18 01 2019

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանի որոշում



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգեց և մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ։

«Դատարանի որոշումն ու հիմնավորումները չենք տեսել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ Ասաց նաև, որ արդեն վերաքննիչ բողոք են ներկայացրել որոշ հանգամանքների մասով։ Հարցին՝ կանխատեսե՞լ էիք ելքը, պատասխանեց․ «Ուղղակի «Ժողովուրդ» թերթն ամեն անգամ ունենալով ինֆորմացիա՝ գրում է արդյունքների մասին։ Դա երկու հնարավորություն է տալիս․ կամ թերթն այն աղբյուրն է, որի միջոցով փորձում են հասկացնել դատարանին, թե ինչ որոշում պետք է կայացնել, հուսով եմ դա չէ, կամ թերթն ունի հասանելիություն դատարանի նիստի դահլիճում կամ խորհրդակցական սենյակում տեղի ունեցող գործընթացներին, ինչի առիթով գրում է։ Սա առաջին դեպքը չէ, արդեն երրորդ դեպքն է, երբ մեկ օր առաջ նշվում է ելքի մասին։ Սա թերթին չի վերաբերում, սա վերաբերում է տեղեկատվական անվտանգության խնդիրներին»։

«Այն փաստը որ երկու միջնորդությունները դատարանը փորձել է միացնել և ըստ էության ցույց է տվել մոտեցում, որ հրաժարավել է արդարադատություն իրականացնել և հրաժարվել է քննության առարկա դարձնել գրավի միջնորդությունը, դրանից ելնելով պատրաստված է եղել բողոքը բացասական ելքի հետ կապված։ Հաշվի առնելով ճնշումները դատարանների նկատմամբ, շատ լավատեսական լինել, չէինք կարող։ Դատարանը չի քննել մեր՝ գրավի միջնորդությունը»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ նոր գրավի միջնորդություն ներկայացնելը տրամաբանական չէ, քանի որ դատարանը նոր է դիրքորոշում։ Բայց չի բացառվում հաջորդ շաբաթ ներկայացնեն։

«Որոշումը ստանալուց հետո վերջնական որոշում կունենանք երրորդ բողոքի հետ կապված, որի շրջանակներում պետք է բողոքարկման առարկա դառնա արդարադատություն իրականացնելուց խուսափոելու հանգամանքը, երբ դեկտեմբերի 26-ին ազատության վերաբերյալ միջնորդությունը չի քննվում»,- ասաց Արամ Օրբելյանը։ Նա նաև նշեց, որ բողոքում կներառվի 18-րդ հոդվածի վերաբերյալ հարցը։ Բողոսքը չի վերաբերվի բացառապես քաղբանտարկյալի գաղափարին, որովհետև 18-րդ հոդվածի խախտումը ներառում է կոնվենցիայով ներառված այլ խախտումներ ևս՝ ազատության իրավունք, արդար դատաքննության իրավունք։

Վերաքննիչ դատարան դիմած բողոքը վերաբերում է երկու հարցի՝ դատարանի ձևավորմանը և երկրորդը՝ առկա են աներկբա հանգամանքներ, որ 2008թ․ արարքների համար պարոն Քոչարյանը կամ որևէ այլ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության 2009թ․ օրենսդրության փոփոխության հետ կապված։

Արամ Օրբելյանն ասաց, որ դատարանի վերջնական պատրաստի տեքստ ստանալուց հետո կխոսեն քաղբանտարկյալ տերմինի մասին։

Հարցին՝ կա՞ քաղաքական ճնշում դատարանների վրա, փաստաբանը պատասխանեց․ «Երեկ Էդմոն Մարուքյանը շատ տիպիկ ասաց․ որևէ ցանկացած զարգացած երկրում ԱԱԾ, ՀՔԾ պետերը և վարչապետը նման հեռախոսազրույցների տարածումից հետո չէին շարունակի պաշտոնավարել՝ անկախ նրանից՝ ինչքան ենք սիրում և ինչքան չենք սիրում նրանցից ամեն մեկին։ Ցավալի է, որ ԱԱԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսում, ձայնագրում և հրապարակում են, էլ ավելի ցավալի է, որ վարչապետի զրույցը գաղտնալսում, ձայնագրում, հրապարակում են։ Բայց է՛լ ավելի ցավալի է, որ ձայնագրություններում ակնհայտորեն խոսվում է դատարանների նկատմամբ ճնշումների մասին։ Ավելին, հաստատում են, որ իրական են դրանք։ Հայտարարում է․ ոչ միջնորդեցին ՀԱՊԿ երկրների նախագահները, որպեսզի Խաչատուրովի նկատմամբ չկիրառվի համաներում, ես որոշեցի, որ կարելի է միանալ միջնորդությանը և միջնորդել, որ չկալանավորեն»,- ասաց Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով, եթե մեկ անգամ մենք արձանագրել ենք, որ կա խնդիր և չենք տեսնում վերացնելու երաշխիքներ, դա նշանակում է, որ արդար դատաքննության իրավունքը դեռ չի վերականգնվել։

«Պատահական չեմ համարում, որ իմ կողմից հարգված գործիչներ դատարանի որոշումից երկու օր առաջ թե՛ ինքնուրույն, թե՛ որոշ անձանց խնդրանքով հայտնվում են հեռուստատեսությունում և կարծիք են հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի։ Ու դա մշտապես լինում է որոշում ընդունվելուց երկու օր առաջ»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, գնահատականը կտա եվրոպական դատարանը։ Դատարանը եթե հաստատաված համարի մարդրու իրավունքների խախտումը, հետևանքները լինելու են իմիջային, այսինքն՝ հետհեղափոխական Հայաստանը դադարելու է լինել ազատության և մարդու իրավունքների երկիր, այլ՝ բռնապետական Հայաստան՝ թղթերով հաստատված։

Հիշեցնենք, որ դատարանը գրավով ազատ արձակելու միջնորդությունը քննում էր դեկտեմբեր ամսից՝ ընդհատումներով, հետաձգումներով, ինչի մեջ փաստաբանները միտում էին տեսնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ