25 11 2022

Զոհեր, զոհեր, էլի զոհեր ու․․․ Սալյո՛ւտ

Զոհեր, զոհեր, էլի զոհեր ու․․․ Սալյո՛ւտ

Մարդկանց մի տեսակ կա, որ եթե ցեխաջուրն են ընկնում, նախ՝ գոռում են, որպեսզի մարդիկ հավաքվեն: Ու երբ տեսնում են, որ բավարար թվով բազմություն է հավաքվել, որքան ուժ ունեն, չլմփացնում են այդ ցեխաջուրը, որպեսզի մյուս բոլորն էլ ցեխաջրվեն, կեղտոտվեն: Փաշինյան Նիկոլը դրանցից է, իր ամբողջ քպ-նոցով:

Նրան ու իր քպ-ականներին քիչ են թվում այն աղետները, որ բերել են Հայաստանի ու Արցախի գլխին: Նրանց քիչ են թվում իրենց հրահրած, շատերի կողմից որպես «պայմանավորված» նշվող պատերազմի հետևանքները: Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին քիչ են թվում իրենց մեղքով պանված ավելի քան 5000 հայ զինվորները: Նրանք երազում են բոլոր հայ մարդկանց կոտորելու, Հայաստանը անթաղ մեռելների գերեզմանոցի վերածելու մասին: Բայց դա էլ է քիչ թվում, նրանց պետք է համատարած բարոյազրկում:

Նրանց պետք է, որ անհայրենիքության, անբարոյականության, երկրուրացության «ցեխաջուրը» ցայտեցնեն, որքան հնարավոր է, շատերի, իսկ որ ստացվի՝ ամբողջ հասարակության վրա: Ու ստացվում է:

Ստացվում է, քանի որ Նիկոլ Փաշինյանի նման մեկի իշխանության շարունակումը հնարավոր է միմիայն բացարձակապես բարոյազուրկ, լիովին արժեքազերծ, մարդկային նկարագիր ու ազգային գիտակցություն չունեցող, արժանապատվությունից ու տարրական ինքնասիրությունից զուրկ բազմության պայմաններում:

Մամուլն օրերս անդրադարձել էր այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանի Երևանի քաղաքապետարանը ավելի քան 191 միլիոն դրամ, շուրջ կես միլիոն դոլար է վատնելու «լայնամասշտաբ ամանորյա լուսավորության» նախագծի վրա:

Ճիշտ է, մամուլում այս թեման արծարծվել էր նշված միջոցները վատնելու հետ կապված կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից: Ըստ որում, այնպիսի կոռուպցիոն ռիսկերի, որ եթե նման բան լիներ մի 10 տարի առաջ, ապա զանազան «ազատություն»-ների վայնասունը մինչև Վաշինգտոն ու Բրյուսել կհասներ, իսկ հիմա, քանի որ իրենց սիրելի Նիկոլն է բետբյուջեի լափամանն ընկել, ամեն ինչ ուղղակի ընտիր է, նույնիսկ՝ չտեսնված: Ինչևէ:

Ամանորյա, ուրեմն, լայնամասշտաբ լումավորություն: Ու այդ՝ հաբռգած օլիգարխի «հարսանիքի սալյուտի» նման լուսավորության զարդարում-հարդարումն այս օրերին թափով իրականացվում է: Դատելով արդեն իսկ լուսահարդարված առանձին հատվածներից, Երևանը, 2022-ի վերջին ու 2023-ի սկզբին մոտ, ուղղակի հեղեղվելու է տոնական զարդարանքներով ու նույնքան ցնծալի «լայնամասշտաբ լուսավորությամբ»: Այնպիսի ճոխ, բոշայական չտեսությամբ տոնական լուսավորում է լինելու, որ Նիկոլ Փաշինյանի բաց թողած ֆանտոմային արբանյակից էլ երևա...

Տոնական ցնծություն ու պլպլուն լուսավորություն... մայրաքաղաքում մի երկրի, որ Նիկոլ Փաշինյանի բստրած պատերազմից ավելի քան 2 տարի անց էլ չգիտե, թե քանի զավակ է կորցրել՝ 4 հազա՞ր, 5 հազա՞ր, թե՞, ինչպես վերջերս օտարերկրացի մի գործիչ նշեց՝ 6500:

Տոն ու խնդություն մայրաքաղաքում մի երկրի, որտեղ բառացիորեն մի քանի ամիս առաջ, օգոստոսի 14-ին, կասկածելի ու տակավին որևէ համոզիչ բացատրություն չստացած ուժգին պայթյունի հետևանքով, մեկեն տասնյակից ավելի մարդիկ կոտորվեցին:

Ամանորյա տոն ու ցնծություն մայրաքաղաքում մի երկրի, որ սեպտեմբերին էլի մի քանի հարյուր երիտասարդ կորցրեց՝ իր հանդուրժած անհանդուրժելիի մահաբեր «խաղաղության օրակարգ» վարելու հետևանքով... Ու զոհեր, որ դեռևս անգամ հողին չեն հանձնվել...

Նման բան, կրկնեմ, հնարավոր է միմիայն բարոյազուրկ և մարդկային նկարագիրը կորցրած բազմության պայմաններում: Դա այն է, ինչը պատկերավոր կոչվում է. խրախճանք՝ ժանտախտի ժամանակ:

Թե ո՞վ է կամ ի՛նչ է Նիկոլ Փաշինյանը, հրաշալի հայտնի էր: Հայտնի էր, ու թող ոչ մեկն էլ կզաքիսի պես չթոթովի, թե «խեղճ ժողովրդին խաբեցին...», «խեղճ ժողովուրդն ինչ իմանար...»:  

Բայց ո՞վ կամ ի՛նչ է հասարակությունը, որ թույլ է տալիս այդ ամենը:

Ու որքան էլ սոսկալի է պատկերացնել, բայց միանգամայն հնարավոր է, որ նմանները իրենց հարազատի շիրիմին ոչ թե խունկ կծխեն, այլ սայլուտ կխփեն ու տոնական քեֆ կանեն: Չնայած, ի՛նչ տարբերություն դրա և անանորյա ճոխ լուսավորություն սարքողներին հանդուրժելու մեջ:
Օրերս հանրույթի մի մասը բորբոքվել էր՝ տեղեկանալով գյուղերից մեկում կատարված դաժան սպանությունների մասին: Բայց որ մի ամբողջ սերնդի պայծառ տղաներին կոտորածի մատնեց իրենց կռապաշտած Նիկոլ Փաշինյանը, դա ոչի՛նչ, ստից բան է, կարելի է լայնամասշտաբ տոնական լուսավորություն էլ անել, սալյուտ էլ խփել, տո ճնխ քեֆ էլ անել, ի՛նչ է եղել, որ...
Անզգամ ու անբարո միջավայր, որպես ծավալվող ողբերգության անհրաժեշտ բաղադրիչ: Լուսաթաթախ խավարատիրություն և ցինիզմով ողողված բարոյազրկում

 

Արմեն Հակոբյան      

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ