08 03 2024

ՏԵՂԵԿԱՆՔ № 40՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 40՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում էր «Իմ քայլը» դաշինքով։ Նախընտրական խոստումների ծրագրում գրված էր․ «Հայաստանի սահմաններից դուրս գտնվելիս Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող յուրաքանչյուր քաղաքացու հպարտության և իրական պաշտպանվածության զգացումը լինելու է միջազգային հարաբերություններում մեր քայլերի կարևոր ուղենիշը: 

Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.

  • պաշտպանություն արտաքին ագրեսիայից,
  • պաշտպանություն բնական եւ տեխնածին աղետներից,
  • պաշտպանություն համաճարակներից, հիվանդություններից:

Թե որքանով է ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացին հպարտ ու պաշտպանված, հատկապես 2020 թվականի պատերազմից ու պարտությունից ի վեր, մեծ հարց է։ Փաստենք միայն, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող ավելի քան 150 հազար արցախցու անձնագիր չի ճանաչում անգամ ՀՀ իշխանությունը։

2020 թվականի պատերազմը, այնուհետև՝ 2021 թվականի մայիսին ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքներ ներխուժումը, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերից ներխուժումները, ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացիան, 2020 թվականի պատերազմից հետո ունեցած ավելի քան 500 զոհերը արտաքին ագրեսիայից պաշտպանություն չունենալու մասին են։

Հայաստանում կան տասնյակ սահմանամերձ գյուղեր, որոնց բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել թշնամու կրակոցների և զինվորների պատճառով։

ՀՀ քաղաքացիները նաև բնական և տեխնածին աղետներից պաշտպանվածություն չունեն․ 19․01․2023թ․ հրդեհ բռնկվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում, որը, պարզվեց, որպես զորանոց օգտագործում էր ՊՆ-ն։ Զոհվեց 15 զինծառայող։

14․08․2022թ․ պայթյուն տեղի ունեցավ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, փլվեց առևտրի կենտրոնի շենքերից մեկը, զոհվեց 16 քաղաքացի։

ՀՀ քաղաքացիները պաշտպանված չեն նաև համաճարակներից։ Մասնավորապես, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարով Հայաստանը հետնապահ էր աշխարհի երկրների շարքում․ մեր երկրում գրանցվեց 11 հազար մահ, ինչը, բնակչության համեմատ մահերի քանակով առաջնային տեղ էր զբաղեցնում։

 

16․05․2020թ․, մամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանն ընթերցեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 79-րդը հետևյալն էր«Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել. Մասնավորապես, 2017 թվականին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018 թվականին՝ 1963, իսկ 2019 թվականին՝ 1556 հոգի»։

 Նիկոլ Փաշինյանի այս ելույթի տարում, սակայն, Հայաստանում ազատազրկվածների թիվը կտրուկ աճեց։ Մասնավորապես, համաձայն վիճակագրական կոմիտեի, պատկերը հետևյալն է

  • 2018թ․ – 1963
  • 2019թ․ – 1556
  • 2020թ․ – 1954
  • 2021թ․ – 2171
  • 2022թ․ - 2018

Պաշտոնական տվյալներով՝ 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 ազատազրկված անձ:

20․05․2022թ․ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին և հայտնեց, թե իրեն մեղադրում են Հայաստանը բռնապետության վերածելու մեջ, այնինչ, ըստ նրա․ «Բանտային բնակչության խտության ցուցանիշն ինքն իր մասին խոսում է, որովհետև բռնապետության ձգտող երկրներում բանտային բնակչությունը խտանում է և ոչ թե նոսրանում»:

Համաձայն վիճակագրական թվերի, սակայն, Հայաստանի բանտային բնակչության թիվը խտանում է։
 

01.09.2022թ․, Կառավարության նիստ

Խոստում - Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին ու դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը, և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ դա պետք է զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: 

29․09․2022թ․, կառավարության նիստ 

Ելույթ - Կրթությունը նրա մասին է, որ մենք մարդուն հնարավորություն տանք, որ ինքը ստիպված չլինի ամիսը 75,000 դրամով աշխատել։ Եթե մարդը 75,000 դրամ աշխատավարձով ամիսը աշխատում է, եկեք հասկանանք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել

25․07․2023թ․ մամուլի ասուլիսում էլ հայտարարեց․ «Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ ուսուցիչների աշխատավարձը պետք է կրկնապատկենք, մենք ուսուցիչների աշխատավարձը առնվազն կրկնապատկում ենք․․․ Հայաստանում կա ուսուցիչ, որ ստանում է 500 հազար դրամ աշխատավարձ․․․ Հայաստանում կան ուսուցիչներ, որ ստանում են 400 հազար դրամ աշխատավարձ»։ 

Իրական պատկեր - 06․03․2024թ․ մամուլը ուսումնասիրել է, թե իրականում ՀՀ ուսուցիչների ո՞ր տոկոսն է ստանում հայտարարված նման բարձր աշխատավարձ, և ինչպիսի՞ն է իրական պատկերն ընդհանրապես: Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում բացառապես ուսուցչական դրույքային ծանրաբեռնվածությամբ աշխատող 26,009 ուսուցիչներից 15,575 ուսուցիչ կամ հանրապետության ուսուցիչների ընդհանուր թվի 60 %-ը ստանում է մինչև 150,000 ՀՀ դրամ աշխատավարձ: Տվյալ ցանկում ներառված չեն այլ պաշտոնային ծանրաբեռնվածություն ունեցող մանկավարժական աշխատողները, օրինակ՝ գրադարանավար, լաբորանտ, փոխտնօրեն և այլն:

Ստացված տվյալերի համաձայն՝ մինչև 8,965 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվի 34,5 %-ը ստանում է մինչև 250,000 ՀՀ դրամ աշխատավարձ, 250,000-400,000 դրամ՝ 1313 կամ 5 %-ը, իսկ 400,000 դրամ և ավելի՝ ընդամենը 156 ուսուցիչ կամ 0,6 %-ը:

Ստացվում է՝ «աննախադեպ բարձրացված աշխատավարձերի» փոխարեն, ուսուցիչների թվի առյուծի բաժինը՝ 60 %-ը, ստանում է մինչև 150,000 դրամ աշխատավարձ: 

Ինչ վերաբերում է մինչև 150 հազար դրամ ստացողներին․ «Փաստերի ստուգման հարթակ»-ը ուսումնասիրել էր, թե Հայաստանում կրթության ոլորտում աշխատող քանի մասնագետ է ստանում ամսական 75,000 դրամից պակաս աշխատավարձ։ Ըստ ՊԵԿ-ից ստացված տվյալների՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած, կրթության ոլորտում աշխատող մոտ 5000 մարդ ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։
Առավել մեծ թիվ են կազմում քոլեջների եւ բուհերի դասախոսները։ 722 դասախոս ամսական ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։ Նույնչափ աշխատավարձ է ստանում նաեւ 640 գրադարանավար, 509 լաբորանտ, 248 օտար լեզվի եւ գրականության ուսուցիչ, 257 հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, 229 հոգեբան, 217 մաթեմատիկայի ուսուցիչ եւ այլն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ավելի քան 2400 ուսուցիչ ամսական ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։

17․01․2024թ․ - հարցուպատասխան խորհրդարանում 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավար Արման Ղազարյանը հետևյալ հարցն ուղղեց կառավարությանը․ «Փաստորեն, Պետությունը գրեթե ոչ մի շոշափելի աջակցություն չի տրամադրել գյուղացուն՝ գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար հիմա էլ հազարավոր գյուղացիներ չեն կարողանում իրացնել իրենց մշակած ու պահեստավորած հազարավոր տոննաներով բերքը, հատկապես խնդիրը վերաբերում է կարտոֆիլի և կաղամբի իրացմանը։ Բազմիցս բարձրաձայնել եմ այս հարցերը, սակայն դրանք մնում են չլուծված պետական մարմինների անթույլատրելի անտարբերության հետևանքով։ Հարցս պարզ է՝ կոնկրետ ի՞նչ աջակցություն է Կառավարությունը պատրաստվում տրամադրել հրատապության կարգով խնդրի լուծման ուղղությամբ։ Այլապես գյուղացու բերքն ամբողջությամբ կփչանա պահեստում, և գարնան գյուղատնտեսական աշխատանքի մեկնարկը կդառնա անհնարին, իսկ արտագնա աշխատանքին մեկնելուն այլընտրանք չի մնա»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նախկինում ես, որպես պատգամավոր, այդ պրոբլեմին բախվել եմ՝ կարտոֆիլի, կաղամբի բերքի սպառման հետ կապված։ Բայց միշտ առնչվել եմ էդ թեմայի հետ ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Երբ հունվարի սկզբին ասում են կարտոֆիլը չի պառվել․․․ Կներեք, կարտոֆիլի սպառման սեզոնը նոր պետք է սկսի, պահեստավորված կարտոֆիլը նոր պետք է բան արվի, սպառվի։

Բայց մենք ստացել ենք էդպիսի տեղեկատվություն։ Հանձնարարել եմ տեսնեն, թե ինչումն է պրոբլեմը, որովհետև ես քանի որ շատ եմ առնչվել էդ թեմայի հետ, առաջին անգամ եմ հիշում, որ այդ թեման ծագի հունվարին։ Որովհետև նույն կարտոֆիլի հետ կապված հարցը սովորաբար ծագում է ապրիլի վերջին, մայիսին կամ ապրիլի սկզբին, երբ որ գարուն է։ Հիմա խորը ձմեռ է, և կարտոֆիլի սպառման հորիզոնը դեռ առջևում է։ Ես նախորդ օրը Գեղարքունիքի մարզում կուսակցական ֆորմատով հանդիպում եմ ունեցել և էդ թփեմայով մարզպետի առաջ խնդիր եմ դրել, որ ավելի առարկայական հարցը ներկայացնեն, որպեսզի մենք իր պարամետրերը կարողանանք հասկանալ»։

Նիկոլ Փաշինյանը որևէ լուծում չառաջարկեց։ Պատգմավորն արձագանքեց․ «Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի սպառումը բացարձակ զրո է։ Կա՛մ ձեզ ճիշտ չեն զեկուցել կա՛մ թվերին չեն տիրապետում»։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին արձագանքեց․ «Եթե ճշգրտություն եք ուզում, ձեր հարցի մեջ ակյնհայտորեն ճշգրտություն չկա, որովեհտև չի կարող էդպես լինել ուղղակի»։

Իրական պատկեր - Գեղարքունիքի մարզի կարտոֆիլագործները պնդում են, որ այս տարի բերքի իրացումը ցածր մակարդակի վրա է։ Նրանք պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, կարտոֆիլի իրացման սեզոնը ապրիլ-մայիս ամիսներին չէ, այլ՝ խոր աշնանն ու ձմռանը, երբ սպառողն այն պահեստավորում է։ Իսկ գարնանը կարտոֆիլի բերքը մեծամասամբ իրացված է լինում, գյուղացին, արդեն, պատրաստվում է գարնանացանի։ 

06.03.2024թ․ Գեղարքունիքի բնակիչները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը։ Բողոքում էին, որ կարտոֆիլը չեն կարողնում իրացնել, կառավարությունը չի աջակցում սպառելու հարցում։ Գյուղերում բերքը կուտակված մնացել է։ Ըստ նրանց, կառավարությունը չի արգելում  էժան գնով կարտոֆիլի ներմուծումը, ինչից տուժում է գյուղացին։

Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը 5 օր ժամանակ խնդրեց գյուղացիներին պատասխան տալու համար։ Ճանապարհը բացեցին, բայց՝ քաղաքապետի նշած ժամկետով։

 

Շարունակելի

 

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 38–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 39–ը

 

Անցնել ամբողջ շարքին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ