Հետընտրական Հայաստանում, թվում էր, թե՝ հեղափոխական իշխանության ամենաանտեսած ոլորտը՝ սոցիալականն է, իսկ սոցիալական ամենաանտեսված խնդիրը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը: Պատկերացումներն արագ փոխվում են, քանի որ նոր իշխանությունը հիմա հազարավոր նոր աշխատատեղեր է ստեղծում, որոնք զբաղեցնելու համա ոչ մի փորձ, միտք, ջանք ու հմտություն չեն պահանջում: Ոչ՛. խոսքը նախարարների ու պատգամավորների, նաև սրանցից ստորակարգված, բայց դժվար բաշխված ու արագ զբաղեցված աշխատատեղերի մասին չէ: Այլ՝ նրանց, որոնք արագ ստեղծվում ու անմիջապես էլ համալրվում են, բայց դեռ անվանում չունեն:
Աշխարհում այսօր առկա մասնագիտությունների կեսից ավելին նոր են և դեռ անուն չեն ստացել: Ուստի մեր հեղափոխական իշխանության նոր ստեղծած ու արագ յուրացվող մասնագիտությունը կարելի է անվանել՝ թավշյա գրոհային: Նույնքան արագ ստվարացող այս մասնագիտական համքարությունը կոչված է՝ իր ուսերին վերցնել վերանկախացած Հայաստանի ողջ պատմության ընթացքում ձևավորված և մայիսից հետո հեղափոխականորեն անպիտան դարձած դատական ողջ համակարգը ոչնչացնելու հիմնական բեռը: Չէ որ՝ արտակարգ խորհրդարան ձևավորելուց և անձնական կառավարություն կազմելուց հետո՝ դատական համակարգը մերժված անցյալի միակ մնացուկը կլինի, որ կարող է հակադրվել վարչապետի ժպ-ին և կասեցնել նրա բռնատիրության հաստատումը:
Դեսպանատների խորհրդատվական ուղղորդմամբ մեր հետհեղափախական կյանք հետևողականորեն ներմուծվող անցումային արդարադատությունն այլապես՝ առանց թավշյա գրահայինների ներգործության, կարող է չկայանալ և մեզ թողնել մեր օրենքների ու սահմանադրության տիրույթում: Իսկ դա կարող է վարչապետի ժպ-ի և նրա նոր բարեկամների համար կործանարար հետևանքներ ունենալ՝ արտաքին քաղաքական ասպարեզում, եթե նրանք չհասցնեն փոխել մեր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, մշակութային ու բարոյական արժեհամակարգերը: Այստեղ թավշյա գրոհայինների դերակատարումը հատկապես որոշիչ է լինելու, և դա խոստումնալից է դարձնում այս նոր մասնագիտության հեռանկարը:
Առայժմ գրոհայինների առաջին ստորաբաժանումները նախնական վարժանքներ են անցնում կալանքից ազատված գեներալ Մանվել Գրիգորյանի տան առջև, այս գործի հետ առնչվող այլ՝ մանրակրկիտորեն կազմակերպված «ինքնաբուխ» միջոցառումների ընթացքում և գլխավոր դատախազի մասնակցային կուրացիայի ներքո: Մինչդեռ առաջիկայում նրանց մեծ փորձություն է սպասվում, քանի որ դեռ կալանավորված են Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահը, գործարար Սամվեր Մայրապետյանը, այլոք: Ոմանց էլ վախեցնել է պետք, որ հանուն ունեցածի գոնե մի մասը պահպանելու և չկալանվելու՝ հավատարմության երդում տան ու նվիրատվություներ անեն:
Դատական համակարգը ոչնչացնելու և փոխարենը անցումային արդարադատություն հռչակելու միջոցով վարչապետի ժպ-ն կատարած կլինի տոտալ բռնատիրություն հաստատելու և տոտալ ճգնաժամ առաջացնելու իր գլխավոր առաջադրանքը: Հենց այս նպատակով նա քայլ առ քայլ արդեն ութ ամիս է՝ ամրապնդվում է իր օխլոկրատիան: Իր հենարանն է դարձնում թավշյա ամբոխը, գրոհայիններին: Օվերտոնի պատուհանի միջոցով անարխիան, փողոցային ամբոխի ակտիվ ու վարձատրված ակցիաները ստիպում է ընկալել՝ ուղղակի ժողովրդավարություն:
Անցումային արդարադատությունն ու նեոբոլշևիկյան դիկտատուրայի նոր գործիքը՝ արդիական ու տեխնոլոգիական դագանակը նա հանձնել է ժողովրդի ամենաանսկզբունքային, ամենաաղքատ, ամենակառավարվող, սոցիալական պատասխանատվության ամենացածր մակարդակն ու հարափոփոխ արժեքային ուղենիշեր ունեցաղ փոքրամասնությունը՝ ամբոխին: Վարչապետի ժպ-ի այս սոցիալական հենարը կառավարվում է դեսպանատների խորհրդատվական ու ֆինանսական ծավալուն աջակցությամբ և ծառայում է միայն նրանց շահերին:
Այս կերպ վարչապետի ժպ-ն վերջնականապես ձեռնամուխ է եղել պետական համակարգի հիմնաքանդմանը, բայց իրեն էլ անհայտ է, թե փլատակների վրա ինչ է կառուցվելու: Օտար ուղղորդմամբ սահմանադրությունն ու օրենքները փոխարինվում են ԱԱԾ-ՀՔԾ-գլխավոր դատախազ եռյակով՝ տրոյկայով, կամ այս եռյակի նշանակած տրայկաներով, որոնք գործում է բացառապես հրահանգավորմամբ ու համաձայն դեսպանատներում վաղօրոք հաստատաված պլանի: Այն ինչ չի կարող անել տրոյկան, «ինքնաբուխ» անում են թավշյա գրահայինները՝ համաձայն դեսպամնատներում վաղօրոք հաստատված պլանի և առաջներդվելով բացառապես ստացված հրամանով, համընդհանուր ատելությամբ ու ծայրահեղ ցինիզմով:
«Հեղափոխության հաղթանակը կարևոր է Արցախից» նախընտրական կարգախոսը հընթացս վերափոխվում է «հեղափոխության հաղթանակը կարևոր է Հայաստանից, պետականությունից, ազգից» կարգախոսով: Այսինքն. այսպես շարունակվելու դեպքում չենք ունենա երկիր ու ազգ, պետություն ու ժողովուրդ, բայց կունենանք հեղափոխական թավշյա ամբոխ՝ օխլոս և նրան տիրող իշխանություն: Իսկ ով դա չի համարում հեղափոխության հաղթական ձեռքբերում՝ իշխանության միակ տիրոջ պատվերով ու ըստ դեսպանատներում վաղօրոք հաստատված պլանի, կհայտարարվի «ազգի տականք» կամ « ժողովրդի թշնամի» և կհանձնվի թավշյա գրոհայինների դատաստանին:
Փաղացային տարերային արդարադատությունը առավել նմանվում է Բարաբբայի նկատմամբ կայացված դատավճռին, իսկ տրոյկայի եռյակից յուրաքանչյուրը դառնալու է մեր ժամանակի Կայիափան:
Տիգրան Ուզունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը