Այս տարի աշնանը Ադրբեջանի ճնշումների արդյունքում հայկական երկու ֆիլմ է գրաքննվել՝ Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» (All I Need)՝ խաղարկային և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմերը: Հայկական ֆիլմերի հանդեպ ոտնձգությունները շարունակվում են, դրա համար էլ հայկական ֆիլմերը պաշտպանելու գործընթաց է սկսվել մի քանի նախաձեռնությունների կողմից: Այս մասին Շառլ Ազնավուրի հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը:
Նրա խոսքով. «Տարբեր երկրներում միջազգային կինոփառատոններին ներկայացվող հայկական ֆիլմերը, մանավանդ նրանք, որոնց մեջ կա ազգային բովանդակություն, հայկական օրակարգ, Արցախի հետ որևէ առնչություն, հետևողականորեն ադրբեջանական դիվանագիտական միջամտություններով դուրս են բերվում կամ հանվում են կինոփառատոնների օրակարգից: Իսկ երբ համապատասխան հարցով դիմում ենք ներկայացնում պատկան մարմիններին, մասնավորապես ԱԳ նախարարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, որոնք ի պաշտոնե, իրենց կանոնադրության, գերատեսչական շահերի բերումով պետք է միջամտեին այդ գործընթացներին և պաշտպանեին հայկական ֆիլմերը ադրբեջանական ոտնձգություններից, զանազան պատճառաբանություններ են բերում՝ ասելով, որ ոչինչ չեն կարող անել: Իսկ մեր գնահատականը հետևյալն է՝ սա ևս մեկ դրսևորում է հանրային կյանքում պետության չգոյության, իր քաղաքացիների, իր իրավաբանական անձանց իրավունքների և շահերի միտումնավոր չպաշտպանություն: Այնպես չէ, որ պետությունը տեղեկություն չուներ այս ամենի վերաբերյալ…»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը