Ամենևին էլ ոչ «նախկին» և ոչ մի դեպքում «օլիգարխ» չհամարվող նիկոլական պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր Աժ ամբիոնից բուռն ելույթ ունեցավ, իր շեֆ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ինչ-ինչ պահանջներ, ԱԱԾ-ին «լսել տվեց»: Ըստ էության, ասածն ի՛նչ էր:
Իսկ ըստ էության, Գուրգեն Արսենյանը քնում ու երազում տեսնում է, որ ընդդիմության, գործնականում՝ հականիկոլական մարդկանց ու քաղաքական ուժերի դեմ նոր բռնաճնշումներ սկսվեն: Իրեն որ մնար, Գուրգեն Արսենյանին, երևի, «սևհարյուրակայինների» ջոկատներ կզիներ ու, միգուցե, կլծվեր ընդդիմադիրների սպանությանը: Համենայն դեպս, նրա ելույթում ընդգծված ատելության խոսքն ու չարությունը նման «ժողովրդավարական» հավակնություններ կամ երազանքներ ունենալու մասին ենթադրությունների տեղիք են տալիս:
Նիկոլական Գուրգեն Արսենյանի կարծիքով, իր ներկայացրած իշխանությունը, որն ուղղակիորեն պատասխանատու է Արցախի ահռելի մասը թշնամուն հանձնելու, հազարավոր արցախցիների տնազուրկ անելու, հազարավոր հայ զինվորականների կոտորածի մատնելու համար, այսօր պիտի զբաղվի… Արցախի ղեկավարությանն սթափեցնելով:
Դա ո՞րն է: Այդ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի հետ «ջան-ջիգյար» վիճակում գտնվող Արցախի ղեկավար համարվող Արայիկ Հարությունյանը, որ մի հատ էլ պիտի սթափեցվի: Այսինքն Արցախի ղեկավարություն համարվողը պիտի նիկոլականների նման հայտարարի, որ Արցախն Ադրբեջա՞ն է և խնդրի Արցախն ընդունել Ադրբեջանի կա՞զմ, իրենց էլ ադրբեջանական անձնագրե՞ր տան: Այդ ամենը նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած մահաբեր ու կործանարար «խաղաղության օրակարգը» չձախողվի՞:
Ի՞նչ է մեծ հաշվով ասում Նիկոլ Փաշինյանը՝ Գուրգեն Արսենյանի միջոցով: Իսկ նա ասում է՝ ոչինչ, Արցախի հայեր, ցեղասպանվեք, կոտորվեք, միայն թե մենք, ի դեմս Արսենյան Գուրգենի, Սուքիասյան Խաչատուրի և այլ նորընծա քպ-ական մեծահարուստների Թուրքիայի ու թուրքերի հետ առուտուր անելու հնարավորություն ունենանք, կամ, օրինակ, ադրբեջանական նավթամթերք իրացնենք:
Հա, մի բան էլ. «Մենք չպետք է թույլ տանք որևէ արկածախնդիր քաղաքական թիմի կամ արկածախնդիր ղեկավարների՝ խաղալ ՀՀ անվտանգության հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ժողովրդին նոր սպանդի տանելու հնարավորություն ընձեռնեն»,-հայտարարում է Գուրգեն Արսենյանը: Սա հայտարարում է մի պատգամավոր, ով ներկայացնում է արկածախնդիրների արկածախնդիր Նիկոլ Փաշինյանին: Սա հայտարարում է մի պատգամավոր, ով ներկայացնում է Հայաստանը, անվտանգությամբ հանդերձ, կործանման տարած քաղաքական խմբակ: Վերջապես, նման բան է ասում ներկայացուցիչը մի իշխանության, որը 21-րդ դարում, իր անկարողության, կամ թե թշնամու հետ գաղտնի պայմանավորվածությամբ (դա թող քննությունը պարզի, երբ նրանց համապատասխան հոդվածներով ներկայացված մեղադրանքներով կձերբակալեն) սպանդի են մատնել հայկական զինուժի ամենից մարտունակ ստորաբաժանումները:
Այո, ՔՊ-ում ցինիզմի նոր ու խոշոր չափաքանակներ են ստացել: Բայց ոչինչ, մոտ է նիկոլիզմի կործանման օրը, զանազան սպասարկուներով հանդերձ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը