07 02 2019

Պետական ցենզուրա

Պետական ցենզուրա

Ազատ մամուլի մասին վարչապետը յուրօրինակ պատկերացում ունի: Երբ մամուլը գրում է երկրի ղեկավարի ամբողջատիրության, թավշյա իշխանության աննկատ գոյության՝ գրեթե չգոյության, կառավարության ու խորհրդարանի տևական անգործության, դատական իշխանության «հեռախոսային» կառավարման, ամորֆ ու պարտվողական արտաքին քաղաքականության, խորացող սոցիակալան աղետի ու տնտեսության կոլապսի, խրախուսվող բարոյական ու մշակութային դեգրադացման, դպրոցի ու գիտության ծրագրային քայքայման, քաջալերվող ծայրահեղականության ու այլադավանության, բոլոր տեսակի փոքրամասնություններին նախանձախնդրորեն պաշտպանելու և ազգային արժեհամակարգը նպատակամղված ոչնչացնելու մասին, այն որակվում է հակահեղափոխական ու ծախու:

Երբ մամուլը գովաբանում է գործող վարչապետի ամեն քայլն ու ասած խոսքը, փնովում է այլակարծության յուրաքանչյուր դրսևորում ու իշխանականին չհամընկնող կարծիք, հարցազրույցներ է հրապարում մտքից ու իրազեկությունից հեռու քպական պատգամավորների ու նախարարների հետ, իր էջերն է տրամադրում նախկին իշխանությունների կերակրատաշտից կուշտ սնված ու ներկա իշխանության բարեհաճությունը շահելու համար կեղծ ցուցմունքներ տվողներին ու շողոքորթներին, մշակութային ձեռքբերում է դարձնում դավաճանությունն ու պետբյուջեի թալանը, այն որակվում է ազատ ու առաջադիմական:

Պատկերը հիշեցնում է ռուսական հայտնի հեքիաթի ցարիցային ու նրա խոսող հայելուն: Հավանաբար, գործող վարչապետն էլ է իր բոլոր ծառայություններից ու ենթականերից պահանջում՝ ողջ ճշմարտությունը զեկուցել, մամուլից էլ ակնկալում է բոլոր իրողությունները արտացոլել, բայց միայն այնպես, որ ստացվի՝ ինքն ամենախելոքն ու անսխալականն է, իսկ թավշյա հեղաշրջումից հետո երկնքից մանանա է թափվում ու ժողովուրդն արդեն բացարձակ երջանիկ է: Մինչդեռ, սա ուղղակի գրաքննություն է՝ ցենզուրա: Իսկ լրագրողների նկատմամբ օրըստօրե ահագնացող սպառնալիքներն ու ճնշումները ինքնացենզուրա թելադրելու ճանապարհն են հարթում:

Ցարական ժամանակներում ցենզուրան արգելում էր, խստագույնս, ո՛չ միայն քննադատել իշխանությանը, այլ նաև՝ գովաբանել: Իսկ խորհրդային ցենզուրան ամեն ինչ հասցրեց իմաստազրկության: Ինքնացենզուրայի ցայտուն ու զավեշտալի օրինակ է Ստալինգրադի ճակատամարտի մասնակցի հուշագրությունում պահպանված տողը. «Վոլգոդրադի հերոսներին շքանշանները հանձնեց անձամբ ընկեր Վոլգինը»:

Նույնիսկ իմաստ չունի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների անվերջ փոփոխման ու անսահման բազմազանության պայմաններում մտածել տեղեկատվական հոսքերը վերահսկելու մասին: Մինչդեռ, վարչապետ դարձած նախկին ընդդիմադիր պատգամավորի ու գլխավոր խմբագրի դեպքում՝ մամուլի ազատությունը որևէ կերպ սահմանափակելու փորձն անգամ չի կարող զավեշտ, բայց միաժամանակ նաև մտահոգություններ չառաջացնել:      

 

Սիմոն Գյուրջյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ