Աննախադեպ իրավիճակ ՀՀ դատական համակարգում։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին մասնակցում է 6 դատախազ, որոնցից մեկը գլխավոր դատախազն է։ Փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ նա ամենաակտիվն էր, ակտիվ ելույթ էր ունենում, առարկում պաշտպանվող կողմին։
Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան, և գլխավոր դատախազն անձամբ հավաքել է շքախումբն ու մասնակցում է նիստին։
Գլխավոր դատախազն ինչո՞ւ էր գնացել վերաննիչ դատարան, վստահաբար՝ նախարարության ներկայացուցչի պես դասալսման չէր գնացել։ Չէ՞ր վստահում դատախազներին, մեղադրող կողմին, հաթաթա՞ էր ցույց տալիս դատավորին, թե՞ կալանքի հիմնավորումներն այնքան ծանր էին, որ 5 դատախազ չէին կարող միասին տեղափոխել, և 6-րդն էր պետք։
«Կաշկանդված չենք, թեև մի դատախազին մրցակից ունենալն ավելի հեշտ է, քան վեց դատախազ, որից մեկը գլխավոր դատախազն է», - ասում է փաստաբան Ալումյանը։ Զարմանալիորեն, փաստաբանը միամտություն է ցուցաբերում կամ չի ցանկանում ամբողջությամբ ասել այն, ինչ մտածում է։
Իսկ իրականությունն այն է, որ դատարանի և դատավորի նկատմամբ այսօր կիրառվում է անկախ մեր երկրում դեռևս չտեսնված ճնշում։
Դատական նիստին մասնակցող դատախազներից յուրաքանչյուրին կարելի է համարել կառույցներից մեկ-երկու ներկայացուցիչ՝ ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ, Փաստահավաք խումբ, իսկ գլխավոր դատախազը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը վերաքննիչ դատարանում։ Քոչարյանն ինքը նշել էր, որ իր փաստաբանները դատարանում մեղադրանքն ամբողջությամբ ջախջախել են, իր բառերով՝ «քարը քարի վրա չեն թողել»։ Եվ պետք է, չէ՞, իշխանությունը ծանր հրետանի ուղարկի իր կյանքի գլխավոր իմաստը հանդիսացող կռվին։
Երբ վարչապետն ասում է, թե դատավորին չի հրահանգավորում, բայց հրապարակից սպառնում է՝ խելքները գլուխները հավաքեն, հրահանգ չի տալիս, բայց դժգոհում է, որ խափանման այլընտարնյքային միջոցները շատացել են, հրահանգ չի տալիս, բայց հայտարարում է, թե չկա դատավոր, որ իրեն չլսի, ի՞նչ սպասել դատարանից, ումի՞ց պահանջել արդարադատություն։
Իշխանությունն ամեն բան անում է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը, չնայած հիմքերի բացակայությանը, բավարարվի, ու դա փաստում է դատախազական բուրգի մեծաքանակ մասնակցությունը նիստին։ Ու ակնհայտ է, որ սա ոչ թե արդարադատության հարց է, այլ՝ այլ նպատակի։ Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ է այդքան շատ անհրաժեշտ Ռոբերտ Քոչարյանի ափալ-թափալ կալանավորումը։ Պարզ բացատրություն ունի՝ ՇԱՀԱՐԿԵԼՈՒ։
Դատեք ինքներդ. այս ողջ ընթացքում տրվել են բազմաթիվ խոստումներ, որոնք չեն կատարվել, պայքարը գրեթե բոլոր ուղղություններով տապալվել է, հանրահավաքներն ու դրանց նախորդած երևանյան երթն ապացուցեցին, որ նա չունի այլևս մեծ վստահություն, մարդիկ ռեալ բան են պահանջում, և նա վերադարձավ դեռ ամռանը տված կտերին՝ մարտի 1-ի բացահայտման մասով։
Այս հարցում ափալ-թափալությունը պարզապես ակնհայտ է, վճռաբեկ դատարանի որոշումից տասն օր անց անմիջապես կատարվում է հարցի նոր քննումը, այն դեպքում, երբ անձեռնմխելիության մասով Սահմանադրական դատարան անգամ դեռ չեն դիմել։
Փաստենք՝ դատարանի անկախության մասին վարչապետի խոսակցություններն ու երդումներն առասպել են։ Այս պահին քաղաքական իշխանությունն ամեն բան անում է որ վերաքննիչ դատարանում իշխի «ուզես-չուզես՝ պիտի տաս» տրամադրությունը։ Իսկ դա նաև պետք է անել արագ, որպեսզի հանրահավաքներում մի քանի օր ևս խոսելու բան ունենա, թե պայքարում է անհասկանալի մի բանի դեմ։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը