Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
24.05.2018թ․, կառավարության նիստ
2018թ․ մայիսի 10-ին և 16-ին «Ռոսսելխոզնադզորը» նամակներ էր ուղարկել Հայաստանի կառավարությանը, քանի որ Հայաստանից արտահանված լոլիկի և վարունգի խմբաքանակում կարանտինային արտադրանք էր հայտնաբերվել։ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից բանջարեղենի ներմուծման համար:
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավարին ասաց․ «Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ: Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան: Առաջիկայում գյուղմթերքի արտահանման ծավալները մեծանալու են, գյուղացիների շահերի հետ կապված կոնկրետ խնդիր կա: Ես խնդրում եմ Ձեր ծառայությունը, գյուղնախարարությունը, ՊԵԿ-ը, բոլոր գերատեսչությունները անհրաժեշտ ջանքեր գործադրեն, որպեսզի գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա բնականոն ռեժիմով: Սա առաջնահերթ խնդիր է, որը կառավարությունը պետք է լուծի։ Կառավարությունը, նախարարությունները պետք է օգնեն գյուղացիներին, որպեսզի նրանք այդ բոլոր պայմանները և պահանջները կատարեն, փաստաթղթավորումը տեղի ունենա արագ, առանց ձգձգումների և խոչընդոտների»։
Իրական պատկեր – Այս ելույթից հետո բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին, երբ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը ՌԴ։ Անդրադառնանք միայն նախորդ՝ 2023թ․ մի քանի դեպքի․
Մասնավորապես․ 29․03․2023թ․, «Ռոսսելխոզնադզորը» արգելեց Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները՝ նշելով, որ դրանցում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, ինչի ներկրումը ՌԴ արգելված է։
08․09․2023թ․, «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ արգելում է հայաստանյան ընկերության գազարի սերմերի արտահանումը Ռուսաստան, քանի որ այդ արտադրանքում Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների համար կարանտինային օբյեկտ էր հայտնաբերվել:
28․11․2023թ․, «Ռոսսելխոզնադզորը» հայտարարություն տարածեց, որ միայն 2023թ․ բացահայտել է Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ, միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ Եվ սա այն դեպքում, երբ բոլորն ունեին Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրեր: Բացի այդ, ըստ «Ռոսսելխոզնադզորի», նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք, ինչը վկայում է արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտումների մասին։
Նիկոլ Փաշինյանի խոստումը կատարվեց այն մասով, որ այդ թեման քննարկվեց կառավարությունում վերջին անգամ, սակայն խախտումներն ու արգելքները մշտական դարձան։
07․06․2018թ․, ելույթ՝ Ազգային ժողովում
Ելույթ - Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ՝ դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից։ Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, և իրենք ասել են՝ եղել է, ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից:
Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանի այս ելույթը հաղորդում էր հանցագործության մասին, սակայն ընթացք չստացավ։ Հետագայում, երբ լրագրողները հիշեցրին իր խոսքերը, պատասխանեց, որ դա այլաբանություն էր, այլ կերպ ասած՝ սուտ։
Որ գործարարները ճամպրուկներով փող են տարել Բաղրամյան 26, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր հայտարարությունը սուտ էր, բայց փաստ է այն, որ գործարարները կառավարությանը «ճամպրուկներով» բաժնետոմսեր են նվիրում։
Մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նախապես տեղի ունեցած ստուգումներից, կալանավորումներից հետո 30․09․2021թ․ տեղի ունեցավ սեփականատիրոջ փոփոխություն։ Մեկ օր անց «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որի մասին Հայաստանի պետական ռեգիստրում ոչ մի տվյալ չկար, բայց գնել էր ԶՊՄԿ-ի 60 տոկոսը, ընկերության 25 տոկոս բաժնեմասը նվիրաբերեց կառավարությանը։ 2022 թվականի մարտի 24-ին կառավարությունը որպես «նվիրատվություն» ստացավ ևս 6,8 տոկոս բաժնեմաս։ Ընդ որում, դա տեղի ունեցավ գաղտնի որոշմամբ։
Մեկ այլ դեպք կապված է, արդեն, Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու թույլտվություն ստացած «Լիդիան» ընկերության հետ։ 2018 թվականից աշխատանքները հանքում դադարեցվեցին բողոքի ակցիաների պատճառով, 2023թ․ փետրվար ամսին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ հանքը կաշխատի, իսկ կառավարությունն էլ անհատույց կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը:
Երկու հանքի դեպքում էլ հայտնի չդարձավ, թե դա ինչ գործարք է։ Հայտնի չէ նաև, թե էլ քանի ընկերություններ են բաժնետոմսեր նվիրել կառավարությանը, քանի որ, նաև դրանք տեղի են ունենում գաղտնի եղանակով, ինչպես ԶՊՄԿ-ի 6,8 տոկոս բաժնեմասի «նվիրաբերումը»։
26.07.2018թ․, Կառավարության նիստ
Հանձնարարական - Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարականներ տվեց նախարարներին: «Մայիսի 8-ից հետո կառավարությանը ուղված նամակների թիվը աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Մենք խնդիր ունենք այդ նամակների մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ։ Քաղաքացիների նամակներին, ցավոք, տրվում է «ցրողական» պատասխան, ստանդարտ պատասխան, որ վերահասցեագրել ենք, չենք զբաղվում այս խնդրով և այլն: Սա նախարարների անձերից չէ կախված, մի քիչ համակարգային խնդիրներ ունենք, բայց պետք է մտածենք այս ոլորտում արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց ժամկետներում պատասխանել նաև տեղեկատվություն ստանալու հայցումներին:
Իրական պատկեր – Քաղաքացիները, որոնք բողոքի ակցիաներ են անում կառավարության և տարբեր գերատեսչությունների դիմաց, մշտապես նշում են, որ բազմաթիվ նամակներ են հղել վարչապետին, կառավարությանը, նախագահականին, ԱԺ պատգամավորներին, տարբեր նախարարությունների և կառույցների, և պատասխանը չեն ստացել։
Կառավարության դիմաց գրեթե բոլոր ակցիաների ժամանակ քաղաքացիները նամակ են փոխանցում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, սակայն հետագայում բողոքում են, որ նամակի պատասխանը չեն ստացել։ Կամ էլ, ըստ իրենց, ստանում են Նիկոլ Փաշինյանի ասած՝ «ցրողական» պատասխանը։
Իրավիճակը բարվոք չէ նաև հարցումների առումով։ Օրինակ՝ կառավարությանը ուղարկած հարցումների պատասխանը հաճախ տրվում է բավականին ուշացումով։ Yerevan.Today-ն անցնող տարիների ընթացքում քանիցս բախվել է այդ խնդրին։ Պաշտպանության նախարարություն ուղարկված հարցումների դեպքում սովորաբար այդ գերատեսչությունը, օրենքով նախատեսված ժամկետի ուշացումով պատասխանում է, որ տեղեկատվությունը կտրամադրի 30-օրյա ժամկետում։ Սակայն օրենքով սահմանված ժամկետը խախտելով անգամ պատասխանելով նամակին՝ հաճախ նշում են, որ պահանջված տեղեկատվությունը չեն կարող տրմադրել՝ հղում անելով օրենքների։
08.05.2019թ․, մամուլի ասուլիս
Խոստում - ԱԺ-ի և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ։
21․09․2018թ․, ելույթ՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ․ «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ: Երբ մենք բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք դա անում. մենք ասում էինք՝ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել, և Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու»։
Իրական պատկեր – 2019 թվականից ԱԺ և նախագահական նստավայրերի դռները փակվեցին հանրության առաջ, նախ՝ ցուցարարների առաջ, հետո՝ ամբողջությամբ։ Առաջին անգամ փակվեցին 2019թ․՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա անող բնապահպանների առջև:
2022 թվականի «Դիմադրության շարժման» ակցիաների ժամանակ ԱԺ դարպասները զոդվեցին։
05․11․2022թ․ մամուլը գրեց, որ Ազգային ժողովի աշխատակազմը գնման պայմանագիր է կնքել Գևորգ Գևորգյան անհատ ձեռներեցի հետ ԱԺ պարիսպի վրա նոր վանդակաճաղեր տեղադրելու վերաբերյալ, որի համար Ազգային ժողովը վճարել է 8 մլն 690 հազար դրամ։ Պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 28-ին։
2022թ․ նոյեմբերի 10-ին մամուլը գրեց, որ ԱԺ դարպասները նորից զոդում են և պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։
Նենք, որ 2018 թվականի ամռանը կառավարության դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ քաղաքացին ոտքով հարվածել էր կառավարության շենքի դռանը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Կառավարության դուռը ժողովրդի դուռն ա, ինչ ուզի՝ կանի»։
2020 թվականից սկսած՝ «ժողովրդի դուռը» 24 ժամյա ռեժիմով հսկում են ոստիկանները, ամեն ակցիայի ժամանակ ոստիկանական պատ է կազմվում, իսկ դռանը մոտեցողները հաճախ են բերման ենթարկվում։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 16–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 17–ը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը