09 05 2022

Իմացե՛ք, թրքահպատակնե՛ր, մայիսը հայոց հաղթանակների ամիսն է

Իմացե՛ք, թրքահպատակնե՛ր, մայիսը հայոց հաղթանակների ամիսն է

Ուղիղ 30 տարի առաջ, այս օրը, Երևանում կայծակնային արագությամբ արդեն տարածվել էր լուրը, որ Շուշին ազատագրված է: Հայոց բարդաքաղաք Շուշին, որ 1920 թվին հայության կոտորածից հետո թուրքի ձեռքն էր անցել, իսկ 1991-92-ին էլ դարձել էր Ստեփանակերտի վրա օրնիբուն հրթիռ, արկ ու մահ սփռող ադրբեջանական ամրացված հենակետ: Դա, գրեթե միլիմետրական ճշտությամբ համընկավ ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում տարած հաղթանակի օրվա հետ ու, ձեռքի հետ, նաև վերականգնեց Մայիսի 9-ի տոնը, որը այդ շրջանի ՀՀ ղեկավարությունը առանձնապես հակված չէր նշելու (թե բա՝ «դա Սովետի հաղթանակն էր, Հայաստանինը չէր», կեղծ ու փուչ մոտեցմամբ):

Ուղիղ 4 տարի առաջ, այս օրը, Հայաստանի վարչապետ հռչակվեց մեկը, ում անունն անգամ տալու ոչ մի ցանկություն չկա: Մեկը, ով իր թերթոնում տարիներ շարունակ պրոադրբեջանական քարոզներ էր տարել, ում համար ատելի է հայկականն ու ազգայինը, ում «հայկականության» գագաթնակետը խոզ խանձելն ու բուռում «խեղդելն» է, ով առհասարակ, ատում է մարդկանց և շուրջբոլորը մաղձ, մահ ու ատելություն է սփռում: Նա եկավ փողոցի, իր պոպուլիստական ճառերով հավաքած ամբոխի ուսերի վրա, եկավ իշխանության՝ այլոց տների դռների առաջ դագաղներ ու սգո պսակներ դնելով, եկավ «սիրո և համերաշխության» խոսքերով ու բերեց

կործանում,

աղետ,

պատերազմ,

պարտություն,

հազարավոր զոհեր,

ատելություն ու պառակտում:

Փնթի ու անթրաշ մեկը, կեղծավոր ո ստախոս մեկը, ցինիկ ու զազրախոս մեկը, ով դեռ համարվում է ՀՀ վարչապետ և ով տիրումեր արեց Մայիսի 9-ի տոնը՝ իր սիրելի ադրբեջանցիներին ու հատկապես իր սիրելի գործընկեր Ալիևին նվիրելով թե՛ Շուշին՛, թե՛ Հադրութը, թե՛ Քարվաճառն ու Քաշաթաղը, ըստ էության՝ ազատագրված բոլոր շրջանները, թե՛ բուն ՀՀ ահռելի տարածքներ, գյուղեր, ճանապարհներ:

Մեկը, ով հպարտանում է… պարտությամբ, ով Շուշին համարում է ադրբեջանական: Ով առհասարակ, հայության բնօրրան, մաշտոցյան լուսավորության կենտրոններով, քրիստոնեական ուխտավայրերով հայտնի ու հայոց անկոտրում ոգու մերան Արցախը համարում է… ադրբեջանական ու թուրքական:

Ի՞նչ տոն, ի՞նչ բան նման իրավիճակում ու Նիկոլ Փաշինյանի ստեղծած մղձավանջային իրականության պայմաններում:

Բա՛յց:

Թող բոլոր թրքահպատակները, թշնամու կողմից հանդես եկող, ըստ էության՝ հայության և Հայաստանի թշնամի Փաշինյանն ու նրա բոլոր նիկոլփաշինյանները գիտցած լինեն. մայիսը հայոց հաղթանակների ամիսն է, վկա Շուշիի փայլուն ազատագրումը, վկա Սարդարապատն ու Բաշ-Ապարանը, վկա այդ հաղթանակների անջնջելի հիշողությունն ու այն կերտողների արիական ոգին, որ այսօր թևածում է Ֆրանսիայի հրապարակում ու տարածվում Հայաստանով մեկ:

Եվ  ի՞նչ ասել նման պայմաններում, թե ոչ՝ հիշեցնել լեգենդար զորավար Մովսես Սիլիկյանի՝ 1918թ. Մաիսի 24-ի կոչը (հատվածներ). «Հայե՛ր, Շտապեցե՛ք հայրենիքն ազատելու։

Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր անձնականը, հանուն Մեծ Գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար:

…Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապաերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթայթել իրենց օրվա ապրուստը:

Հայե՛ր, ժամանակ չէ դանդաղելու…»:

Իրոք, ժամանակը չէ դանդաղելու, դեռ մի բան էլ շատ ժամանակ ենք աններելիորեն շռայլել:

Մեր գործն արդար է: Հաղթանակը մերն է լինելու:

 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ