Համաշխարհային բանկի հրապարակված նոր զեկույցում կանխատեսում է, որ Հայաստանի տարեկան տնտեսական աճը կկազմի 5,3 տոկոս։ Ո՞րն է ՀԲ նման կանխատեսման հիմքերը՝ նկատի ունենալով, որ դրանք, որպես կանոն, էապես տարբեր են լինում վերջնարդյունքում արձանագրվող իրական ցուցանիշներից։
Համաշխարհային բանկի կանխատեսոuմների հիմքում դրվում է մի քանի հիմնական ցուցանիշներ՝ համաշխարհային տնտեսության վիճակը և զարգացումները, հումքային ապրանքների՝ նավթ, գազ և այլն գները, տարածաշրջանային ազդեցությունները, ապա միայն ներքին տնտեսական իրողությունները։ Դա թերևս բնական է, քանի որ Համաշխարային բանկը չի կարող երկու հարյուր երկրի տնտեսության վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություններ անել և հաշվի առնելով տեղական առնաձնահատկությունները ավելի իրատեսական կանխատեսումներով հանդես գալ։ Դա է պատճառը այն խզման որ առաջանում է երկրների տնտեսական աճի իրական ցուցանիշներում՝ ՀԲ կանխատեսումների հետ համեմատ։
Վերադառնալով Հայաստանի վերաբերյալ զեկույցին, նշենք, որ տնտեսական աճին նպաստող գլխավոր ոլորտները Համաշխարային բանկը համարել է ծառայությունների ոլորտը, որտեղ կանխատեսվում է 6,3 տոկոս աճ, արդյունաբերությունը՝ 5 տոկոս կանխատեսվող աճ և գյուղատնտեսությունը՝ 2.5 աճի կանխատեսում: Այժմ ներկայացնենք այդ նույն ոլորտներում 9 ամիսների տվյալներով ազգային վիճակագրական ծառայության արձանագրած ցուցանիշները։
Ծառայությունների ոլորտում այս տարվա ինը ամիսներին արձանագրվել է 19,1 տոկոս աճ, ինչի մասին խոսելով, Նիկոլ Փաշինյանը դա վերագրել է բուքմեյքերական գրասենյակներում հունիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ արված խաղադրույքներին։ Դրա շնորհիվ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ծառայությունների ոլորտում 21,1 տոկոս էր աճը կազմել, և 9 ամսվա ցուցանիշներում աճը պահպանվում է։ Ակնհայտ է, որ մինչև տարեվերջ աճի տեմպն այստեղ նվազելու է, մոտենալով ՀԲ կանխատեսած աճի ցուցանիշին։
Արդյունաբերությունում, հակառակ ՀԲ լավատեսության, 9 ամիսներին աճը արդեն իսկ 4 տոկոս է՝ տարվա առաջին եռամսյակում 8,2 տոկոս աճի համեմատ։ Դրան հաջորդող եռամսյակներում անկում է եղել, իսկ արդեն այս ամսին Ալավերդու կոմբինատի աշխատանքի դադարեցումը ավելի է խորացնելու արդյունաբերության բացասական ցուցանիշները՝ չխոսելով արդեն այդ պատճառով ավելի քան 600 մարդու աշխատանքից զրկվելու փաստի մասին։ Այսինքն, միանշանակ է, որ արդյունաբերության աճի տեմպը մինչև տարեվերջ շարունակելու է նվազել և շատ ավելի ցածր է լինելու, քան Համաշխարհային բանկի կանխատեսած 5 տոկոսը։
Ինչ մնում է գյուղատնտեսությանը, ապա ՀԲ կանխատեսումն այստեղ պարզապես զարմանք է առաջացնում։ Եթե ընթացիկ տարվա ավարտից երեք ամիս առաջ այստեղ արդեն 4,8 տոկոսով անկում է արձանագրվել, իսկ գյուղատնտեսության սեզոնն էլ մնացել է հետեում, ինչի՞ հաշվին է գյուղատնտեսոթյունում 2,5 տոկոս աճ լինելու ․․․
Եթե նկատի ունենանք, որ շինարարությունում էլ աճի տեմպը սրընթաց իջնում է, իսկ առջևում շինարարության համար ոչ նպաստավոր ձմեռային ամիսներին են, ակնհայտ է, որ այս ճյուղը ոչ մի կերպ չի օգնելու տնտեսական աճին, այլ՝ ընդհակառակը։
Իրականության այս ֆոնին ամենազավեշտալին ՀԲ հետևյալ եզրակացություն է․ «2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումները: Իրական աշխատավարձի աճը, գործազրկության կրճատումը և դրամական փոխանցումների աճը խթանում են սպառման ծավալների մեծացմանը և աղքատության կրճատմանը»:
Թե ինչպե՞ս են փոխվել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների տարեսկզբի դրական միտումները հեղափոխությանը հաջորդած ամիսներին, արդեն նշեցինք։ Ինչ մնում է իրական աշխատավարձի և դրամական փոխանցումների աճին, ապա թե առաջին, թե երկրորդ դեպքում գործ ունենք ՀԲ-ի ներկայացրածին տրամագծորեն հակառակ ցուցանիշների հետ։
Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա օգոստոս ամսին արտերկրից մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է՝ կազմելով մոտ 63 մլն դոլար, հուլիսի՝ 80 մլն դոլարի և հունիսի 88 մլն դոլարի դիմաց։ ՀԲ եզրակացության մեջ փաստորեն անտեսվել է Ռուսաստանի տնտեսության մեջ արձանագրվող բացասական իրադարձությունները՝ պայմանավորված արևմտյան պատժամիջոցներով և ռուսական ռուբլու արժեզրկմամբ։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն էլ, սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ միջին աշխատավարձը Հայաստանում նվազել է 0,8 տոկոսով, ընդ որում՝ պետական աշխատողների աշխատավարձը՝ 6 տոկոսով։
Միանշանակ է, որ այս գործոնները չեն խթանի ոչ սպառման ծավալների մեծացմանը, ոչ աղքատության կրճատմանը։ Հետևաբար, Հայաստանի համար 5,3 տոկոս տնտեսական աճի ՀԲ կանխատեսումը չափազանցված լավատեսական կանխատեսում է և հիմնված բացառապես հունիսին արձանագրված բուքմեյքերական ծառայությունների «բումով»։ Եվ դա չնայած նրան, որ տարվա առաջին եռամսյակում արձանագրվել էր 10,6 տոկոս տնտեսական աճ և մեր տնտեսությունը գնում էր երկնիշ տնտեսական աճի ուղիով՝ եթե դրան չխանգարեր ապրիլ-մայիս ամիսներին ամեն ինչ հակառակ ուղղությամբ տանող ցնցումը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը