10 11 2022

190 մլն դրամանոց անակնկալ․ Երևանում ամանորյա լուսային նախագիծն իրականացնելու համար մրցույթ չի հայտարարվել․ Factor.am

190 մլն դրամանոց անակնկալ․ Երևանում ամանորյա լուսային նախագիծն իրականացնելու համար մրցույթ չի հայտարարվել․ Factor.am

Երևանի քաղաքապետարանը մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացման համար քաղաքային բյուջեից 191 մլն 6 հազար դրամ է ծախսում։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Լուսավորության մեծամասշտաբ ծրագիր անցկացնելու մասին քաղաքապետարանը տեղեկացրեց հոկտեմբերի 26-ին։

Այս հայտարարությունից երկու օր անց, ինչպես Factor.am-ին փոխանցված պատասխանում է նշված, քաղաքապետարանը «մեկ անձից գնման» ընթացակարգով 191 մլն 6 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ Գնումների պետական համակարգի՝ այս ընկերությունն առաջին անգամ է պետական գնման մասնակցում և միանգամից «մեկ անձից գնման» ընթացակարգով։ Մեկ անձից՝ առանց մրցույթի, պետական կառույցները գնումներ կատարում են, երբ ժամանակային առումով սահմանափակում կա կամ տվյալ ծառայությունը մատուցողները եզակի ընկերություններ են, ինչպես օրինակ, էլեկտաէներգիայի, բնական գազի կամ ջրի մատակարարման դեպքում։

Ինչ վերաբերում է ժամանակային սահմանափակումներին, ապա Երևանի քաղաքապետարանում դժվար, թե չիմանային, որ հունվարի 1-ին Նոր տարի է, իսկ մինչ այդ պետք է պատրաստվել տոներին։ Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը նախատեսվածից շուտ տեղադրվում է նաև այն հանգամանքով պայմանավորված, որ այս տարի դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի է ունենալու «Մանկական եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը, իսկ դեկտեմբերի 5-ին Հայաստան ժամանած մասնակիցները պետք է միացնեն տոնածառի լույսերը։

Այս դեպքում էլ նկատենք, որ Հանրային ՀԸ-ն, որպես այդ մրցույթի կազմակերպիչ, դեռ ապրիլի 6-ին էր հայտարարել, որ միջոցառումը տեղի է ունենալու Երևանում։ Ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանն ուներ կես տարուց ավելի ժամանակ՝ մրցույթ հայտարարելու և բաց ու թափանցիկ գնում կազմակերպելու համար։ Իսկ ինչ վերաբերում է լուսային մեծամասշտաբ նախագծին, քաղաքապետարանը չի մասնավորեցնում, թե ինչ է տեղի ունենալու, նշելով, որ անակնկալ է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ