Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային վերահսկողության ամբողջական կորստից հետո, ասվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ։
Ըստ Fitch-ի՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը դժվար կլինի «Հայաստանից Ադրբեջանի պահանջների պատճառով՝ նրա տարածքով տարանցիկ միջանցք ստեղծելու և սահմանադրական փոփոխություններ կատարելու համար, ինչին քաղաքականապես դժվար կլինի համաձայնել»:
«Մեր բազային սցենարը հակամարտության սրում չի ներառում, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկա մնալ Հայաստանի տարածքում և սպորադիկ փոխհրաձգություններ են տեղի ունենում», - նշում է վարկանիշային գործակալությունը։
Fitch-ն իր կանխատեսման մեջ նշում է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները, կարծես թե, վատթարացել են. Հայաստանը դադարեցրել է մասնակցությունն ու բյուջետային վճարումները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ինչպես նաև մասնակցում է զորավարժություններին ԱՄՆ-ի հետ: Սակայն, Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը շատ մեծ է: Fitch-ը չի ակնկալում Հայաստանի դեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցները և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,- ասվում է միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը