Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
01․05․2018թ․ - ելույթ Հանրապետության հրապարակում
Խոստում - Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն և իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը:
12․05․2018թ․ - ելույթ պաշտպանության նախարարությունում
Խոստում - Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈւ-երի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈւ-երի գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին:
07.06.2018թ․- ելույթ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս
Խոստում - Մենք ապահովելու ենք, որ ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորների ծնողները չունենան իրենց զավակներին բանակում պահելու, նրանց համար ներքնաշորեր, կոշիկ, սնունդ, հիգիենիկ պարագաներ գնելու պարտավորություն։ Մենք հոգ ենք տանելու, որ պետությունն իր զինվորին ապահովի այս ամեն ինչով և դա անի պատշաճ որակով ու մակարդակով։
Իրական պատկեր – Դառնալով վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենաառաջինը դա է կարգավորել։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, 2018 թվականից հետո դադարեց բանակին ծնողների «մատակարարումներից» խոսելը, իսկ մամուլը պարբերաբար հրապարակում էր փաստեր, որ զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ խնդիրն ավելի սուր է բարձրացված, քան նախկինում էր։ Ծնողները մշտապես ահազանգում են, որ ստիպված են ամեն ինչ ուղարկել երեխաներին՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, կանխիկ գումար և այլն։ Թեմային անդրադարձել ենք ՏԵՂԵԿԱՆՔ 29-ում։
Ցավոք, զինվորների ծնողները ոչ միայն հագուստ, սնունդ, գումար, հիգիենիկ պարագաներ և նման բաներ են ուղարկում զինվորին, այլ, փաստացի, հոգում են շատ կարիքներ, որոնք դուրս են իրենց պարտականություններից։
2023թ․ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցավ հրդեհ, զոհվեց 15 զինծառայող։ Հարցեր առաջացան, թե ինչու են զինվորն ապրում նման կացարանում։
Yerevan.Today-ը պարզել էր, որ Ազատ գյուղի 1 փողոց 20 տանը, որտեղ տեղակայվել է «զորանոցը», վարդենիսցի զինվորներից մեկի հայրն էր իր միջոցներով հոսանքի լարեր քաշել, որպեսզի զինվորները մթության մեջ չմնան։ Բայց ՊՆ-ն անգամ հաշվիչ չէր տեղադրել մեկ տարի շարունակ։
Ազատ գյուղում մահացած վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը, «Հրապարակ» օրաթերթին հայտնել էր, որ խմելու ջուրն անգամ զորանոցում քաշել էին զինվորները՝ իրենց հավաքած գումարով։
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզում դեռևս չպարզված հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Զոհվեց 4, վիրավորվեց 20 զինծառայող։ Զոհված զինծառայողներն էին Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը, որոնք բոլորը ժամկետային զինծառայող էին։
Ավտոմեքենայի ղեկին եղել էր 19-ամյա Հովսեփ Համբարձումյանը, նա վիրավորների թվում էր։ Հովսեփի մայրը News.am-ին հայտնել էր․«Մեքենան անսարք է եղել, արգելակները չեն աշխատել, 5 տարի այդ մեքենան չի քշվել: Անգամ մեքենայի մեջ ճնճղուկների բույն են գտել: Մեքենայի մեջ երկու վաշտի զինվորներ են եղել, մինչդեռ 16 հոգուց ավելի չի կարելի այդ մեքենայով տեղափոխել: Մոտ 30 հոգի երեխա է եղել մեքենայում: Տղաս ասել է մեքենան հազիվ եմ խոդ տվել, չհանգցնեմ, գոռացել են, ասել են՝ հանգցրու, երկար ենք մնալու: Դիքի վրա կանգնեցրու, որ ինքն իրեն խոդ ընկնի: Դրա համար էլ ոչ արգելակն է պահել, որ ռուչնոյն է պահել: Տղաս այդ անսարք մեքենան առաջին անգամ է նստել: Ինձ ասում էր՝ անսարք մեքենան տվել են ինձ, ես էլ ասել եմ՝ հանկարծ չքշես: Ինքը դիրքերում է եղել: Եկել է, նստացրել են մեքենան, ասել են՝ հանի պոստեր, հաց տար, որ իջեցնես: Հացը տարել է, հետ գալուց լցվել են բոլորով»:
Վիրավոր զինվորներից մեկի մայրն էլ «Ազատության»-ը հայտնել էր, որ ուզում էր պաշտպանության նախարարին հանդիպել ու հարցնել, թե ինչո՞ւ է զինվորական մեքենաների անսարքության հարցը հաճախ մնում զինվորի ուսերին։ «Իրենք են իրենց գումարով այդ «Ուրալ»-ները վերանորոգել՝ զինվորները, երեխեքը.... ոչ մեկից ոչ մի օգնություն։ Քանի անգամ պատահել է նման դեպք։ Եղել է, ասել է, որ պատահել է, որ մաս է պակասել, մաս է պետք եղել, իրենք վերցրել, տարել են ու վերանորոգել ավտոմեքենան։ Բայց, ասում է՝ մեկը սարքում էինք, մեկն էր փչանում, էն մեկը սարքում էինք, էն մեկն էր փչանում։ Ի՞նչ պետք է անեին էս երեխեքը։ Թող զինվորին լավ նայեն։ Եթե նման անսարք տեխնիկա են օգտագործում, թող գոնե սարքին լինի»,- ասել էր նա։
Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, որ զորամասի զինծառայող վարորդներն իրենք են իրենց միջոցներով նորոգում մեքենաները։
Ստացվում է՝ եթե նախկինում զինվորների ծնողները բանակ էին ուղարկում ծանրոց, հիմա նաև՝ ավտոմեքենաների պահեստամասեր, տեխնիկա նորոգելու միջոցներ, նաև կարգի են բերում զորանոցները։
01․05․2018թ․ - ելույթ Հանրապետության հրապարակում
Խոստում - Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը և որևէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան։
Իրական պատկեր – Հայաստանի կառավարությունը անցնող 6 տարիների ընթացքում չի ներկայացրել հաշվետվություն, թե «շունչը պահած» գործարարներից քանիսն են ներդրումներով տեղափոխվել Հայաստան և ընդհաանրապես, Սփյուռքից քանի միլիարդ դոլարի և ինչ ներդրումներ են բերվել։
16.04.2020թ․ - ելույթ կառավարության նիստում
Խոստում - Կարևոր է ոստիկանության իմիջի բարեփոխումը: Ոստիկանությունն, իսկապես պետք է փոխվի և պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, այն հավակնություններին, որ մեր պետությունն ու ժողովուրդը ձևակերպում է:
Քաղաքացին ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ. սա է իմ առաջադրանքը։
Իրական պատկեր - Այս ելույթից ամիսներ անց տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, որից հետո՝ մինչ օրս, քանիցս Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական ծանր իրավիճակներ են եղել, և ոստիկանությունը աչքի է ընկել բռնություններով, բիրտ ուժի կիրառմամբ։ Իսկ իշխանությունը քաջալերել է և մեդալներ շնորհել, բարձրացրել ոստիկանների աշխատավարձը և տվել պարգևավճարներ։
ՏԵՂԵԿԱՆՔ № 46-ում մանրամասն ներկայացրել ենք ոստիկանության գործողությունները, ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ աննախադեպ բռնություննը։
Օրեր անց՝ ապրիլի 23-ին, ոստիկանությունը բռնություններով աչքի ընկավ Տավուշում։ Ընդդեմ հողերի հանձնման արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ անող քաղաքացիներին ոստիկանություը փորձեց ցրել՝ բռնություններ գործադրելով և բերման ենթարկելով։ Հատկապես ակտիվ էին կարմիր բերետավորները։ Քաղաքացիները վնասվածք էին ստացել, ոստիկանները կոտրել էին քաղաքացիների ավտոմեքենաները։
Այս բռնություններին անդրադարձավ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ X-ի էջում գրելով․ «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»:
16.04.2024թ․՝ ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք և հնարավորություն չունենա՝ այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ: Այլ բան, որ դա պետք է հիմնված լինի օրենքի և իրավունքի վրա:
Եվ իհարկե, Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկել, որպեսզի ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի: Այս էլ, ի միջի այլոց, պրոֆեսիոնալիզմի հարց է»։
22 մայիսի, 2023թ․, մամուլի ասուլիս
Հայտարարություն - 2023թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022թ. առաջին չորս ամիսներին, 532-ով ավելի է, քան 2021թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով ավելի է, քան 2020թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով ավելի է, քան 2018թ. առաջին չորս ամիսներին: Այս թվերը ես ընկալում եմ որպես քաղաքացիների կողմից կառավարությանը հասցեագրված ուղերձ, որոնք հաճախ չեն հնչում ամբիոններից, բայց ունեն վճռորոշ նշանակություն։ Առաջիկա մեր քաղաքականությունները հիմնված են լինելու այս ուղերձների վրա։
Իրական պատկեր – Թե այդ ուղերձներից ինչ հետևություն արեց Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը, հասկանալի չդարձավ, որովհետև հաջորդ տարի, արդեն, գրանցվեց ծնելիության նվազում։ Այսպես, համաձայն վիճակագրական կոմիտեի, 2024թ․ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ծնվել է 5477 երեխա՝ 2023թ․ նույն ժամանակահատվածի՝ 5914 երեխայի փոխարեն։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 45–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 46–ը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը