Իրական ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքը, ինքնին, սպասված իրադարձություն էր՝ ընթացիկ ծանր վիճակի ու ահագնացող սպառնալիքների խորապատկերում: Արտահայտությունը, որ «Հայրենիքին վտանգ է սպառնում», ցավոք, հնացած է, քանի որ Նիկոլ Փաշինյանի պարտվողական իշխանությունը, Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելուց ու նաև՝ նվիրելուց զատ, նորանոր զիջումներ է անում նույն այդ թշնամուն, լինի Արցախում, թե ՀՀ անմիջական տարածքում՝ շարունակելով անհեթեթություններ խոսել ինչ-որ «խաղաղության դարաշրջանի» մասին:
Այնպես որ՝ Հայրենիքը ոչ թե վտանգի, այլ ամենաիրական ու շոշափելի կորստյան ընթացի՛ մեջ է:
Նման իրավիճակում, բնականաբար, շատ-շատերը սպասում էին և էլի սպասում են առկա աղետաբեր «իշխանություններին» ընդդիմադիր կազմակերպված քաղաքական ուժերի արձանգանքին, առաջարկություններին և քայլերին:
Այդ տեսանկյունից, առաջին հերթին ուշադրություն է գրավում ապրիլի 5-ի հանրահավաքին մասնակցելու եկած մարդկանց բազմությունը: Սա ապրիլի 5-ի հանրահավաքով արձանագրված կարևոր հանգամանքներից մեկն է: Կարևոր է այնքանով, որ չնայած վերջին օրերին իշխանական քարոզչամեքենայի կողմից ծավալած գերագրեսիվ «հակահանրահավաքային» քարոզչությանն, ու նիկոլական սատելիտ-ֆեյքերի միջոցով ընդդիմադիրների, պարզապես հանրահավաքի մասնակցելու մտադրություն արտահայտած սովորական մարդկանց հասցեին ամենակեղտոտ զազրախոսական ապուշությունների ու ստերի ակտիվ շրջանառությանը, հազարավոր ու հազարավոր մարդիկ եկել էին Ազատության հրապարակ: Մարդիկ եկել էին, չնայած նաև այսպես ասենք՝ «վա՜յ, հիասթափված եմ» ասողներին ու սոցցանցերում այդ կերպ դիրքավորվողների հեգնախառն «քարոզներին«:
Ի դեպ, այն, որ նիկոլականները սոցցանցերում անցել են բացահայտ սպառնալիքների և հայհոյախոսության, պարզորոշ վկայությունն է նրանց համակած բնազդային վախի, ոմանց պարագայում՝ պատժի անխուսափելիության գիտակցման:
Դիտարկված կարևոր հանգամանքներից մյուսը, որ արժե արձանագրել, այն է, որ հրապարակում հավաքված էր կողմնորոշված, միանգամայն կոնկրետ դիրքորոշում և առկա իշխանությանն ու դրա քայլերին հստակ մերժողական վերաբերմունք ունեցող հայրենակիցների բազմություն: Նրանց մեծ մասը հրապարակ էր եկել ընդդիմության առաջարկություններին տեղեկանալու ակնկալիքով և՝ փաշինյանական երկրակործան ռեժիմից օր առաջ ձերբազատվելու նպատակով առաջարկվող քայլերին միանալու պատրաստակամությամբ: Ներկաներից շատերը, իհարկե, ունկնդրում էին հռետորներին, բայց ավելի շատ ուզում էի համոզվել. հիմնական ընդդիմադիր ուժերը դրսևորո՞ւմ են բավարար վճռականություն՝ նշված նպատակին հասնելու և Հայաստանի պետականությունն ու Արցախը փրկելու համար: Կարծում եմ, սխալված չենք լինի, եթե ասենք, որ ապրիլի 5-ին թե՛ հանրահավաքի նախաձեռնողները, թե՛ մասնակիցները համոզվեցին մեկը մյուսի վճռականության ու պատրաստակամության մեջ:
Ի դեպ, կարծում ենք, ավելի տեղին է նշել, ոչ թե՝ «ընդդիմության հրավիրած հանրահավաք», այլ «ժողովրդական հավաք»:
Հրապարակում էին ամենատարբեր քաղաքական հայացքների տեր հայրենակիցներ, քաղաքական դեմքեր, որոնց նախկինում դժվար կլիներ պատկերացնել կողք-կողքի կանգնած: Բայց առկա մղձավանջա-աղետային իրավիճակն առժամանակ ջնջել է նրանց բոլոր նախկին տարաձայնությունները ու միավորել մեկ հրամայականի՝ Հայրենիքի փրկության համար պայքարելու շուրջ:
Ապրիլի 5-ին Ֆրանսիայի հրապարակում ոչ միայն տնկվեց Արցախի դրոշը, այլև վերստին բարձրացվեց Երկիր, Պետություն, Հայրենիք ունենալու համար պայքարի դրոշը:
Սա, կարելի է ասել՝ հույսերի հանրահավաք էր: Ամենից կարևոր արձանագրումը թերևս այն է, որ այս հանրահավաքով վերաձևավորվեց օտարահպատակ և գլխակեր ռեժիմից Հայաստանն ազատագրելու, Արցախը պաշտպանելու, մեր պետական ընթացքը շարունակելու հույսը: Բնականաբար, բոլոր առումներով շատ բան կախված է հիմնական քաղաքական ուժերի հետագա քայլերից: Պայքարի շարունակականության մասին հայտարարությունն ավելի շուտ ու ավելի շատ պարտավորություն է ընկալվում: Տպավորությունն այնպիսին է, որ եթե լինեն նորանոր քայլեր ու գործողություններ, զուգահեռված գրագետ քարոզչական ու բացատրական աշխատանքների հետ, ապա մի քանի նման հաջող քայլերից հետո այլևս կարիք չի լինի կրկնել՝ «Հայաստան, ոտքի՛» կարգախոսքը, քանզի ոտքի ելած կլինեն շատ-շատերը, արդեն ոչ թե՝ 10, 20 կամ 50 հազարներ, այլ հարյուր հազարավոր հայեր: Ամեն պարագայում՝ գործողությունները կարող են խթանել, որ ոտքի ելած հայրենակիցների շարքերն ստվարանան:
Ապրիլի 5-ի հանրահավաքը չհանձնվողների նախնական մարտականչ կարելի է անվանել: Կարելի է նաև ասել, որ սա կապիտուլյանտներին ու մահացու «խաղաղության» բայղուշներին պետության ղեկից քշելու նախերգանքն էր:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը