Civilnet.am-ը գրում է. «Լեռնային Ղարաբաղը եղե՞լ է արդյոք կարգավորման բանակցությունների լիարժեք կողմ: Երբ ասվել է Լեռնային Ղարաբաղի պատվիրակություն, ի՞նչ են դրա տակ հասկացել Երևանի, Բաքվի, Ստեփանակերտի իշխանությունները և միջազգային հանրությունը: Եթե Արցախը եղել է բանակցությունների լիարժեք կողմ, ապա ե՞րբ է դուրս մնացել:
Այս և նմանօրինակ հարցերը կրկին շրջանառվում են հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և ինքը բանակցություններում չի կարող ներկայացնել Արցախի իշխանություններին:
Հարցին անդրադառնանք միջազգային փաստաթղթերով և ժամանակագրային կարգով:
Ղարաբաղյան հակամարտության առաջին միջազգային փաստաթուղթ կարող ենք համարել Ժելեզնովոդսկի հուշագիրը, որը ստորագրվել է 1991թ. սեպտեմբերի 23-ին ռուսական այս քաղաքում:
1991թ. սեպտեմբերի 20-23-ը Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինի ու Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած միջնորդական առաքելությունը այցելեց Բաքու, Ստեփանակերտ և Երևան, հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարության հետ: Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին ստորագրվեց Ժելեզնովոդսկի հուշագիրը, որի տակ դրված են Բորիս Ելցինի, Նուրսուլթան Նազարբաևի, Այազ Մութալիբովի և Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունները:
Փաստաթղթի վերջում գրված է, որ հուշագրի քննարկմանը մասնակցել են նաև Ջաֆարովը, Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը: Վագիֆ Ջաֆարովը ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներին, Լեոնարդ Պետրսյանը Արցախի այդ օրերի թիվ մեկ պետական պաշտոնյան էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի թիվ մեկ քաղաքական դեմքը կամ ոչ պաշտոնական առաջնորդը:
Դատեցեք ինքներդ՝ Ժելեզնովոդսկի հուշագրով Արցախը բանակցային գործընթացի մաս կազմե՞լ է: Եթե այո, ապա կարո՞ղ ենք հերքել, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև ադրբեջանական համայնքից Շուշիի ներկայացուցիչը:
1992թ. մարտի 24-ին Հելսինկիի ԵԱՀԿ խորհրդի լրացուցիչ հանդիպման շրջանակներում փաստացի ստեղծվեց Մինսկի խումբը, ավելի ճիշտ՝ Մինսկում անցկացվելիք խորհրդաժողովին մասնակից երկրների խումբը: Ահա այդ երկրները՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխիա և Սլովակիա, Շվեդիա:
Երկրների կազմում չկա Լեռնային Ղարաբաղը: Եվ չէր էլ կարող լինել, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր Արցախը ճանաչված չէ, անգամ՝ Հայաստանի կողմից:
Բայց փաստաթղթում նաև ասվում է. «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից` խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո»:
Ուշադրություն դարձրեք երկու իրողության վրա: Առաջին, Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները որպես շահագրգիռ կողմ են հրավիրվում և դա արվում է պետությունների հետ խորհրդակցությունից հետո, երկրորդ, ակնհայտ է, որ հրավիրվում են ինչպես հայերը, այնպես էլ՝ ադրբեջանցիները: 1992-ին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ ասելով՝ հասկացվում էր այն օրերի Գերագույն խորհուրդը, որի նախագահը Արթուր Մկրտչյանն էր: Այլ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի ունեին Շուշիի քաղաքային իշխանություններին, այն ժամանակ՝ Նիզամի Բահմանովին:
1992-1994թթ. բանակցություններն ընթանում էին պատերազմական գործողություններին զուգահեռ: Ե՛վ ԵԱՀԿ-ի ու նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի, և՛ զուգահեռաբար ընթացող Ռուսաստանի խաղաղարար ջանքերն այդ տարիներին առաջին հերթին ուղղված էին կրակի դադարեցմանը, ինչը հաջողվեց 1994-ի մայիսին` գերազանցապես Մոսկվայի միջնորդությամբ: Սկզբնական շրջանում Ստեփանակերտը հրաժարվում էր բանակցություններին մասնակցելուց, քանի որ նախ չէր հստակեցվում նրա կարգավիճակը, երկրորդ` «ղարաբաղյան կողմ» անվան տակ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը նկատի ունեին «Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները»: Երևանի, անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորներից հետո միայն Ստեփանակերտը ներգրավվեց բանակցություններում:
Մայիսյան անժամկետ զինադադարից հետո մինչև 1996թ. բանակցությունները, որոնք հիմնականում տեղի էին ունենում Մոսկվայում, եռակողմ էին` Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Բայց պետք է հիշել, որ Ադրբեջանը երբեք չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը որպես բանակցությունների կողմ, և այդ պատճառով անդադար վեճեր էին լինում: Լավագույն դեպքում Ադրբեջանը ճանաչում էր՝ պայմանով, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը ունենա համայնքային կազմ՝ հայեր և ադրբեջանցիներ, ինչը նույնքան և կտրականապես անընդունելի էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար:
Այս բանակցությունների ընթացքում չէր քննարկվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այլ հիմնականում զինված հակամարտության հետևանքների վերացումը` տարածքների վերադարձ, ապաշրջափակումներ, փախստականների վերադարձ, անվտանգության երաշխիքեր, միջազգային խաղաղապահներ:
Բանակցությունների սեղանի շուրջ վիճում էին մի կողմից Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մյուս կողմից` Ադրբեջանը: 1996-ի դեկտեմբերին` ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում, Ռուսաստանը և Արևմուտքը միասնական դիրքորոշում որդեգրեցին և պաշտպանեցին կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտի նախաձեռնությունը: Կարգավորման հարցում ներկայացվեց երեք-կետանոց մի փաստաթուղթ, որում ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունը:
Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում օգտվեց վետոյի իրավունքից: 1997թ. գարնանը, երբ Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձևաչափով բանակցությունների վերջին փուլը, հայկական կողմը լքեց բանակցությունները, քանի որ Ադրբեջանը պնդեց կարգավորման հիմք ընդունել 1996-ի լիսաբոնյան երեք սկզբունքները: Այսպես, 1997-ի գարնանից առ այսօր եռակողմ ձևաչափով բանակցություն տեղի չեն ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է:
Մի կարևոր հանգամանք ևս. բանակցությունների ողջ պատմության ընթացքում՝ սկսած անգամ 1988-ից, միշտ էլ տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների միջև հանդիպումներ: Ավելին, 1995-1996թթ․ եղել է բանակցային մեկ այլ ձևաչափ, երբ քննարկումներ էին ընթանում Հայաստանի և Ադրեջանի նախագահների խորհրդականների, տվյալ դեպքում՝ Ժիրայր Լիպարիտյանի և Վաֆա Գուլուզադեի միջև: Այդ ձևաչափը վերակագնելու փորձ արվեց նաև 2000-ականների կեսերին: Երևանի և Բաքվի ներկայացուցիչներ նշանակվեցին փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանն ու Արազ Ազիմովը:
Երբ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցել-չմասնակցելու մասին, պետք է նշենք երեք հարթություն:
Առաջին. Ստեփանակերտը մասնակցում է բանակցություններին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այցելում է ոչ միայն Բաքու և Երևան, այլ նաև՝ Ստեփանակերտ: Այստեղ պետք է նշենք նաև, որ նույն Մինսկի խումբը Բաքու այցի ընթացքում հանդիպում է նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ: Երբ ԵԱՀԿ գործող նախագահը այցելում է Երևան, հանդիպում է նաև Արցախի նախագահի հետ: Սրանով Արցախը բանակցային կողմ է:
Երկրորդ. երբ Մինսկի խումբը ներկայացնում է կարգավորման առաջարկներ, այն ուղարկվում է երեք ուղղությամբ՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ: ԵԱՀԿ-ն պատասխան ստանում է Բաքվից, Երևանից և Ստեփանակերտից: Սրանով Արցախը բանակցային կողմ է:
Երրորդ. 1997-ի գարնանից սկսված՝ դադարեցվել են եռակողմ ձևաչափով բանակցությունները, ինչով դադարեցվել է նաև Արցախի ուղղակի մասնակցությունը: Սրանով, այո, Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից:
Իրականում, ոչ միայն և ոչ այնքան կարևոր է, թե բանակցությունները ինչ ձևաչափով են ընթանում, այլ ինչ է քննարկվում այդ բանակցություններում: Հնարավոր է տարբերակ, երբ եռակողմ ձևաչափով ավելի վատ տարբերակ քննարկվի հայկական կողմի համար, քան երբ բանակցությունները ընթանում են միայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահաների ու արտգործնախարարների միջև: Եվ, ընդհակառակը, հնարավոր է տարբերակ, երբ երկկողմ ձևաչափով քննարկվի Արցախի համար ավելի անընդունելի տարբերակ, քան եռակողմի դեպքում։
Այսպիսով, բանակցություններին Արցախի մասնակցել-չմասնակցելու հարցը սև-սպիտակ ու պարզունակ չէ, ինչպես այն ներկայացվում է հայկական քաղաքական դիսկուրսում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը