22 01 2019

Ի՞նչ անել, որ միջակներն արդարադատություն չիրականացնեն

Ի՞նչ անել, որ միջակներն արդարադատություն չիրականացնեն

Ռոբերտ Քոչարյանի ճակատին կարծես գրված լինի, որ իր կալանքի որոշումները պետք է կայացնեն ամենացածր վարկանիշ ունեցող դատավորները։ Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, օրինակ, որ ընդամենը 5 դրական միավոր ստացած դատավոր է, հունվարի 18-ին բավարարեց ՀՔԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահի կալանքը երկու ամսով երկարացնելու մասին և չքննեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` դեռ դեկտեմբերի 26-ին ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ»։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել հունվարի 11-ին՝ 15 օր անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունից։ Մինչ այդ՝ 4 նիստ արդեն տեղի ունեցել էր, որոնց ժամանակ միջնորդությունը չէր քննարկվել՝ դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության պատճառով։ Առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է դատարանը ցուցաբերում նման մոտեցում, այն է՝ ձգձգել գործը, մինչև ՀՔԾ-ն հասցնի միջնորդություն ներկայացնել։ Բայց մի փոքր խորքային նայելով փաստերը՝ պարզ ու հասկանալի է դառնում։

Դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկ էին հայտնել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, քանի որ համարում էին, որ դատարանը կազմվել է ոչ օրենքով, այսինքն՝ հայտնի չէ, թե ինչ սկզբունքներից ելնելով է հենց այդ դատավորին հանձնվել գործը։ Մինչ այդ, գործը հանձնվել էր Նելլի Բաղդասարյանին, որն ինքնաբացարկ էր հայտնել,  այնուհետև՝ Դավիթ Գրիգորյանին, որն իրեն նույն ճակատագրին էր «դատապարտել»։ 

Ի դեպ, երկու դատավորներն էլ արդարադատությամբ չեն փայլում։ Նելլի Բաղդասարյանն ունի 22 դրական ձայն,  Իսկ Դավիթ Գրիգորյանը՝ ընդամենը 8։ 

Դատավորի վարկանիշը, հիշեցնենք, կազմում են փաստաբանները։

Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը բավարարած Վաչե Մարգարյանի մասին արդեն ասել ենք, նա դատական համակարգում ամենացածր գնահատականն է ստացել՝ -12։ Դրանից էն կողմ, ինչպես ասում են, աշխարհ չկա։ Նա այն վախեցած դատավորն է, որը, ըստ հայտնի գաղտնալսումների, մշտական կապի մեջ էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որպեսզի տեսնեն, թե ինչպես Նախագահին նստացնեն, չնայած որ «գործը ջուր է»։

2018 թվականի նոյեմբերի 15-ին վճռաբեկ դատարանի դատավոր և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը։ Լիլիթ Թադևոսյանի փոփոխական կերպարին և հակասական որոշումներին մենք արդեն անդրադարձել ենք։ 

Լիլիթ Թադևոսյանի վարկանիշն ընդամենը 12 է։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որն անփոփոխ թողեց Արթուր Վանեցյանի հրահանգները կատարող դատավորի որոշումը, ունի ընդամենը 25 կողմ ձայն։ 

Ստեղծվում է զավեշտալի վիճակ։

Ստացվում է, որ Հայաստանի միջակից ցածր և անգամ՝ ամենաբացասական վարկանիշ ունեցող դատավորները դատում են ըստ վիճծառայության՝ Հայաստանի անկախությունից ի վեր ամենաէֆեկտիվ գործունեություն ծավալած ղեկավարին։ Իսկ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորի վրա երկրի ամենավատ կառավարումը ցույց տված վարչապետը (որի էֆեկտիվությունն ավելի ցածր է, քան, ասենք, միջակից ցածր վարչապետ համարվող Արամ Սարգսյանինը) մատ է թափ տալիս։

Որևէ ոլորտի ղեկավար իր ենթակային ազատում է աշխատանքից ի թիվս այլի՝ նաև թերացման, վատ կառավարման պատճառներով։ Օրինակ, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ըստ ամենայնի, գործից կհանեն, որովհետև որպես ոստիկանապետ ունեցել է 0 հեղինակություն և արդյունավետություն։ Այդ պաշտոնին նշանակվելու միակ արժանիք ունենալով Նիկոլի հետ նույն մարզասրահում գանտել վերցնելը՝ քաշերի խախտում թույլ տվեց, ու ոլորտը գրիժա ստացավ։ Հանցավորության և ամենաթողության մակարդակը հասել է ամենաբարձր մակարդակի։ Ոչ միայն նա․ Սփյուռքի, մշակույթի նախարարներին, որոշ մարզպետների, փոխնախարարների տարան խորհրդարան, քանի որ ձախողել էին կառավարությունում աշխատանքը։ Խորհրդարանում, գոնե, կոլեկտիվ աշխատանքի արդյունքում անհատի թերությունը շատ չի երևա։ Հայկական ասացվածքն է ասում՝ «Գյուղ չկա, որ շուն չլինի», բայց դրանից գյուղի որակը չի փոխվում։

Նույնը պետք է լինի նաև դատավորի պարագայում։ Օրինակ, փաստաբանները գնահատել են դատավորներին՝ վարկանշելով նրանց։ Եթե ցածր վարկանիշ ունեցող դատավորները մնում են համակարգում, ուրեմն փաստաբանին, մեր կարծիքով, պատիվ չի բերում եթե իր գործը քննում է դատավոր, որն ունի -12 վարկանիշ կամ ընդամենը +12 վարկանիշ։ Ժամանակն է, որ փաստաբանական համայնքը ցույց տա իր վերաբերմունքը ոչ միայն համացանցում քվեարկելով, այլև ռեալ գործունեության մեջ։ Հենց իրենց գործը մակագրվում է դատավորների, որոնք ունեն ցածր վարկանիշ, պետք է ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես գան ու հրաժարվեն այդ դատավորից՝ որպես հիմնավորում ունենալով ցածր վարկանիշը։

Հայաստանում ինչո՞ւ է արդարադատությունը կաղում, որովհետև այն իրականացնում են միջակությունները։

Թեմայի մասին այլ նյութեր՝

Ռոբերտ Քոչարյանի գործին առնչված դատավորների վարկանիշը 

«Թափանցիկ ձեռք 2018» մրցանակը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորին։ 

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ