Հայաստանում մենաշնորհների (գերիշխող դիրք ունեցողների) թեմայով ելույթների ու քննադատությունների հատորներ կարելի է հավաքել։ Տարիներ շարունակ «մենաշնորհ», «օլիգարխ», «բենզին», «բանան», «շաքարավազ» և համանման արտահայտությունները եղել են քաղաքական գործիչների բառապաշարում։ Բնականաբար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս բացառություն չի եղել թե՛ որպես օրաթերթի խմբագիր, թե՛ որպես պատգամավոր։ Երբ այս տարվա մայիսի 1-ին, փողոցի ճնշմամբ նա պատրաստվում էր զբաղեցնել վարչապետի պաշտոնը, «խրոխտաբար» հայտարարեց, թե «մենաշնորհների վերացումն ընդամենը ժամերի խնդիր է»։ Մի քանի ամիս անց էլ, հանրահավաքի ժամանակ ասաց, թե վարչապետ դառնալուց հետո կատարել է իր խոսքը և 40 րոպեի ընթացքում վերացրել բանանի ու շաքարավազի մենաշնորհը։ Թե առաջին, թե երկրորդ դեպքերում գործ ունենք հերթական հանրահավաքային ստի հետ, որը ներկաներից որևէ մեկը, բնականաբար, կասկածի տակ չառավ։
Իրականում, մենաշնորհային համարվող շուկաներում գործող ընկերությունների թիվը 2015 թվականից տարեց-տարի ավելացել է, այսինքն մենաշնորհ ունեցողներն իրենց դիրքերը աստիճանաբար զիջել են։ Այդպես շարունակվել է մինչև 2017 թվականը, իսկ ահա 2018-ին, հակառակ «հպարտ» քաղաքացիների առաջնորդի հայտարարություններին, մենաշնորհային համարվող ապրանքներ ներմուծող ընկերությունների թիվը կրկին նվազել է։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաշվետվություններից պարզ է դառնում, թե ինչպե՞ս է փոխվել մենաշնորհային համարվող զանգվածային սպառման մի քանի ապրանքների շուկաներում գործող ընկերությունների թիվը։ Աղյուսակով ներկայացնենք այն․
Ընկերությունների թիվը | |||||
2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | |
Կարագ | 24 | 30 | 39 | 44 | 57 |
Բանան | 9 | 16 | 40 | 42 | 21 |
Այլուր | 30 | 96 | 65 | 132 | 149 |
Ցորեն | 20 | 33 | 56 | 84 | 71 |
Բենզին | 2 | 2 | 3 | 4 | 4 |
Դիզվառելիք | 19 | 22 | 8 | 5 | 5 |
Շաքարավազ | 36 | 39 | 43 | 85 | 62 |
Ձեթ | 46 | 43 | 59 | 77 | 69 |
Հավի միս՝ ներմուծված | 36 | 45 | 63 | 57 | 46 |
Բրինձ | 31 | 31 | 47 | 58 | 44 |
Մակարոնեղեն | 49 | 66 | 86 | 91 | 65 |
Ընդամենը | 302 | 423 | 509 | 679 | 593 |
Աղյուսակից պարզ է դառնում․
1․ Սկսած 2015-ից, վերոնշյալ ապրանքների շուկաներում ավելացել են ներմուծողներ ընկերությունների թիվը։ Դա կապված է Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու հետ, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ավելի փոքր խմբաքանակներով մրցակցային գներով ապրանք ներմուծել միության անդամ երկրներից և դրանով նվազեցնել այդ ապրանքը մինչ այդ մշտապես ներմուծող ընկերությունների մասնաբաժինը շուկայում։ «Թավշյա» հեղափոխությամբ տարվածներին տեղեկացնենք կամ հիշեցնենք, որ իրենց վարչապետը պատգամավոր եղած ժամանակ քննադատում էր Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին և դա համարում սխալ և վնասակար։ Ավելին՝ անգամ խորհրդարանական քննարկումներ էր նախաձեռնել միությունից Հայաստանի դուրս գալու օրակարգով։
2․ Շուկաների մեջ մասում ամենամեծ թվով ընկերությունները գործել են 2017-ին։ Դրանց թիվը տարեց տարի ավելացել է։ Միայն դիզվառելիք և հավի միս ներմուծողների թիվն է պակասել։
3․ Բոլոր նշված ապրանքների շուկաներում ընկերությունների ընդհանուր թվի ավելացումն է մինչև 2017 թվականը և դրա նվազումը 2018-ին։ Փաստ, որը ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյանը։ Բնական է, որ ամենևին էլ նրան ոչ ձեռնտու փաստ, որը հիշատակելիս կարող է հարց առջանալ նաև բանանի և շաքարավազի շուկաների ցուցանիշների վերաբերյալ։
4․ Բանան և շաքարավազ ներմուծողների թիվը նույնպես շարունակաբար ավելացել է մինչև 2017 թվականը։ Ընդ որում, 2014-ի համեմատ բանան ներմուծողների թիվն ավելացել է 4,5 անգամ, շաքարավազ ներմուծողներինը՝ 2,5 անգամ։ Սակայն 2018-ին, բանան ներմուծողների թիվը նվազել է կրկնակի՝ 2017-ի 42 ընկերության փոխարեն դառնալով 21 ընկերություն, իսկ շաքարավազ ներմուծողներինը՝ 85-ից 62 ընկերություն։
Ահա այսպես է Նիկոլ Փաշինյանը «40 րոպեում վերացրել մենաշնորհը»։ Ի միջի այլոց, նրա հայտարարությունից մեկ տարի առաջ՝ հունիսի 10-ին կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ, նույն կամ գրեթե նույն հայտարարությամբ հանդես է եկել տնտեսական մրցակցության պաշտպանությա ն հանձնաժողովի ներկայացուցիչը՝ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը։ Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանում պարենային ապրանքների շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ չկան ու «թեև շուկայում գործում են որոշակի խոշոր ծավալներ ունեցող ընկերություններ, բայց դրանց շեմերը չեն գերազանցում գերիշխողինը»։ Այսինքն, «40 րոպեում» մենաշնորհը վերացնելուց մեկ տարի առաջ այն արդեն վերացվա՞ծ է եղել, իսկ հիմա այն կրկին վերադառնո՞ւմ է ․․․
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը