19 11 2018

23 տոկոս հարկման տակ կընկնեն բոլորը

23 տոկոս հարկման տակ կընկնեն բոլորը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աստիճանաբար սկսում է ցույց տալ իր էությունը։ Պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել 18-65 տարեկան քաղաքացիների համընդհանուր հարկման մասին մի նախաձեռնություն, համաձայն որի, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր և իրենց ստացած բոլոր եկամուտներիցվճարեն եկամտային հարկ 23 տոկոսի չափով։ Այն, ինչ նախկինում խորամանկորեն և խուսանավելով ասում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, փորձելով թաքնվել ID քարտը կուտակային դարձնելու քողի ներքո, այժմ ասվում է բացահայտ։ Հիշեցնենք, որ արդեն անդրադարձել ենք («Համընդհանուր հայտարարագրում կուտակային ID քարտի խայծո՞վ») կառավարության այդ նախաձեռնությանը և անընդունելի համարել պետության կողմից քաղաքացիների նկատմամբ համընդհանուր վերահսկողությունն ու նրանցից լրացուցիչ հարկեր գանձելը:

Ըստ այդ նախաձեռնության, օրինակ, հարյուր հազարավոր գյուղացիները, որոնք ազատված են հարկերից, պետք է տարեկան հայտարարագիր ներկայացնեն, թե որքա՞ն մթերք են վաճառել և դրա 23 տոկոսը վճարեն որպես եկամտային հարկ։ Կամ արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների ուղարկած մասնավոր փոխանցումները ևս պետք է հարկվեն նույն 23 տոկոսի չափով։ Ասենք, գյուղացին տարվա ընթացքում վաճառել է 1 մլն դրամի խաղող կամ խնձոր, ապա ստացված գումարից 230 հազարը պետք է վճարի որպես եկամտային հարկ։ Կամ արտերկրից ամսական 100 դոլարի չափով որդուց գումար ստացող կենսաթոշակառուն դա ևս պետք է հայտարարագրի և 23 դոլարը փոխանցի պետական բյուջե։ Դժվար է հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է նման նախագիծ ցանկանում ընդունել Նիկոլ Փաշինյանը, բայց դրա հիմքերը դրվել են նրա վարչապետության վեց ամիսների ընթացքում։

Մասնավորապես, տնտեսության բոլոր ոլորտներում ձախողումները և տարեկան ծրագրից պակաս հարկային եկամուտներ հավաքելը նրան ստիպում է միջոցներ որոնել այլ տեղերում։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի՝ «թալանածը բյուջե լցնելու» մասին հայտարարությունների, 9 ամիսներին բյուջե մուտք գործած զուտ հարկային եկամուտները 3 տոկոսով կամ 28 մլրդ դրամով պակաս են ծրագրվածից։ Այսինքն, հարկային եկամուտները կազմել են 887,7 մլրդ դրամ նախատեսված 915,1 մլրդ դրամի փոխարեն։ Եվ ահա նա ցանկանում է հարկել գյուղացուն, խոպան մեկնած ընտանիքին, այս կամ այն ինքնագործունեությամբ զբաղված և իրենց գոյությունն այդ կերպ պահպանող մարդկանց։

Թեև հայտարարվում է, որ առանց հանրային լայն քննարկման այս նախաձեռնությունը չի ընդունվի և այն նախատեսված է կյանքի կոչել 2020 թվականից, իրականում անգամ այդ հայտարարություններում փորձ է կատարվում շրջանցել դրանից դժգոհության իրական պատճառները։ Այսպես, թե՛ փոխվարչապետի պաշոտնակատար Արարատ Միրզոյանը, թե՛ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չեն ասում, որ կբացառվի արտերկրից ուղարկվող գումարների հարկումը, այլ ասում են, եթե դրանք հարկվել են այն երկրում որտեղից ուղարկվել է, ապա Հայաստանում դրանք կրկին չեն հարկվի։ Տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե հավելյալ հարկ վճարելուց է դժգոհությունը, այլ կրկնակի հարկումից և մնում էր միայն կրկնակի հարկումը մտցնել՝ «լիակատար երջանկության» համար։ Մինչդեռ, այս նախագծով, որպես խայծ օգտագործելով ID քարտի վրա գումարներ կուտակելու գործոնը, հայտարարվում է, որ եթե որևէ մեկը չի ցանկանում՝ կարող է չկուտակել, բայց հայտարարագրել՝ այսինքն եկամտի 23 տոկոսը վճարել պարտավոր են լինելու բոլորը։

Ի՞նչ կլինի սրա հետևանքները, դժվար չէ պատկերացնել։ Պետության մտցրած ռեպրեսիվ համակարգը կհանգեցնի գյուղացիների եկամուտների կտրուկ նվազմանը, արտերկրից գումաներ ուղարկողներն էլ կնախընտրեն ոչ թե բանկերով կատարել իրենց փոխանցումները, այլ ծանոթների միջոցով՝ դրանից բխող ռիսկերով։ Սա հետընթաց է դեպի 90-ականներ, երբ հենց այդ կերպ էին հիմնականում Հայաստան գումարներ մտնում։ Սրանից տուժելու է նաև բանկային համակարգը, որի կարևոր գործառույթներից է մասնավոր փոխանցումների իրականացումը տարբեր երկրներից։ Բանկերը կզրկվեն հավելյալ եկամուտներից, մենք՝ քաղաքակիրթ ֆինանսական գործարքներ կատարելու հնարավորությունից։

Այդուհանդերձ, հավանական է թվում նաև այս գաղափարի շրջանառության մեջ մտցնելու քաղաքական շարժառիթը։ Ժողովուրդը դժգոհում է նրանից, իսկ «բարի ցարը» զայրանում է և քննադատում այդ նախաձեռնությունը։ Նախընտրական շրջանում սա լավ աշխատող տարբերակ է։ Իսկ ահա եկող տարի, հրապարակի երգող ու պարող, բարեկեցության բարձրացման ակնկալիքով փրկչի սպասող և ի դեմս Նիկոլ Փաշինյանի դա տեսնող «ժողովուրդը» կրկին կկանգնի նախագծի վերածված նույն գաղափարի առջև։ Նիկոլ Փաշինյանն էլ կհիշեցնի, որ ինքը ստացել է «ժողովրդի» մանդատը և հենց այդ ժողովրդի համար է այդ նախագիծը կյանքի կոչվելու ․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ