30 11 2018

«Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը․ ՈւՂԻՂ



Երևանում մեկնարկել է «Լազարևյան ակումբի» առաջին նիստը՝ «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն» թեմայով:

«Լազարևյան ակումբը» կոչվել է հռչակավոր հայ բարեգործներ Լազարյանների ընտանիքի, արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հիմնադիրների անունով, նոր ոչ պաշտոնական, ազատ և մշտապես գործող հարթակ է Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունների հանդիպումների և կարծիքների փոխանակման համար:

Ակումբի նախաձեռնողները՝ երկու երկրների հայտնի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ և հասարակական գործիչներ, իրենց հիմնադիր ուղերձում հայտարարել են.

«Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը պետք է ուժեղ լինեն, որպեսզի հաղթահարեն իրենց կայուն զարգացմանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերները: Պատահական չէ, որ անկախության բոլոր փուլերում Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց աջակցել են, որի հաստատումն է համատեղ անդամակցությունն ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Նման իրավիճակում արգասաբեր ու արդյունավետ կարող են լինել միայն համատեղ, երկկողմանի ու բազմակողմանի գործողությունները:

«Լազարևյան ակումբն» իր աշխատանքը կվարի հրապարակային և բաց՝ Ռուսաստանում ու Հայաստանում հանդիպումների, «կլոր սեղանների» և հանրային լսումների ճանապարհով: Հույս ունենք, որ Ակումբում հանդիպումները կօգնեն հետագա կառուցողական աշխատանքի դրական տրամադրվածության ձևավորմանը՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների փոխվստահության և դաշնակցային փոխգործակցության ամրապնդման, Մեծ Կովկասի ամբողջ տարածաշրջանում անտանգության և կայունության ապահովման շահերի շրջանակում»:

Նիստին հրավիրվել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները և Արցախի նախկին նախագահը: Հրավիրված են նաև քաղաքական ուժերի առաջնորդները: Հրավիրյալների թվում են ՌԴ հանրությանը հայտնի ներկայացուցիչներ։

Առաջարկում ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ