Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի արդեն հաջորդ տարի՝ հունվարի 9-ին:
Նիստերի դահլիճից դուրս գալով՝ պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ գործը քննող ՀՔԾ քննիչն է խնդրել հետաձգել նիստը, քանի որ ունի անձնական գործեր և աշխատանքային ժամից դուրս չի կարող մասնակցել նիստերին:
«Պարզվում է, որ մեր քննչակաn մարմինները խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում: Բոլորս էլ ունենք անձնական գործեր՝ նոր տարի է առևտուր պետք է անել և այլն: Ըստ էության, նիստ որպես այդպիսին տեղի չունեցավ, քննիչը ցանկություն ուներ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել ու ժամանակ խնդրեց, որ ուսումնասիրի նյութերը: Քննիչն ասում էր, որ ցանկանում է ուսումնասիրել՝ հասկանալու՝ արդյո՞ք պետք է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել»,- ներկայացրեց փաստաբանը՝ ընդգծելով, որ գնում է նիստի արհեստական ձգձգման գործընթաց, այնինչ միջնորդությունները պետք է քննվեն հրատապ և անհապաղ։
Փաստաբանն ասաց նաև, որ քննիչը, որն այսօր եղել է դատարանում, Հրաչ Մուշեղյանն է, որի անունը հայտնի գաղտնալսման մեջ օգտագործել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ռոբերտ Քոչարյանը, Օրբելյանի խոսքով, չի մասնակցել այսօրվա նիստին, քանի որ այն տեխնիկական նիստ էր և անհրաժեշտություն էլ չի եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը