29 04 2022

Օրակարգային միակ հարցը

Օրակարգային միակ հարցը

Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պայքարը թափ է հավաքում և մոտենում է անկասելի դառնալու շեմին, կարելի է թոթովանքներ լսել առ այն, թե՝ «բա ո՞րն է ընդդիմության օրակարգը», կամ՝ «բա ի՞նչ ծրագիր ունի ընդդիմությունը» ու նման բաներ: Բնութագրական է, որ նման բովանդակությամբ կմկմոցներ լսվում են բացառապես ոստիկանական «կարմիր բերետների» ու զազրախոս ֆեյքերի հետևում թաքնվող, ըստ որում՝ վախից փամփերսացավի եկած «իշխանության» ճամբարից:

Իրականության մեջ, հատկապես երբ նիկոլական պատեհապաշտ «քաջնազարիկներն» են օրակարգից ու ծրագրերից խոսում, պատկերը բավականին զավեշտական է: «Ծրագիր» բառն արտաբերում են Նիկոլ Փաշինյանի կարգի մեկի ներկայացուցիչները, որոնք առհասարակ իշխանության մեջ են հայտնվել առանց որևէ ծրագիր առաջարկելու, պոպուլիստական անհեթեթություններ դուրս տալով (լավագույն դեպքում), ասենք՝ «էժան բանանի», «ջրվող վարկերի», «կայանման կարմիր գծեր ջնջելու», «արագաչափերը հեչ անելու», տռուսիկով ՃՈ տեսախցիկ փակելով և այլն, և այլն: Ու նրանք այլոց ինչ-ինչ «պրետենզիաներ» են ներկայացնում, թե բա՝ «ծրագիր, օրակարգ»: Էլ չենք խոսում այն մասին, որ Նիկոլի ներկայացրած իշխանության կազմում են և որոշումներ ընդունելու գործում ներգրավված են անձինք, որոնք այնտեղ հայտնվել են զուտ այն պատճառով, որ Նիկոլի ընտանեկան թերթում են աշխատել, Նիկոլի աներձագը կամ հորեղբոր տղան են, կամ համադասարանցին, կամ՝ քավորը, կամ քայլարշավի ժամանակ... նրա ջրի շիշն են բռնել:

Ի դեպ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ միայն վարչապետի թեկնածու էր, եղան մարդիկ, որ ուղիղ կերպով հայտարարեցին. Ձեր միակ ծրագիրը Հայաստանի կործանումն է և Արցախը թշնամուն հանձնելը, ինչըև Նիկոլ Փաշինյանն ու նրա «շիշբռնողները» իրականացրեցին և շարունակում են այդ ընթացքը: Այնպես որ, իսկապես զավեշտական ու՜ ցինիկ է հնչում, երբ նիկոլականներն այլոց փորձում են օրակարգի կամ ծրագրի պահանջ ներկայացնել:

Վստահաբար կարելի է ասել, որ դատողականություն ունեցող ցանկացած ոք հասկանում է, թե ո՛րն է թիվ 1, եթե ոչ՝ միակ օրակարգային հարցը. հեռացնել Նիկոլին ու նրա ձախավերներին:

Միայն դրանից հետո է տեղին զարգացման որևէ մոդելի, որևէ ուղղության մասին խոսակցությունը, քննարկումը: Իսկ Նիկոլ Փաշինյանին դեռ չհեռացրած ինչ-ինչ ծրագրերի քննարկումը նախ, կնշանակի՝ շեղել պայքարի մեջ ներգրավվածներին, որոնք ունեն ամենատարբեր պատկերացումներ հետագա սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ: Երկրորդ, դա կնշանակի «կիսել չխփված վագրի մորթը»: Ի՞նչ իմաստ ունի քննարկել որևէ ծրագիր, եթե Նիկոլը չհեռացվի:

Մի բան էլ կա. որքան էլ ակնհայտ են սրանց ավերածությունների հետևանքները, որքան էլ Նիկոլը, առնվազն վերջին ելութում (ԱԺ ամբիոնից) բավականին բաց նախանշեց իր նպատակները, միևնույն է, անգամ «ներսից» տեղեկատվություն ունեցողները չունեն փաստագրված պատկեր՝ բանակում, ուժային կառույցներում, արտաքին-քաղաքականում, սոցալականում, ֆինանսաբյուջետայինում իրերի իրական, փաստացի վիճակի մասին: Առանց այդ կոնկրետ պատկերի ծրագրեր քննարկելն օդային դղյակներ նկարագրել կնշանակի:

Ընդդիմությունը, իսկ ավելի ճիշտ՝ համազգային ընդգրկում ստացած պայքարն ունի՛ օրակարգ: Եվ օրակարգային թիվ 1 հարցը, եթե ոչ՝ միակ հարցը Նիկոլ փաշինյանի ու նրա ձախավեր ռեժիմը պատմական անցյալի գիրկն ուղարկելն է, դատի առաջ կանգնեցնելը:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ