2018 թվականի մայիսից մինչ օրս մեր հանրությունն ապրել է մշտական սթրեսների մեջ։ Ակտիվ լաչառություն, ամենօրյա սուտ, աչքակապություն։ Ու այս ամենը մատուցվել է դրանց համար համապատասխան բառերով՝ սենսացիա, աղմկահարույց, աննախադեպ․․․ Կարծում եմ կհիշեք՝ երբ այս իշխանությունները եկել էին, սկզբում ինչ սենսացիաներ էին բեմադրում։ Առաջին սենսացիոն բացահայտումը Մանվել Գրիգորյանն էր։ Տուշոնկա շոու։ Տուշոնկա էին հայտնաբերել նրա պադվալում։ Սառել էինք, քարացել էինք։ Նիկոլը եթեր մտավ, ուշքի չեկող մարդու բեմադրություն արեց։
Ժողովուրդը սկսեց ատել Մանվելին։ Հիշում ենք, էս մեր ճկուն դատախազը անձեռնմխելիությունից զրկելու հանդիսավոր միջոցառման ժամանակ խորհրդարանի ամբիոնից փոքրիկ երեխաների նամակներ կարդաց։ Ինչևէ, հասան նրան, որ հարազատ խմբակցությունը սիրով նրան դուրս հանեց ԱԺ-ից, հանձնեց Նիկոլենց դատին։ Թե իրականում ինչ էր արել Մանվելը, ոչ ոք չիմացավ, որովհետև այդ գործը երեք տարի տեղից չշարժվեց, Մանվել Գրիգորյանն էլ, կարելի է ասել, մահացավ բանտում։
Այս իշխանության հաջորդ բեմադրած սենսացիան մարտի 1-ի ինչ-որ դրվագ էր․ նախկին սպայի գտան ու անմիջապես հայտարարություն տարածեցին, թե կասկածում են, որ մարտի 1-ի 10 զոհերից մեկը իր ձեռքով է գնացել։ Էլի էդ դերասանը եթեր մտավ, ասաց, թե ծանր ապրումներ է ունեցել, չի քնել գիշերը, այո, բացահայտել է մարտի մեկը։ Մի քանի օր անց պարզվեց, որ էդ մարդուց ներողություն են խնդրել ու անաղմուկ բաց են թողել, քանի որ սխալվել են, Սասուն Խաչատրյանը, դեռ ջուրը չտեսած՝ բոբիկացել է։
Մյուս սենսացիան, որով ևս հանրությունը կերակրվեց, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործն էր։ Սասուն Խաչատրյան անունով նույն մարդը, որ անհասկանալի է, թե ինչ արժանիքի համար աթոռ է զբաղեցնում Հատուկ քննչական ծառայություն կոչված կառույցում, շուրջ 80 հատոր հիմարություն բստրեց լույսի արագությամբ։ Քերթողահայրը էլի սենսացիա ներկայացրեց, քրեական գործեր, ֆլան-ֆստան։ Հետո մանրից սկսեց քանդվել ամեն ինչ, ժողովրդին սկսեց չհետաքրքրել այդ ներկայացումը ու ավելին՝ Նիկոլին արդեն բոլորը մեղադրեցին քաղաքական նկատառումներով հետապնդումների համար։ Այս գործն էլ մի կերպ ձգեցին մի քիչ ևս ու փակեցին, քանի որ պարզվեց՝ հակասահմանադրական է։
Հետո ինչ-որ սենսացիաներ ասացին կոռուպցիայի մասին, բյուջե գումար բերելու անհրաժեշտության մասին, բայց այդպես էլ հանրությանը ոչինչ չհասավ՝ ոչ գումարի մասով, ոչ էլ գոնե ինֆորմացիայի մասով։ Սկսեցին թևածել խոսակցությունները, որ ինչ-որ գումար են հետ բերել, բայց ոչ թե բյուջե, այլ՝ իրենց գրպաններ։ Էլի մանր-մունր բաներ եղան, որոնց փորձեցին աննախադեպի երանգ տալ, բայց ոչինչ չստացվեց։
Հետո, արդեն, շոկային բացահայտումներ պետք է դառնային ա՛յս իշխանության արածները։ Հանրությունը առաջին շոկն ապրեց այն ժամանակ, երբ բացահայտվեց, որ աննախադեպ, սենսացիոն չափերի են հասնում պարգևատրումները՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գաղտնի որոշմամբ։ Հաջորդ սենսացիոն բացահայտումը սիգարետի, զենքի, ադամանդի մաքսանենգքության մասին էր ու նշվում էր, որ Նիկոլի մատը մեջը խառն էր։ Սենսացիա էր սա ու այդպես էլ չիմացանք, թե ինչ եղավ հետո։
Կորոնավիրուսի ժամանակ մեզ սենսացիաների շքերթ էր սպասվում․ պարզվեց, որ լիքը հիվանդանոցներ ունենք, որոնք չեն հարմարացվել կորոնավիրուսով հիվանդների բուժմանը, բայց օրինակ՝ բուժօգնություն չստանալով՝ մարդ է տանը մահացել։ Հետո պարզվեց, որ կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար հարյուր միլիոնավոր դոլարներ են եկել Հայաստան, բայց նորմալ հաշվետվություն չկա թե ինչ են արել դրանց հետ։
Ոչ թե սենսացիա, այլ շոկային էր այն, ինչ եղավ, բացահայտվեց պատերազմի ժամանակ։ Հանրությունը իրոք շոկեր ապրեց ու արդեն 9 ամիս մեր հանրությունը ամենօրյա շոկերի մեջ է ու այն կարգի, որ ուշքի դեռևս չի գալիս։ Պարզվեց մեզ խաբել են 44 օր, լկտի կերպով, պարզվեց, որ մեզ տեղյակ չպահելով՝ անգամ մեր հողերը տվել են թշնամուն։ Հետո պետք է պարզվեր, որ պատերազմի ընթացքում մեր հանգանակած 106 միլիոն դոլարը անհայտ նպատակներով ծախսվել է ու մինչև էսօր տեղեկություն չկա։
Ես ուզում եմ դուք հիմա համեմատեք Մանվելի տուշոնկաները և համահայկական հիմնադրամից 106 մլն դոլարի կորուստը։ Էն մեկը Նիկոլի «բացահայտածն» էր, էս մյուսը՝ Նիկոլի արածը։ 106 մլն դոլար։ Հետո պետք է խոսակցություններ ֆռային, որ Արցախը թշնամուն տալու համար մարդ կա 5 մլրդ դոլար գումար է աշխատել։
Հանրության համար իսկական շոկ էր, երբ պարզվեց, որ հնարավոր էր մեր 6 տղերքի կյանքը փրկել, ովքեր պատերազմից փրկվել էին անտառներում թաքնվելով։ Բայց իշխանությունը մատը մատին չի խփել փրկելու համար, ասել է՝ դժվար թե 40 օր առանց սնվելու մարդիկ ապրեին։ Սա, կրկնեմ, միայն հանրության համար էր շոկ, իսկ իշխանության համար մեկ էր՝ իրենք զոհերը պլյուս-մինուսով են հաշվում։ Պատասխանատվության մասին խոսք անգամ չգնաց։
Մեկ ուրիշ սենսացիա էր այն, որ սրանք ադրբեջանցի մարդասպաններին, դիվերսանտներին հետ են տցվել Ադրբեջանին՝ օգտվելով այն հանգամանքից, որ գերիների փոխանակման շրջան է։ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը՝ մի քանի գերի։ Դրան հաջորդեց մեկ այլ սենսացիա, պարզվեց, որ գաղտնի բանակցություններ են գնում, որ Հայաստանի տարածքից հողեր տան թշնամուն։ Ու Նիկոլն ասաց, որ դա մեր շահերից է բխում՝ այդպես էլ չասելով, թե ինքը որ երկրի շահերից է խոսում։
Լուրեր են պտտվում սարսափելի սրիկայության մասին ու ԱԺ պատգամավորն էլ խորհրդարանում ասաց, որ սրանք պատերազմի վրա, մեր համազգային սգի ու դժբախտությունների վրա փող են աշխատել, զինվորին չեն ուղարկում բուժման, զինվորներ կան, որ դժգոհումե ն, որ սեփական միջոցներով են բուժվել, բայց էս մարդիկ օրինակ՝ ԴՆԹ սարքի համար ավել գումար են դուրս գրել, քան իրական գինն է։
Հետո ամենամեծ շոկերից մեկը պետք է ապրեինք՝ պարզվեր, որ մեր հերոս տղերքի դիերը իրար գլխի են լցնում, սահմռկեցուցիչ պայմաններում պահում, պոլիէթիլենային տոպրակների մեջ։ Մենք գիշերը չենք քնում այդ սարսափի տեսարանից․ բայց իշխանությունը սղեցրեց թեման մի քանի աշխատողի վրա։ Նիկոլն ասաց՝ դե գիշեր-ցերեկ աշխատում են, ամեն ինչ հնարավոր ա, առողջապահության նախարարն էլ տեսնելով, որ մարսեց, մի հատ էլ մունաթ եկավ՝ «բա ինչի՞ մեջ պահեին»։
Երբ խոսում էինք այն մասին, որ մեր սահմանները կահավորչված չեն, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝՝ ահա, թշնամուն տեղեկություն են հայտնում։ Հիմա որ ողջ աշխարհին ցույց եք տալիս, թե դիերի հետ ոնց եք վարվում․ սա արդյո՞ք Ալիևին հասկացնելու համար չէ, որ մեզ մոտ մարդը արժեք չունի։ Քո հայն է էսպես անում, թշնամուց ի՞նչ ես սպասում։
Վերջերս կարդացի, որ միացյալ նահանգներում մեկը սպանել էր 6 մարդու ու դիերը երկու ամիս թաքցրել սառնարանում, հարցրել էին՝ ինչի՞ էի թաքցրել սառնարանում, պատասխանել էր, որ ամեն անգամ մի բան խանգարել էր թաղելուն, չէր ուզեցել, որ փտեն։ Մեր սերիական մարդասպանները անգամ էդ հանցագործի արժշանապատվությունը չունեն։
Նիկոլենք ինչո՞ւ են թաքցնում զոհերին․ լիքը կանխավարկածներ կան։ Ու ըստ դրանց՝ մեծ կապ կա մասունքները ուշ ուշ տալու և գերիների թիվը չհայտնելու մեջ։ Բանն այն է, որ նախընտրական շրջան է, և Նիկոլը չի ուզում ձայն կորցնել, ավելին, հույսի մեջ է պահում ծնողներին, թե՝ երեխաները գուցե գերի են, գուցե վերադարձնենք։ Ու այդպես, մարդկանց սգի վրա փորձում է ձայն հավաքել։
Տեսեք ես որտեղից սկսեցի՝ Մանվելի տուշոնկաներից, դու սարսափած էիր դրանցով, քանի՞ Մանվել ենք բացահայտել այս իշխանությունների մեջ, քանի՞ Ռամիլ Սաֆարովներ։ Դե հիմա համեմատեք տուշոնկա շոուն դիերի անարգման այս դեպքերի հետ ու գնահատականը տվեք ինքներդ։ Ի դեպ, այնպես չէ, թե այս իշխանության անդամների պադվալներում բանակի համար նախատեսված օգնություններ չհայտնաբերեցին։
«Կարճ ասած»՝ դագաղներով իշխանության եկած այս մարդիկ, որոնք դագաղապատեցին ողջ երկիրը, իսկական գլխակեր են, մարդակեր իշխանություն։ Ես արդեն պատկերացնում եմ ապագա սենսացիաների մասին։ Իշխանությունը, եթե ունենալով լծակներ, էլի սրանք չի կարողանում թաքցնել, ընդ որում՝ շեշտեմ, սրանք ո՛չ դատախազությունն է բացահայտում, ո՛չ ԱԱԾ-ն, ոստիկանությունը և մյուսները, այլ՝ անհատներն ու լրատվամիջոցները։ Եթե այս չափի լծակներով թաքցնելու պարագայում այսքան շոկեր ու սենսացիաներ է հնարավոր եղել բացահայտել, պատկերացնո՞ւմ եք իշխանափոխությունից հետո ինչ սենսացիաներ են ջրի երես ելնելու։
Մնաց 17 օր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը