Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրելու հարցին։ Նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Համաձայնագիրը նախատեսում է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնում և խորացում, որն ուղղված է իրավահավասար և փոխշահավետ համագործակցության զարգացմանը։
Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնել և խորացնել համագործակցությունը հետևյալ ոլորտներում․ առևտուր, դեղագործություն, զբոսաշրջություն, էներգետիկա, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում։ Համագործակցությունն ընդգրկելու է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ոլորտներ՝ նպաստելով տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը և գործարար միջավայրի ակտիվացմանը։ Համաձայնագրով նախատեսվում է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանում, Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծում, որը կկազմակերպի և կխթանի փոխադարձ տնտեսական ծրագրերը, նոր գործարար հնարավորությունների ձևավորում՝ երկու երկրների տնտեսությունների ներուժը լիարժեք օգտագործելու նպատակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը