Հայաստանում միայն վերջին երկու օրերի իրադարձությունները դնում ես իրար կողքի ու այլևս լուրջ վերլուծաբան պետք չէ հասկանալու համար մեր վիճակի ողբերգականությունը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը 29-ամյա մի երիտասարդի նշանակեց փոխվարչապետ։ Հերթական կադրային տապալված ընտրությունը։ Դարձյալ անփորձ մարդկանց է վստահում երկրում բարձր ու բարձրագույն պաշտոններ։ Նա անփորձին, անարժանին, անկարողին, մի խոսքով՝ վատին փոխարինում է վատագույնով։ Նիկոլի թիմում մի ձեռքի մատների վրա կհաշվես հաջող կադրերին։ Արմավիրի մարզում էս տարի բազմաթիվ բողոքի ցույցեր են արել ֆերմերները․ մարզպետը մի մանր խնդիր անգամ չի կարողացել լուծել, հիմա բերեցին-դրեցին մեծ խնդիրների գլխին։ Իհարկե՝ եթե Նիկոլի նման մեկը՝ առանց կրթության, առանց փորձի, առանց բանակում ծառայելու կարող է դառնալ վարչապետ, ինչի՞ չի կարող անհաջող մարզպետը դառնալ փոխվարչապետ։ Սա ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի՝ չագուչով ապագա կառուցելու տրամաբանության մեջ։ Էս մարդիկ խնդիր չեն դրել Հայաստանը զարգացնելու, որ այդ տրամաբանությամբ էլ կադրեր բերեն։ Եվ ուրեմն, թող լինի պոլի փետ, բայց անպայման՝ հնազանդ, անսկզբունք, ՔՊ-ական։ Նիկոլն այց է կատարում գյուղ, մեկը մի քիչ իր մակարդակին համապատասխան համոզիչ խոսում է, ասում է՝ արի ինձ խորհրդական։ Ու էսօր պարզվում է՝ էդ խորհրդականը մեկ ու կես օրում 6 գյուղ է այցելել, 250 ընտանիքի խնդիրներ գույքագրել։ Պարզ չէ՞, որ ոչ մեկի խնդրին էլ չի ծանոթացել, երևի հարցրել է՝ գյուղը ինչ խնդիր ունի, ասել են՝ ջրի, արոտավայրի, սա էլ մտածել է՝ դե որ գյուղից այսինչն ունի ջրի խնդիր, փոքր գյուղ է, ուրեմն բոլորն էլ ունեն ու եկել-զեկուցել է․ նա էլ թե՝ մալադեց, լավ ես աշխատում։ Ու դուք ասում եք, թե ինչու եք պրոբլեմների մեջ թաղվա՞ծ։
Դուք ձեր մանր հարցերը չեք կարողանում լուծել, ասենք 200 հազար դրամ չունեք, որ անձրևից չռացող տանիքը փոխեք, կառավարություը թքած ունի ձեզ վրա, բայց այ մարդիկ կան, որ իրենց համար 200 հազար դոլարանոց հարցը հեշտ լուծելի է, ընդամենը պետք է կառավարության անդամները աշակերտների պես ձեռքերը վերև բարձրացնեն։ Անունն էլ դնում են հրատապ ա, պետք էր, էղած տեղից ենք արել, հո չեղած տեղից չէ՞։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ամբողջովին հեռացավ իր խոստումներից, դավաճանեց հեղափոխության գաղափարներին։ Նիկոլը 200 հազար դոլար հատկացրեց Ալեն Սիմոնյանի համար նոր ավտոմեքենա գնելու համար։ Խոսքը էն Ալեն Սիմոնյանի մասին է, հիշեցնեմ, որ դեռ նախորդ սկանդալը չի հասցրել ջրել, էն որ 44-օրյա պատերազմի զոհերի դիերը դեռ չգտած, որ ազգը սգի մեջ էր, Նիկոլի դեպուտատ աներձագի հետ թանկարժեք հանգիստ էր վայելում ծովափին։ Հիմա էլ մյուս սկանդալը․ հանուն ժողովրդի ու ժողովրդի անունից իշխանության եկածները պետք է 2021-22 թվերի ավտոներով ման գան, բայց ժողովուրդը հնամաշ ավտոներով։ Գիտե՞ք, որ Հայաստան ներմուծված ավտոմեքենաների 95 տոկոսը 10 հազար դոլարից պակաս արժեքով ավտոներն են։ Մեր երկրում զինվորը ցեխերի մեջ է քնում, սահման պահում, որ Ալեն Սիմոնյանը գերթանկարժեք ու կարևորը նոր ավտո ունենա։ Սրանք ասում են դպրոցի տանիքը փոխելու, փող չկա, ցելոֆաններ են փակցրած, բայց պադավատի փող կա։ Վարչապետի խորհրդականը, որ գնացել էր Սյունիքի գյուղացիների խնդիրները գույքագրելու, չասա՞ց, թե էդ 92 մլն դրամով քանի ընտանիք կերջանկանար։ Մի հաշվեք էլի, խնդրում եմ։
Մենք չէինք անդրադառնա էս թեմային, կասեինք՝ հա, նորմալ ա, բա պտի լավ ավտո քշի իմ պետության երկրորդ տո լի երրորդ դեմքը, նամանավանդ Ալենը, որ թազա ռենջ ա առել, թազա տներ ու դաչա ու կարող ա սիրտը կախ ա 2011 թվի BMW-ի վրա, եթե մենք չունենայինք այլ խնդիրներ։ Ամբողջ զավեշտը նրանում է, որ կառավարությունը հենց այսօրվա նիստում մերժեց «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ թոշակները սահմանել սպառողական զամբյուղի 70 տոկոսից ոչ պակաս։ Հասկանում ե՞ք ժողովուրդ։ Սա մերժեց կառավարությունը։ Սպառողական զամբյուղը էն անհրաժեշտ պաշարն է, որ պիտի մարդ ուտի չմեռնելու համար։ Հայաստանում թոշակառուն ստանում է դրա 37․5 տոկոսի չափը։ Հասկանում ե՞ք, Նիկոլի կառավարությունը սահմանում է, որ պետք է մարդ մեկ ամսվա ընթացքում ուտի այսքան, որ չմեռնի, բայց տալիս է ուտելու համար դրա 37․5 տոկոս տոկոսը։ Թոշակառուների փողը չբարձրացրեց, բայց Ալեն Սիմոնյանին ֆռֆռալու համար 200 հազար դոլարանոց ավտոմեքենա տվեց։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ, որ էսօր նախարար է, բայց Սերժի վախտ անաչառ մասնագետ էր ու քննադատում էր նախկին իշխանությանը, հիմա ասում է՝ որ պետք լինի, բոլոր նախարարների համար էլ կառնենք։
Հիշում եք, չէ՞, հեռավոր 2018 թվականին, երբ դուք արդար էիք, ազնիվ էիք ձևանում, քա՞նի հոգի փողոց դուրս եկավ՝ ոգեշնչված Նիկոլի՝ ԱԺ ամբիոնից պադավատապետության մասին ելույթով։ Ժողովրդի կեսից շատը երթուղայինից է օգտվում, Նիկոլն ասում էր՝ պաշտոնյաներ, դե գնացեք հասարակական տրանսպորտով երթևեկեք մի անգամ, տեսեք թե ինչ պայմաններ եք ապահովել մեր տատիկ-պապիկների, մեր ջահել աղջիկների համար։ Դանիայի ԱԺ-ին էր օրինակ բերում, որ մեկ ծառայողական ավտոմեքենա կա։ Բա, այ երեսպաշտ, էս ի՞նչ ես անում։ Դու հեղաշրջման ժամանակ կամ էս ամառվա քարոզարշավիդ ժամանակ խոստումներիդ մեջ չեմ հիշում, որ ասեիր՝ պետք է իմ ԱԺ նախագահը 200 հազար դոլարանոց ավտո քշի, իսկ թոշակառուն քրքրի աղբամանը։ Բա ինչի՞ դավաճանեցիր ժողովրդին, լապշա կախեցիր էս միամիտ ժողովրդի ականջներից։
Ու հիմա կա մեկը, որ կարող է սա արդարացնե՞լ, ասել սենց չի-նենց ա՞։ Մի հոգի մեր երկրում կա, թեկուզ՝ նիկոլական, որ կարա կանգնի ու ասի՝ հա պետք է Ալեն Սիմոնյանը թանկարժեք ավտոյով ման գա, բայց թոշակառուն խաչմերուկներում կանգնի, որ հենց ավտոմեքենաների համար լույսը դառնա կարմիր, սկսի անձեռոցիկ վաճառել, որ ապրի՞։ Դու նրան արժանապատիվ ծերություն էիր խոստանում, ոչ թե Սիթիի դիմաց լիմոն ծախել։ Որևէ ՔՊ-ական դեպուտատ սրան ի՞նչ կասի։ Դե բա խոսե՛ք, այ երեսպաշտն էր։ Հը՞, հիմա որ ձեր Նիկոլը 2015-ին, 18-ին, 21-ի ամռանը ժողովրդին մի բան էր ասում, հիմա ուրիշ բան է անում, դա է՞լ են նախկիններն արել։
200 հազար դոլարանոց ավտոմեքենան շռայլ ծախսերից մեկն է ընդամենը, երեկ էլ իմացանք, որ 7 մլն դոլարանոց գաղտնալսող սարքով աջ ու ձախի խոսակցություններն են ֆիքսում ու ՍՄՍ-ներն են կարդում։ Հետո՞ ինչ, որ զինվերների ծնողները տաք շորեր են ուղարկում ու պլաշներ ցեխերի մեջ քնող իրենց տղերքին։ Կարևորը՝ որ էդ ամենից դավադիտ եղած Նիկոլին հայհոյեն, սա անմիջապես կիմանա։
Կարճ ասած՝ Նիկոլը Հայաստանում անկշտության ու չտեսության մարմնացումն է, ամենաթողության մարմնացումն է, պարտության մարմնացումն է, դավադրության ու դավաճանության մարմնացումն է Նիկոլը։ Նա Հայաստանի բոլոր բացասական երևույթների հավաքական կերպարն է։ Նիկոլն այնպես է անում, որ էն ամենահիմարի, ամենազոմբիի աչքերն էլ բացի, նոր հեռանա, որ այլևս այսպիսի աղետաբեր սխալները չկրկնվեն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը