Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կրկին կներկայացվի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությունը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Պաշտպանը հունիսի 18-ի դատական նիստում հայտարարեց, որ միջնորդությունը հիմնավոր և գրավոր տեսքով ներկայացնելու համար իրեն ժամանակ է հարկավոր:
Դատական նիստը հետաձգվեց նաև այն պատճառով, որպեսզի մեղադրանքի կողմը կարողնա վերաքննիչ բողոքը ներկայացնել ամբողջ ծավալով և առանց ընդմիջման։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ միացմամբ։
19։16
Մեկնարկեց դատական նիստը։ Մասնակցում է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէ։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի համարում մասնակցել դատական նիստին։
19:22
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Դանիելյանին ներկայացնում է ինքնաբացարկի միջնորդություն։ Խուդոյանն ասաց, որ դա պայմանավորված է դատավորի պահվածքի հետ։ Պաշտպան Խուդոյանը հայտարարեց, որ նախորդ նիստի ընթացքում դատավոր Արմեն Դանիելյանն անհարկի և պարբերաբար ընդհատել է մեղադրյալներին և պաշտպաններին: Դատարանը պաշտպաններին ուղղակիորեն արգելել է իր գործողությունների դեմ ներկայացնել առարկություններ և հանդես գալ հայտարարություններով: Պաշտպանը նշեց, որ դատարանը հանդես է եկել կամայական մոտեցումներով, որի պատճառով նիստն ընթացել է լարված մթնոլորտում: Խուդոյանն ընդգծեց, որ դատարանի կամայական և կանխակալ միջամտությունների պատճառով խախտվել է պաշտպանների իրավունքների իրացման ազատությունը: Այս և մի շարք այլ հանգամանքների հիմնավորմամբ՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին:
9:41
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 12։30-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը