Վերջին տարիներին դատաքննչական պրակտիկայում առաջացել են որոշակի խնդիրներ երեխաների իրավունքների պաշտպանության կապակցությամբ։ Այս մասին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը:
«Խոսքը վերաբերում է նրանց նկատմամբ կատարվող որոշակի հանցագործությունների պարագայում, գործուն զղջալու կամ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու դեպքերին: Այս առումով մեր ուշադրության կենտրոնում հայտնվել են 14-ից 16 տարեկան երեխաները և ունեցել ենք դեպքեր, երբ 14-16 տարեկան երեխայի նկատմամբ կատարված սեռական ոտնձգության, կամ այդ բնույթի հանցագործության պարագայում հաշտության հիմքով հանցանք կատարած անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից։
Ինչու՞ է այս խնդիրը մեզ մտահոգում, հայտնի է, որ անգամ 14-16 տարեկան երեխաները իրենց սոցիալական զարգացվածության մակարդակով, ֆիզիոլոգիական հատկանիշներով, մտավոր ունակությունների բերումով և այլն, սահմանափակ գործունակ են, և հաշտության պարագայում, երբ մենք հիմքում դնում ենք քրեական պատասխանատվությունից ազատելը, պետք է առկա լինի լիարժեք գիտակցված, ինքնուրույն կամահայտնություն, որը 14-16 տարեկան երեխաների պարագայում պարզապես չի կարող լինել»,- նշեց Մարանդյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը