Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը մեր իրականության մեջ նոր և հետաքրքրական երևույթ էր՝ անկախ այն բանից, որ Հայստանը, մեղմ ասած, հեռու է ֆրանսախոս երկիր դիտարկվելուց։ Արդար կլինի հիշեցնել, որ այս պատկառելի կազմակերպության գագաթաժողովը, այսինքն շուրջ 4 տասնյակ ֆրանսախոս երկրների ղեկավարների հանդիպումը Հայաստանում անցկացնելու գաղափարը և նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են նախորդ իշխանությունների կողմից։ Ներկայիս իշխանությունն ու վարչապետը գագաթաժողովի օրերին որևէ կերպ չանդրադարձան այդ փաստին, միաժամանակ այս առիթը ևս օգտագործեցին սեփական քաղաքական նպատակներով՝ ներկաներին տեղի-անտեղի հիշեցնելով «թավշյա հեղափոխության» և նրա արժեքների մասին։
Մինչդեռ գագաթաժողովի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելն ու մեր երկիր ներդրումներ ներգրավելը, հայ-ֆրանսիական տնտեսական կապերը խորացնելն է եղել։ Այդ մասին շեշտվել է այս տարվա հունվարին Ելիսեյան պալատում Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին, մասնավորապես նշվել է, որ նախագահները հավանության են արժանացրել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում անցկացնել ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որը նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին։
Թե որքանո՞վ դա տեղի ունեցավ, դժվար է հստակ ասել, բայց որ մեր երկրում վերջին 5-6 ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, որոնցով հպարտանում է Նիկոլ Փաշինյանը ֆրանսախոս հյուրերի առաջ, լուրջ կասկածներ առաջացրեցին Հայաստանի՝ որպես երկրի կանխատեսելիության և վստահելիության նկատմամբ, միանշանակ է։
Այն, որ մինչ ֆրանկոֆոն երկրների համաժողովը Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի մեջ մեղադրել է ֆրանսիական խոշորագույն ներդրող ընկերությանը՝ «Վեոլիային», հաստատապես ավելի է խորացրել ֆրանսիացի գործարարների մոտ մեր երկրի գործարար միջավայրի նկատմամբ անվստահությունը։
Այդ պայմաններում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած համաժողովին մասնակից գործարարները իրենց այցելությունը Հայաստան թերևս դիտարկել են միայն որպես զբոսաշրջային այցելություն։ Ի դեպ, ըստ էության, դա հաստատեց նաև տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը` ասելով, որ այդ մարդիկ միայն ծանոթանում են Հայաստանում բիզնեսի ոլորտին, և չի բացառվում, որ գոնե նրանցից ոմանք կցանկանան համագործակցել հայկական ընկերությունների հետ: Իսկապես որ՝ «չի բացառվում», «գուցե», «ոմանք» ․․․
Ամեն դեպքում, ինչպես Ֆրանկոֆոնիային միջազգային գագաթաժողովն ընդհանրապես, այնպես էլ դրա շրջանակում անցկացված տնտեսական համաժողովը որոշակի դրական ազդեցություն ունեցավ մեր կյանքում․ այդ օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի ավելացման արդյունքում որոշ չափով աշխուժացավ ծառայությունների ոլորտն ու առևտուրը։ Դա Նիկոլ Փաշինյանի աքցանի մեջ հայտնված ազգային վիճակագրական ծառայությունը անպայման կուռճացնի հոկտեմբեր ամիսն ցուցանիշների մեջ ծառայությունների ոլորտում ցնցող աճ պատկերելու համար։ Գործող վարչապետին այդքանն էլ բավարար է՝ «տնտեսական թռիչքին» նախապատրաստվելու հերթական գրառումն անելու համար։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը