27 07 2021

«Կարճ ասած»․ Բունկերից մինչև 5-մլրդ դոլարի գործարք․ Հարցեր, որ պետք է քննի հանձնաժողովը



44-օրյա խայտառակ պատերազմից ու կապիտուլյացիայից հետո բազմիցս բարձրացավ դեպքերը քննող հանձնաժողով ստեղծելու հարցը։ Իշխանությունը մերժում էր։ Հիմա՝ այդ մերժումից կարճ ժամանակ անց, իշխանությունն ինքն է նախաձեռնում նման հանձնաժողով, արտախորհրդարանական ուժերին էլ հրավիրում է մասնակցելու։

Այդ ի՞նչ պատահեց, որ մինչ այս դեմ խոսացող իշխանությունը հանկարծ կարծիքը փոխեց։ Թերևս մեկ բան՝ խորհրդարան մտած «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ նման հանձնաժողով ստեղծելու համար է առաջին հերթին դիմելու։ Սրանք էլ, երևի թե վտանգ տեսնելով, ընդդիմությունից այսպես ասած՝ մեկ քայլ առաջ են ուզում անցնել։ Լավ, անցեք, կարևորը դա չէ, կարևորը արդյունքն է։

Բանն այն է, որ մենք ունենք դառը փորձ այն բանի, երբ այս իշխանությունը հանձնաժողով է ստեղծում և ուղղորդում։ Բացեցին ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով՝ ընդամենը մեկ նպատակով՝ ցույց տալու համար, որ եղել է նախկին իշխանության մեղքը, Հայաստանը պարտվել է այդ պատերազմում, տանկերի մեջ վառելիք չի եղել, հաց չի եղել, զինվորները խոտ են կերել և նման բաներ։ Հանձնաժողովը կրկնակի ժամկետ երկարացրեց, ու այդ ընթացքում հերքվեցին բոլոր մեղադրանքները․ խայտառակ չլինելու համար զեկույցը գաղտնի պահվեց։

Հիմա այս պատերազմն էլ, խայտառակությունն էլ իրենցն են․ մտավախություն ունեմ, որ այս հանձնաժողովն էլ ի սկզբանե ստեղծվում է բոլորովին այլ՝ վատ նպատակներով։ Դեռ պատերազմի կեսին այսպես կոչված՝ անկախ փորձագետների էր հավաքել իշխանությունը ու քննարկում էր հարցը, թե՝ մեկ է՝ պատերազմը լինելու էր։ Վստահ եմ՝ այս տրամաբանությամբ է ի սկզբանե գնալու․ ուրեմն մենք չենք ունենա հաջողություն։ 44-օրյա պատերազմը մեզ չի թողնում առաջ գնալ, շատ են հարցերը, և բոլոր հարցերին պետք է պատասխան տրվի։ Հանձնաժողովը պետք է չսկսի սեպտեմբերի 27-ից ու ավարտի նոյեմբերի 9-ով։ Ոչ։

Այդ հանձնաժողովի նպատակները եթե արդար են, պետք է սկսի 2018 թվականի իրադարձություններով՝ ովքե՞ր եկան իշխանության, ի՞նչ ուժեր բերեցին նրանց և ինչ նպատակով։ Ինչպե՞ս ընթացան բանակցությունները, վերելակում ի՞նչ պայմանավորվեցին Նիկոլն ու Ալիևը, ինչո՞ւ էր Նիկոլը Ալիևից խնդրել չկրակել, մինչև երկրի ներսում ընդդիմության հարցերը լուծի, ի՞նչ ծրարներ էին փոխանցում իրար՝ Նիկոլն ու Ալիևը, այդ ի՞նչ 5 միլիարդ դոլարի պատմություն, և արդյո՞ք մեր երկրը թշնամուն է հանձնվել 5 մլրդ դոլարի դիմաց։ Ինչո՞ւ Հայաստանում քրեական գործեր հարուցվեցին գեներալների ու երկրորդ նախագահի նկատմամբ, այդ ի՞նչ կետից սկսեց Փաշինյանը, որը բերեց այդ պատերազմին ու պարտությանը, ինչո՞ւ Արցախում հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ իմանալով, որ դա տանում է փակուղու։ Ի՞նչ նկատի ուներ, երբ խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե՝ «այ քեզ բան, ինչ ուզում՝ բանակցում ենք», ի՞նչ գաղտնիք գիտեր Ալիևի մասին, երբ ասում էր՝ նենց բան կասեմ, որ Ադրբեջանի ներսում Ալիևին կտապալեն և ինչո՞ւ չբացեց այդ գաղտնիքը։ Ինչպե՞ս կառավարվեց պատերազմը, ինչո՞ւ բացասական պատասխան տվեց Նիկոլը պատերազմը դադարեցնելու մի քանի առաջարկներին։ Ի՞նչ էին անում բունկերում Նիկոլի կինը, Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, ինչո՞ւ Նիկոլը Ալիևի մշտական նվաստացումներին ոչ մի բառ չի պատասխանում, ծպտունը ուղղակի դուրս չի գալիս, ինչի՞ց է վախենում։ Ի՞նչ եղան եկած օգնությունները, ինչո՞ւ Արցախին ու բանակին ուղարկված համահայկական հիմնադրամի հարյուր միլիոնավոր դոլարները մտցվեց պետական բյուջե ու դարձավ պարգևավճար, ինչո՞ւ առանց կրակոցի հանձնվեցին մեր հողերը, ի՞նչ են գրավոր ու բանավոր պայմանավորվել Նիկոլն ու Ալիևը, քա՞նի փաստաթուղթ կա, որի մասին մենք չգիտենք։ Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն իր գրքում, որը դեռ 2018-ին է հրապարակվել, խոսում Ղարաբաղը հանձնելու կարևորության մասին և ինչո՞ւ գնաց հենց այդ ճանապարհով։ Գերիների, անհետ կորածների, վիրավորների մասին բոլոր ինֆորմացիաները պետք է տրվեն։ Պետք է հասկանանք, թե ինչու են մարդկանց ասել՝ սպասեք ու ընդամենը կես ժամ առաջ տեղեկացրել, որ տեղահանվում են՝ հնարավորություն չտալով, որ անգամ իրերը հավաքեն։ Ինչո՞ւ և ինչպե՞ս են մեր հերոսների դիերը հայտնվել դիահերձարանի նկուղներում, ինչո՞ւ էին պահում դիերը Սպայկայի սառնարաններում և որոշակի չափաբաժնով տալիս։ Արծրունը ո՞ւմ տեքստն էր կարդում, երբ ասում էր՝ «հաղթելու ենք», «արդեն հաղթել ենք», ինչո՞ւ էր Նիկոլը ի տես թշնամու հայտարարում մեր զորահավաքակայանի տեղը, ի՞նչ նամյոկ էր անում Ալիևին, երբ ասում էր, թե մենք ինչ թանկարժեք զենք ունենք, որը չի աշխատում, սննդի քանի օրվա պաշար ունենք։ Ինչո՞ւ զինված ուժերի համալրումը դադարեցվեց և կամավորական ջոկատներին անցան, ինչո՞ւ էր զենքի ձեռքբերման պլանը փոխվել։ Ինչպե՞ս թշնամու անօդաչուները հասան Աբովյան քաղաք։ Հարցերի հարցը Շուշին է՝ ինչպես հանձնվեց։ Կարևոր հարց, որը պետք է չշրջանցել՝ ինչպես եղավ, որ ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի գաղտնի փասաթղթերը հայտնվեցին պատգամավորի օգնականի ձեռքում, նա էլ իբր միամիտ հրապարակեց։ Արդյո՞ք ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ստացած գաղտնի զեկույցները, ռազմական պլանները չեն հասել թշնամու ձեռքը՝ հաշվի առնելով, որ մենք մեր խորհրդարանում ունենք դեպուտատներ, որոնք հնարավոր է թուրքի գործակալ են, առնվազն թրքասեր են։

Հիմա ես երկու րոպեում թվարկեցի բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննի, բայց պետք է հարյուրավոր այլ մութ հարցեր պարզաբանվեն, պետք է աչքաթող չարվի ԱՄՆ բանագնաց Բոլթոնի այցը Հայաստան, Նիկոլի տարօրինակ հանդիպումները։ Պետք է հասկանալ, թե հիմա որ Ադրբեջանը կրակում է Երասխում, Շորժայում, Սև լիճ է հասել, ի՞նչ պայմանավորվածություն կա դրա տակ, որ մերոնք ոչինչ չեն անում։ Ինչո՞ւ են, այսօր սահման պահող զինծառայողներն առանց զենքի։ Պետք է բոլոր հարցերին պատասխան տան։

Բայց ի սկզբանե կասկածներ կան այդ հանձնաժողովի ստեղծման նպատակների վերաբերյալ։ Հանձնաժողովը բացում է այս պատերազմի հասցրած, կապիտուլյացիա ստորագրած ուժը, ուրեմն այն ստեղծվում է այս մարդկանց ջրից չոր հանելու, այլ մեղավորներ նշանակելու համար։ Այդ հանձնաժողովում քանի որ իշխանությունն է լինելու մեծամասնություն, ուրեմն մենք այս հարցերի փոխարեն վախենամ ականատես լինենք ուրիշ բանի։ Իշխանությունը խայտառակ պարտություն է բերել այս պատերազմում ու գնացել է կապիտուլյացիայի, հիմա սրանք ուզում են պարտության այդ էջը փակել ու բարդել այլ մարդկանց վրա։ Նիկոլը հայտարարում էր, թե ես գերագույն հրամանատար եմ, հետո ասաց՝ ես մոդերատոր եմ եղել, հիմա փորձելու են ռազմական տարբեր գործիչների վրա բարդել պերտությունը, ընդդիմադիրների վրա, իրենց սիրած նախկինների վրա։ Այս հանձնաժողովը դառնալու է քաղաքական ու քրեական ապօրինի հետապնդումների նոր շղթա, որով փորձելու են ընդդիմադիրներին լռեցնել, ճնշել։ Ի սկզբանե ասում էին՝ կան դավաճաններ, բայց ոչ մի գործ չտեսանք, հիմա էլ ընթացքում Նիկոլը ինչ-որ հայտարարություններ կանի, կցնցի, կշեղի հանրությանը։ Մենք գիտենք, թե կապիտուլյանտը նաև ինչ մանիպուլատոր է։

Ինչո՞ւ եմ այսպես վատ տրամադրված, որովհետև կրկնեմ՝ ունեմ ապրիլյան պատերազմի քնիչ հանձնաժողովի խիստ բացասական փորձը իմ աչքի առաջ, երբ կասկածելի պայմաններում որդուն բանակից ազատած Քոչարյան Անդոնը քննում էր ապրիլյան պատերազմի հարցերը՝ «մենք պարտվել ենք» տեսանկյունից։ Ու ՊՆ գաղտնի զեկույցների էին ծանոթանում թրքասերները։ Եվ առհասարակ ի՞նչ կարիք ունի իշխանությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու, եթե այդ ամենը կարող են անել քննչական մարմինները, դատախազությունը, ԱԱԾ-ն, որոնք իրենց ենթակայության տակ են։ Նպատակը կարող է լինել միայն մեկը՝ գիտեն որ ընդիմությունն է ուզում նախաձեռնել, իրենք նախաձեռնությունը ուզում են խլել, որպեսզի լղոզեն, ցրեն՝ գնա։  

Կարճ ասած՝ Այս իշխանության կողմից 44-օրյա պատերազմի քննումը նույնն է, որ Էրդողանն ասում է՝ եկեք բացենք արխիվներն ու ուսումնասիրենք Ցեղասպանությունը, նույնն է, թե Թալեաթը քններ Ցեղասպանությունը, Հիտլերը՝ Հոլոքոստը։ Հանձնաժողով, որը պետք է լույս սփռի իրականության վրա, լինելու է իրականության կոծկում։ Այս պատերազմի պատասխանատուն էլ, մեղավորն էլ այս իշխանությունն է, ուրեմն նա պետք է մասնակցություն չունենա աշխատանքներին։ Պետք է լինի արդար քննություն։ Այլապես հարցերն իրենց պատասխանը չեն ստանա, կրքերը չեն հանդարտիվի, կասկածի որթը կրծելու է հանրությանը։

Բայց մեկ է՝ դավաճանները, հողատուները ու մեր տղերքին տոպրկների մեջ պահողները պատասխան են տալու։

Սևակ Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ