Այսպես կոչված «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությանը հաջորդող ցնցումները կյանքի բոլոր ոլորտներում շարունակվում են, կացությունը՝ վատթարանում։ Զուգահեռաբար, վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը շարունակում է ջանքեր գործադրել հանրությանը մոլորության մեջ պահելու ուղղությամբ՝ ներկայացնելով իրականությունը խեղված։ Այն, որ տնտեսական աճն այս տարվա առաջին երեք ամիսներին կազմել էր 10,6 տոկոս, իսկ տարին եզրափակվելու է ընդամենը 5 տոկոս աճով, տնտեսության անմխիթար վիճակի լավագույն վկայությունն է։ Սակայն, դա կարծես թե այնքան էլ չի մտահոգում այն մարդուն, որն այդ վիճակի ուղղակի պատասխանատուն է։ Նա շարունակում է նույն գործելաոճը։
Այս ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախ հպարտացավ 2018-ի գնաճի ցուցանիշով, առանց հասկանալու, որ դա տնտեսական ցածր աճի, բնակչության գնողունակության անկման և եկամուտների նվազման ցուցիչներից մեկն է։ Դրան անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակման մեջ: Եվ ահա հիմա էլ նա կատարել է հերթական գրառումը, որով հպարտանում է 2018 թ․-ի երկրորդ եռամսյակում օտարերկրյա ներդումների ցուցանիշով։ Դրանք, ըստ վարչապետի աճել են 50 տոկոսով 2017թ․-ի նույն եռամսյակի համեմատ կամ 50,9 մլն դոլարի դիմաց կազմել 75,5 մլն դոլար։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը բերում է նախորդ և այս տարվա տվյալներն ըստ եռամսյակների, որից պարզ երևում է, որ այս անգամ էլ նա շտապել է հպարտանալ մի ցուցանիշով, որն ավելի լավ կլիներ շրջանցել։ Ահա նրա բերած ցուցանիշները․
2017, I եռամսյակ, 68 մլն դոլար
2017,II եռամսյակ՝ 29.1 մլն դոլար
2017 III եռամսյակ՝ 50.9 մլն դոլար
2017, IV եռամսյակ՝ 101.8 մլն դոլար
2018, I եռամսյակ՝ 94.2 մլն դոլար
2018, II եռամսյակ՝ 8.9 մլն դոլար
2018, III եռամսյակ՝ 75.5 մլն դոլար
«Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները։ 2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։ Դուխով», գրառումն այսպիսի նոտսալգիկ հեղափոխական պաթոսով եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
«Հաճույքով և անդադար» խոսալու մասին։ Հավանաբար, գործող վարչապետը նկատի ունի առաջին հերթին Հրանտ Բագրատյանին, որն առաջինը հրապարակայնորեն անդրադարձավ անցյալ տարվա երկրորդ եռամսյակում ներդրումների 11 անգամ նվազման ցուցանիշին։ Բացառապես ապրիլ-մայիսյան ցնցումներով պայմանավորված այդ աղետալի անկումը արդարացնելով և Բագրատյանին ու մյուսներին հակադարձելով, Նիկոլ Փաշինյանից կառավարական կամ խորհրդարանական պաշտոններ ակնկալող «փորձագետները»՝ այսպիսի մի թեզ էին առաջ քաշում․ «բա ի՞նչ եք ուզում, հեղափոխություն է եղել»:
Այսինքն, ըստ նրանց, հանուն հեղափոխության, նորմալ է, որ 94 մլն դոլարից ներդումները իջնում են մինչև 8,9 մլն դոլարի։ Չէ՞ որ փոխարենը Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ, իսկ իրենք կառավարության անդամ և պատգամավոր։ Ընդհանրապես, իսկ ո՞վ ասաց, որ իրենց հեղափոխության պատճառով պետք է բոլորը տուժեն, ներդրումները նվազեն և դեռ մի բան էլ չհամարձակվենք ինչ-որ բան «ուզել» կամ քննադատել։ Ինչևէ։
Հերթական անգամ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակված ցուցանիշներն ամենևին էլ հպարտանալու պատճառ չեն։
Նախ՝ ցանկացած պարագայում, ներդրումները մինչ իրականություն դառնալը, անցնում են երկար ճանապարհ, ինչի մասին չեն մոռանում ասել կառավարության ներկայացուցիչները՝ փորձելով արդարանալ ներդրումների նվազմանն առնչվող՝ իրենց ուղղված հարցերին պատասխանելիս։ Այս դեպքում երևում է, որ 2017 թ․-ի և 2018 թ․-ի առաջին եռամսյակի ներդումներն աճման միտում են ունեցել, և դա եղել է նախորդ կառավարության ջանքերի արդյունքը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը երբ գնում է Վանաձոր գազի բալոնների գործարանի բացմանը, ոչ մի խոսք չի ասում, որ դա Կարեն Կարապետյանի ժամանակ՝ ավելի քան մեկ տարի առաջ սկսված ներդումային ծրագիր է։
2017թ․-ին և 2018 թ․-ի առաջին եռամսյակում ներդրումների շարունակական աճի մասին է խոսում այն փաստը, որ 2018 թ․-ի առաջին եռամսյակում, որը սովորաբար համարվում է տնտեսապես ոչ ակտիվ ժամանակաշրջան, ներդումների ծավալը կազմել է 94,2 մլն դոլար։
Երկրորդ, եթե ներդրումներ ներգրավելու համար երկար ժամանակ է պահանջվում, ապա դրանք կարող են կասեցվել մեկ օրվա ընթացքում։ 2018 թ․-ի երկրորդ եռամսյակում հենց դա էլ տեղի է ունեցել, ինչի հետևանքով էլ ներդրումները նվազել են 11 անգամ։
Երրորդ՝ 2018թ-ի երրորդ եռամսյակում թեև ներդրումներն ավելացել են, բայց դրանք հիմնականում այն ներդրումներն են, որոնք ինչպես արդեն նշվեց, սկսվել են 2017 թ․-ից և կասեցվել 2018թ․-ի երկրորդ եռամսյակում։
Չորրորդ՝ հակառակ նրան, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է որպես նվաճում ներկայացնել 2018 թ․-ի երրորդ եռամսյակում ներդումների աճը երկրորդ եռամսյակի նկատմաբ, դրանց ծավալը չի հասել առաջին եռամսյակի ծավալներին։ Ավելին, եթե առաջին երեք ամիսներին 94,2 մլն դոլար ներդրումներ են կատարվել, ապա երկրորդ և երրորդ եռամսյակներում միասին վերցրած, այսինքն վեց ամիսների ընթացքում դրանք կազմել են 85,4 մլն դոլար։ Տարրական թվաբանություն իմացող ցանկացած մարդ ինքնուրույն կարող է անել այս գործողությունը և համեմատել Նիկոլ Փաշինյանի վարչապետության վեց ամիսների ներդրումները դրան նախորդող երեք ամիսների ներդրումների հետ։
Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանը չի կարող բերել գեթ մեկ քիչ թե շատ նշանակալի ներդումային ծրագիր, որը ներգրավվել է իր վարչապետության ժամանակ, իր թիմի ջանքերով։ Փոխարենը կարող ենք բերել մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք կամ կասեցվել են, կամ լինելով համաձայնեցված նախկինում, չեն սկսվել։ Ամուլսարի հանքավայրի, Գյումրու զբոսաշրջային կենտրոնի կառուցման ծրագրերը, որոնք կասեցված են և Շնողի ՀԷԿ-ի ու Երևանի նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրերը, որոնք այդպես էլ չեն սկսվում։ Դրանք միասին վերցրած հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ էին կազմում, որոնք եթե երբևէ սկսեն իրագործվել, ապա Նիկոլ Փաշինյանի միակ վաստակը այն կլինի, որ նա վերջապես «շնորհ արեց» չխանգարել դրանց կյանքի կոչելուն։
Բնական է, որ այդ դեպքում ևս նա իրեն կվերագրի այդ ծրագրերը, և հերթական անգամ անհրաժեշտություն կառաջանա թարմացնել նրա հիշողությունը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը