06 02 2019

2018-ին 811 մլն դոլարով ավելի գումար է արտահոսել Հայաստանից

2018-ին 811 մլն դոլարով ավելի գումար է արտահոսել Հայաստանից

Ինչպես և ենթադրվում էր, հաջողությամբ սկսված 2018 թ․-ի տնտեսական տարին անփառունակ ավարտ ունեցավ։ Տնտեսական աճի բարձր տեմպը ուղղակիորեն տորպեդահարվեց «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության պատճառով և սկսվեց տնտեսական հետընթացը։ 10,6 տոկոսից մինչև 5,8 տոկոս իջած տնտեսական ակտիվության աճի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը հարյուր միլիարդավոր դրամներ կորցրեց։ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշների հրապարակումից հետո առանձին կանդրադառնանք այս թեմային՝ ներկայացնելով կոնկրետ որքա՞ն կավելանար մեր տնտեսության ծավալը՝ համախառն ներքին արդյունքը, եթե տնտեսական բարձր աճի տեմպը պահպանվեր և դա ի՞նչ ազդեցություն կունենար նաև սոցիալական վիճակի վրա։ Այժմ անդրադառնանք, թե ի՞նչ ծավալի գումարների արտահոսք է արձանագրվել Հայաստանից անցյալ տարի՝ մի կողմից մասնավոր փոխանցումների միջոցով, մյուս կողմից՝ ներմուծման-արտահանման բացասական տարբերության խորացման պատճառով։

Այսպիսով, Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, 2018 թ․-ին արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումների տեսքով մտել է 1 մլրդ 785 մլն դոլար։ Այսինքն, այդքան գումար արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում ապրող և աշխատող մեր հայրենակիցները փոխանցել են Հայաստանում ապրող իրենց հարազատներին։ Սա փոքր-ինչ՝ մոտ 9 մլն դոլարով ավելի շատ է, քան նախորդ 2017 թ․-ին Հայաստան մուտք գործած 1 տրլն 756 մլրդ դոլար կազմող գումարը։ Այլ է դառնում պատկերը, երբ ծանոթանում ենք Հայաստանից արտերկիր դուրս եկած գումաների չափին և զուտ ներհոսքի՝ արտահոսքի և ներհոսքի տարբերությանը։

2018 թ․-ին Հայաստանից մասնավոր փոխանցումների տեսքով արտերկիր է փոխանցվել 1 մլրդ 188 մլն դոլար գումար։ Սա Հայաստանից գումարների արտահոսքի աննախադեպ ցուցանիշ է։ Արտահոսքը հատկապես ակտիվացել է տարեվերջին՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին։ 2017 թ․-ին Հայաստանից արտերկիր փոխանցված գումարը կազմել էր 989 մլն դոլար։ Այսինքն, անցած տարի Հայաստանից միայն այս ճանապարհով դուրս է եկել 199 մլն դոլարով ավելի գումար։

Ինչ վերաբերվում է զուտ ներհոսքին (արտահոսքի և ներհոսքի տարբերությանը), ապա այն անցյալ տարի կազմել է 597 մլն դոլար, իսկ 2017 թ․-ին կազմել էր 766 մլն դոլար։ Սա նշանակում է, որ մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան մուտք գործած այսպես ասած «մաքուր» գումարը 2018 թ․-ին 169 մլն դոլարով ավելի քիչ է եղել, ինչը արտահոսքի ծավալների մեծացման հետևանք է։

Միանշանակ է, որ արտահոսքի աճն ու զուտ ներհոսքի նվազումը բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա։ Մի կողմից բնակչության գնողունակ հատվածը ավելի շատ գումար է ուղարկում արտերկիր՝ հետևաբար ավելի քիչ այն ծախսում երկրի ներսում, մյուս կողմից՝ արտերկրից ավելի քիչ գումար ստացող հատվածն էլ համապատասխանաբար ավելի քիչ է գնումներ կատարում երկրի ներսում։ Դրա հետևանքով նվազում է շրջանառությունը տնտեսության բոլոր ճյուղերում՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն և բնականաբար նաև՝ ծառայություններ և առևտուր։ Այդ երևույթն այժմ առավել քան նկատելի է վիճակագրական ծառայության ցուցանիշներում և արդեն զգացվում է իրական կյանքում։

Խորացել է նաև արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, անցած տարի 2 մլրդ 551 մլն դոլարի չափով ավելի շատ ապրանք ենք ներմուծել, քան արտահանել։ Համեմատության համար նշենք, որ 2017 թ․-ին այդ տարբերությունը 1 մլրդ 939 մլն դոլար էր։ Այս երկու թվերի տարբերությունից կարելի է ստանալ այն թիվը, որի չափով անցյալ տարի ավելի շատ գումար է դուրս եկել Հայաստանից, քան 2017 թ․-ին։ Խոսքը 612 մլն դոլարի մասին է։ Այդքան գումար ավելի շատ է դուր եկել Հայաստանից անցյալ տարի՝ դրան նախորդ տարվա համեմատ։  

Այսպիսով, 2018 թ․-ին մասնավոր փոխանցումների տեսքով 199 մլն դոլարով ավելի արտահոսքն ու 612 մլն դոլարով ավելի արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը նախորդող տարվա՝ 2017 թ․-ի համեմատությամբ, միասին վերցրած նշանակում է, որ շուրջ 811 մլն դոլարով ավելի շատ գումար է դուրս եկել Հայաստանից։

Ակնհայտ է, որ տնտեսական վիճակի վատթարացման և դրան զուգահեռ նաև վերոնշյալ՝ գումարների արտահոսքի բացասական հետևանքները առաջիկա ամիսներին ավելի նկատելի են դառնալու մեր կյանքում։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ