Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ սեպտեմբերի 30-ի հարցազրույցում մի շարք հակապետական, սուտ, մանիպուլատիվ ձևակերպումներ արեց։ Մամուլը, փորձագետները անդրադառնում են այդ ամենին, չեն զլանում հազարերորդ անգամ բռնել և հանրության դատին հանձնել Փաշինյանի սուտը, նախկին ու այժմ ասածների տարբերությունները, կեղծիքները։
Ամենամեծ ստրից մեկը Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը Ռոբերտ Քոչարյանին վերագրելն է։ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Ռոբերտ Քոչարյանի՝ բանակցողին փոխելու անհրաժեշտության վերաբերյալ մտքին և ասում՝ «Այո, բանակցողի ֆիգուրը կարևոր է և 1998 փվականին բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս մնաց»։
Անհաշվելի անգամներ Նիկոլ Փաշինյանը, նիկոլական զանգվածը այս կեղծիքն են արտահայտել և անհաշվելի անգամներ հակադարձումներ են ստացել։ Բայց միևնույն է՝ շարունակում են փաստերը խեղաթյուրելը։ Կարծում ենք, արժե ևս մեկ անգամ հանրության դատին հանձնել իրականությունը՝ ղարաբաղը բանակցություններից դուրս մնալու կամ թողնելու վերաբերյալ։
1997 թվականի հունվարի վերջին ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը ելույթում ասում է․ «Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիվանագիտական և տնտեսական բնույթ»:
Նույն օրերին՝ 1997թ․ հունվարի 25-ին, հարցազրույց է տալիս կամ ելույթ է ունենում ՀՀ այդ ժամանակ վարչապետ Արմեն Սարգսյանը և ասում․ «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզված ենք, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցության»։
Այդ ժամանակ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, որը բանակցում էր Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, նույն օրը՝ 1997թ․ հունվարի 25-ին, Լոնդոնում անցկացվող «Անդրկովսկայն հեռանկարները» խորհրդաժողովում ելույթում ասում է․ «Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցության»։
Նա ասում է, որ ժամանակին Հայաստանը ընդառաջել է և ընդունել Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը:
1997թ․ փետրվարի 15-ին մամուլի ասուլիս է տալիս ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը և ասում․ «Այսուհետ Հայաստանը ղարաբաղյան հարցով չի բանակցի Ադրբեջանի հետ, եթե բանակցություններին չմասնակցի Ստեփանակերտը»:
1997թ․ փետրվարի 22-ին հարցազրույց է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանը և ասում․ «Լուծումը կարելի է գտնել միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բանակցություններով: Ամենից լավը կլիներ, իհարկե, որ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը սկսեն ուղիղ բանակցությունները: Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս»։
Առավել մանրամասն այս հարցազրույցներին և այլ փաստերի կարող եք ծանոթանալ այստեղ։
Այս հղմամբ կարող եք ծանոթանալ Ժիրայր Լիպարիտյանը՝ Արցախի՝ բանակցություններին մասնակցելու անհրաժեշտության վերաբերյալ այլ գնահատականների ևս։
Այս ամենը տեղի է ունեցել 1997 թվականին, որի ժամանակ ՀՀ նախագահ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը։
12․03․2019թ․ Civilnet-ը հրապարակեց մի շարք խոսուն փաստեր Գրվում է, որ «Անժամկետ զինադադարից հետո մինչև 1996թ. բանակցությունները, որոնք հիմնականում տեղի էին ունենում Մոսկվայում, եռակողմ էին` Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: 1997թ. գարնանը, երբ Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձևաչափով բանակցությունների վերջին փուլը, հայկական կողմը լքեց բանակցությունները, քանի որ Ադրբեջանը պնդեց կարգավորման հիմք ընդունել 1996-ի լիսաբոնյան երեք սկզբունքները: Այսպես, 1997-ի գարնանից առ այսօր եռակողմ ձևաչափով բանակցություն տեղի չեն ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է»:
Իհարկե՝ դրանից հետո տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն իր հերթին բերում է փաստեր՝ «1997 թվականի ապրիլի 1-4 -ը կայացել է հակամարտության կողմերի մասնակցությամբ վերջին բանակցությունները, որտեղ միջնորդների կողմից հայտարարվել է «մաքոքային դիվանագիտությանը»(челночная дипломатия) անցնելու մասին։ Ըստ էության, համանախագահները հրաժարվել են կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափից՝ դրա անարդյունավետության պատճառով։ Այդ հանդիպմանը չի հաջողվել անգամ հակամարտության կողմերին նստեցնել ավանդական ընթրիքի սեղանի շուրջ։
«Մաքոքային դիվանագիտության» շրջանակներում 97-ի ապրիլից մինչև 99-ի վերջը եռյակն այցելել է տարածաշրջան 8 անգամ. եղել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում և հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի նախագահների հետ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ համանապագահների այցերը Արցախ և բանակցությունները Արցախի նախագահի հետ կրել են մշտական բնույթ, իսկ Փաշինյանի օրոք եղել է զրո նման այց:
Այսպիսով՝ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը դադարեցվել էր դեռևս 1997 թվականի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ շաբաթ է՝ ինչ հանդիսանում էր Հայաստանի վարչապետ։ Սակայն միջնորդների այցելությունները Ստեփանակերտ և ԼՂՀ Նախագահի հետ պարտադիր հանդիպումներն ընդգծում էին Ղարաբաղը որպես հակամարտության լիարժեք կողմ ընկալելու փաստը»։
Բագրատ Միկոյանի նշած փաստերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2020թ․ սեպտեմբերի 18-ին հանդես եկավ ծավալուն քննարկմամբ քաղաքագետների հետ և ներկայացրեց բավականին ուշագրավ դրվագներ ղարաբաղյան հարցից, իր ղեկավարման տարիներին բանակցություններից, այժմ երևացող իրավիճակից։ Կարևոր անդրադարձ կար Արցախը բանակցություններից դուրս մնալու դրվագին․
«Ըստ էության, 1997 թվականի ընթացքում ես չեմ հիշում որևէ հանդիպում՝ Ղարաբաղի մասնակցությամբ, և այդ ֆորմատը ուղղակի դուրս մնաց բանակցային գործընթացից։ Ոչ թե ես փոխարինեցի մեկին։ Ես շարունակել եմ այն հանդիպումները, որոնք մինչեւ ինձ ունեցել է առաջին նախագահը, եւ ինձանից հետո՝ երրորդ նախագահը։ Առանձին բանակցային գործընթաց շատ ակտիվ սկսվել էր 1995 թվականին, նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի եւ Վաֆա Գուլուզադեի միջեւ։ 1995-1996 թթ․ -ին հանդիպել են, եթե չեմ սխալվում, 11 անգամ։ Եվ այն ժամանակ բոլոր հանդիպումներից հետո հանդիպումների մասին Արկադի Ղուկասյանին Ժիրայր Լիպարիտյանն էր պատմում, կամ, եթե ես Երեւանում էի, ինձ հետ էր հանդիպում եւ պատմում՝ թե ինչ են բանակցել։ Այսինքն, կար առանձին ֆորմատ, եւ իրենք ընդունում էին, նաեւ Ժիրայր Լիպարիտյանն էր իր հարցազրույցներում մի քանի անգամ նշել, որ տեսնում են, որ գործընթացը փակուղու մեջ է, եւ մտածել են այդպիսի առանձին ֆորմատով միգուցե որոշակի լուծումներ գտնեն։ Ավարտվեց այդ գործընթացը լիսաբոնյան որոշումներով, որտեղ Հայաստանը ուղղակի մնաց մենակ։ Իմ տպավորությամբ, հայկական կողմից բանակցողները չէին հավատում, որ Ղարաբաղը կարող է ընդհանրապես ճանաչվել՝ որպես անկախ պետություն։ Ես քանի անգամ քննարկել եմ այդ հարցը Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Շատ բարձր ինտելեկտի տեր մարդ է, անկասկած, բայց ես տեսնում էի, որ այդ մարդը չի հավատում, որ մենք կարող ենք հասնել մեր հռչակած նպատակներին։ Ուղղակի չէր հավատում։ Այսպես է ըստ էության վերացել ֆորմատը»։
Հիմա ով ինչ ասի, փաստ է այն, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է ընտրվել 1998 թվականին։ Արդեն 1997 թվականին, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցը քննարկել են առանց Արցախի մասնակցության և ըստ էության՝ Լեռնային Ղարաբաղը արդեն 1997-ին բանակցություններից դուրս է թողնված եղել։
Փաստերը սրանք են։ Այս փաստերն ունենալով այլ հետևություններ անել կամ ասել Ռոբերտ Քոչարյանն է թողել բանակցությունների դուրս, նշանակում է էշի տեղ է դնում ասողը և՛ իրեն, և՛ լսողներին։
Բայց չնայած որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է Արցախը դուրս մնացել բանակցություններից, բայց միևնույն է՝ Տեր-Պետրոսյանին անգամ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մեղադրելու Նիկոլ Փաշինյանի, քանի որ իր օրոք Արցախը վերանում է քաղաքական քարտեզից, իսկ Փաշինյանն ինքը հայտարարում է, որ Հայաստանը կապ չունի, թող Արցախն ու Ադրբեջանը իրար հետ բանակցեն ու իրենց հարցը լուծեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը