավոր չէր որոշել շուկայական արժեքը։ Ասենք, ձեռնարկություն, որի իրական շուկայական արժեքը մոտ 100 մլն դրամ էր, հանվում էր վաճառքի մի քանի անգամ ցածր գին սահմանելով, օրինակ՝ 20 մլն դրամով։ Կային ձեռնարկություններ, որոնց պարզապես խորհրդանշական գներով վաճառվեցին։ Միաժամանակ, 20 մլն դրամ արժեքով ձեռնարկությունը վաճառված էր համարվում, եթե գնորդը ձեռք բերել դրա արժեթղթերի 25 տոկոսը։ Դա կոչվում էր բաժնետոմսերի բաժանորդագրության եղանակով սեփականաշնորհում։ Այսինքն, տվյալ ձեռնարկությունը ձեռք բերելու համար բավարար էր վճարել ընդամենը 5 մլն դրամ։ Սակայն սա դեռ ամենը չէր։ Պարտադիր չէր, կոնկրետ կանխիկի գումարով դա վճարել։ Վաուչերային սեփականշնորհման շնորհիվ, որին կանդրադառնանք փոքր ինչ հետո, հնարավոր էր 5 մլն դրամի չափով 20 հազար դրամանոց անվանական վաուչերներ ձեռք բերել և վճարել գնման ժամանակ։ Սակայն, 20 հազար դրամանոց անվանական արժեք ունեցող վաուչերը շուկայում վաճառվում է 10 անգամ ավելի էժան՝ մոտ 2 հազար դրամ։ Այսինքն, սա էլ իր հերթին ևս 10 անգամ էժանացնում էր ձեռք բերվող գործարանի գինը։ Արդյունքում, ստացվում է 100 մլն շուկայական արժեք ունեցող ձեռնարկությանը ինչ-որ մեկը տիրանում էր վճարելով ընդամենը ․․․ 500 հազար դրամ։ Եվ այդ «ինչ-որ մեկերը» հիմնականում ՀՀՇ-ական իշխանության «կարկառուն» դեմքերն էին կամ նրանց մոտ կանգնած անձիք, որոնք դարձան նման բազմաթիվ օբյեկտների բաժնետերեր։

 

Շարունակելի

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ