06 02 2020

Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում է կարդում. ուղիղ



Փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության բողոքի վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ի նիստին դատարանն ավարտեց դատախազության բողոքի քննությունը:Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ մասնավոր շահին անհիմն առավելություն տալով հանրային շահի նկատմամբ, ուստի դատարանի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման։ Ըստ Պետրոսյանի՝ մեղադրյալը կարող է ծանոթանալ այն գործի նյութերին, որի շրջանակներում իրեն մեղադրանք է առաջադրվել։

Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով, առաջին ատյանը գերակա է համարել մասնավոր շահը, բայց միևնույն ժամանակ, դռնփակ նիստում, ապահովելով գաղտնիության ռեժիմը, հավասարակշռել է այն հանրային շահի հետ։

Ըստ Խուդոյանի, պաշտպանական կողմին տրամադրված հատորներում ներկայացված ցուցմունքներն ամբողջական չեն։«Քննիչներն առանձնացրել են մեղադրանքն հիմնավորող ապացույցներ։ Սա ամենևին պատահականություն չէ։ Մենք վստահ ենք, որ քննությունն ամբողջությամբ գնացել է հենց այդ ուղղությամբ՝ հավաքել մեղադրական ապացույցներ և փորձել հնարավորինս խուսափել արդարացնող ապացույցներից», - նշեց Խուդոյանը:Պաշտպանն ընդգծեց, որ դատախազությանն ու Քննչական ծառայությանը վստահելու որևէ հիմք չունեն։ «Վարույթ իրականացնող մարմինը նախկինում արդեն իսկ թաքցրել է պաշտպանական կողմից գործի նյութերը», - ասաց Խուդոյանը։Նա նշեց, որ «Մարտի 1-ի» գործով ամբողջական քննություն չի իրականացվում, ինչը ոտնահարում է հանրային շահը։

Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի գործի բացահայտումը հանրային պահանջ է և կա միայն երկու մարդ, ով չի ցանկանում, որ այս գործն ամբողջությամբ բացահայտվի։ «Երկու հոգու առնվազն գիտեմ․ մեկը քննիչն է, մյուսը՝ դատախազը։ Երրորդը կարող եք լինել Դուք»,- նշեց Խուդոյանը, դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին։Դատարանն ավարտեց բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատակատ ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 10:30-ին։Նշենք, որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսի 25-ին Արմեն Դանիելյանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ