Արցախը ողբերգության մեջ է, Հայաստանում նույնը։ Անիծում են, հայհոյում են, նյարդերը չի դիմանում, քաշքշուկներ են լինում, որովհետև այլ բանի․․․ Ավելի ճիշտ, հույս ունեինք, որ այլ կերպ կհանգուցալուծվի։ Ցավոք, հրաշք տեղի չունեցավ։ Ինքս փորձել եմ այսպես ասած՝ սառչել, ու հիմա իմ պես մտահոգ ու զայրացած հայրենակիցներիս ունեմ մի հարց՝ անակնկա՞լ էր։ Լու՞րջ, անակնկալի ե՞նք եկել։ Նիկոլը ուղիղ եթեր է մտել ու ասում է՝ Հայաստանը բան չի կարող անել, մենք հետևում ենք ընդամենը գործընթացներին, ինչ ասեմ, թող ռուս խաղաղապահները պահեն, մենք էլ միջազգային գործընկերների հետ կքննարկենք, կհետևենք։ Բայց մի րոպե։ Իսկ ո՞նց հասավ էն վիճակին, որ Հայաստանը բան չի կարող անել, ձեռքերը լվաց, ռուսներն են պատասխանատու։ Ժողովուրդ ջան, մենք չզարթնեցինք առավոտ ու տեսանք էս վիճակը։ Ամեն կոնկրետ ամսաթվի մի քիչ-մի քիչ ավելացրեցին ու խեղդեցին մեզ էս վիճակի մեջ։ Մենք դրա ականատեսն ու որոշ իմաստով՝ մասնակիցն ենք։ Եկեք կարճ, հերթականությամբ անդրադառնանք, կհասկանաք որ այս ամենը լավ էլ ծրագրավորված է եղել։
2020 թվականի սեպտեմբերի 27․ 44-օրյա պատերազմ, հոկտեմբերի 19-ին առաջարկ կանգնեցնել պատերազմը ինչ-որ պայմաններով՝ հրաժարում մեր կողմից, հետո էլի առաջարկ, մի փոքր ավելի վատ, բայց ոչ այսքան վատ վիճում հայտնվել, էլի՝ հրաժարում, նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն թուղթ՝ 9 կետից բաղկացած։
Ի՞նչ ասացին շատերը, ասացին՝ Նիկոլ, հրաժարական տուր, պարտության ես բերել, թող գնա, գա մեկը՝ թող գոնե փոխի քո ստորագրած փաստաթուղթը, գուցե կչեղարկի։ Ասացին չէ՞՝ գնա, որ էլ ուրիշ բաներ չհանձնենք, որովհետև նոյեմբերի 9-ի թղթով Արցախից էլ, Հայաստանից էլ, էլի զիջումներ ես անելու, արդեն այդ թղթով։ Չգնաց, մնաց, դիմադրեց, նշանակեց արտահերթ ընտրություններ, կարող էր չմասնակցել, բայց ի զարման շատերի՝ մասնակցեց։
2021 թվականի հունիս․ կեղծիքով, զոռով-շառով ընտրվեց․ ընդ որում, հատուկ շեշտեմ՝ այդ նույն պարտված ու հյուծված Արցախի իշխանության գործուն աջակցությամբ․ Արայիկ Հարությունյանը, ընտրությունների օրերին Նիկոլի ՔՊ շտաբից դուրս չէր գալիս։ Ընտրվեց, որով, այսպես ասած՝ լեգիտիմացրեց իր ստորագրած կապիտուլյացիոն թուղթը։ Դուրս եկավ՝ հայ ժողովուրդը շատ էլ համաձայն է այդ բոլոր հանձնումների հետ, մի բան էլ, հետագայի հետ էլ է համաձայն։
Ընտրություններից ուղիղ 2 ամիս անց՝ 2021 թվականի օգոստոսին, միակողմանիորեն, ափալ-թափալ Արցախից հանեց Հայաստանի զինված ուժերը, իր ամենինչով։ Հայկական զորքը Արցախում էր պատերազմն ավարտվելուց հետո անգամ, փաստաթղթի մեջ դուրս գալու խոսք չկար։ Նիկոլը, ի միջի այլոց, քարոզարշավի ընթացքում ասել ա Ղարաբաղը հետ ենք բերելու, բայց ընտրվել ա թե չէ՝ զորքել ա հանել էնտեղից։
Ասել ենք՝ ժողովուրդ, սա հանձնում է, պարզ երևում է, Արցախը վերջնական տալիս է։ Դե հարաբերական անդորր էր, չէին կրակում, մտածում էր ժողովուրդը՝ դե ընդդիմությունը ճվճվում ա, որ իշխանության գա, աթոռակռիվ ա, բան։ ՀՀ զինված ուժերը, զորքերը, զինտեխնիկան, ամեն բան, ինքն իր հրամանով հանեց-բերեց Հայաստան։ Արցախի ժողովրդի, անվտանգությունը մնաց տեղի ինչոր փոքրաքանակ զորքի ու տեխնիկայի, հա՝ մեկ էլ ռուս խաղաղապահների 2000-ոց խմբի վրա։ Հետո, հիշու՞մ եք, հենց մի կրակոց-բան էր լինում, սա էլ քարտեզներ էր տալիս, էլ իրենց գերիներին էր տալիս, էլ դիակ-բան, սաղ տալիս էր, որը երբ ուզում էին։ Գլորեցիք մինչև 2022 թվական։
2022 թվականի ապրիլին Փաշինյանն ասում ա՝ ես կարող էի հարցը լուծել առանց զոհերի, ուղղակի կասեին դավաճան։ Ասում ա, գիտե՞ք, միջազգային կառույցները պահանջում են Արցախի ինքնորոշման վեաբերյալ նշաձողը իջեցնենք։ Մարդիկ դուրս են գալիս փողոց՝ էլ ի՞նչը իջեցնես, էլ ո՞ւր իջեցնես, սրանից ներքև էլ ու՞ր։ Ընդդիմությունը կազմակերպում է դիմադրության շարժում։ Որքան որ կարող էր լիներ, բայց լիարժեք լեփ-լեցուն աջակցություն չի ստանում, մի տեսակ թերհավատորեն էին մարդիկ տրամադրված, կասկածում էին, չնայած, որ էն գլխից ասվում, ու ցույց էր տրվում, որ ժողովուրդ, հանձնում ա, ոտքի ելեք, տեր կանգնեք։ Այ այս քարտեզը հենց այդ ժամանակվանից էր, սա ցույց էր տրվում հրապարակում։ 40 օր անց շարժումը մարում է։
Շարժումը մարելուց անմիջապես հետո՝ 2022 թվականի հուլիս, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող Լաչինի ամբողջ շրջանը։ Պատկերացրեցի՞ք չէ, ոչ թե միջանցքը, ճանապահը, փողոցը, կամ կամուրջը, այլ յեքյա շրջանը, իր ամեն ինչով։ Արցախի ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի և նախարար Հայկ Խանումյանի ակտիվ մասնակցությամբ ազատում են մի քանի գյուղ՝ Սուս, Աղավնո և այլն։ Նիկոլը զորքերը հետ է քաշում ու հանձնում է Լաչինը ամբողջությամբ՝ թողնելով մի նեղ միջանցք ռուսների վերասկողության տակ, բացատրությամբ։ Մենք, իհարկե, ինչպես և մեր արցախցի հայրենակիցները էս ամբողջ ընթացքում արխային ապրում ենք։
Եղել են կոչեր, վերլուծություններ, ահազանգեր, զգուշացումներ։ Փողոցային բողոքի ակցիաների մասին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասում էր՝ դե դրանք ներհայաստանյան, ներքաղաքական ավանտյուրաներ են, Արցախին հեռու պահեք, մի ներքաշեք․ էստեղի ժողովուրդն էլ նաև դա տեսնելով՝ ոտքի չի հելնում, մտածում է՝ դե ուրեմն էլ իմա՞ստը որն է։
Գալիս է 2022 թվականի հոկտեմբեր, Նիկոլ Փաշինյանը գնում է Պրահա և նախաստորագրում է փաստաթուղթ, որով Արցախը Հայաստանի անունից ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Անցնում է ընդամենը 2 ամիս, Ադրբեջանը հիմք համարելով հենց դա՝ փակում է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միակ նորմալ ճանապարհը։ Մենք սկսում ենք բացահայտել, թե՝ դրանք էկոակտիվիստ չեն, էն մեկը դերասան ա, էն մեկելը թռչնասպան ա և այլն։ Արցախի պաշտոնյաները, ՀՀ կառավարության փոխարեն, գալիս են անհասկանալիորեն ՄԱԿ-ի դիմաց մի քանի օր նստացույց են անում, հետո ասում են՝ լավ, ՄԱԿ-ի նիստը մեզ բավարարեց, հելնենք գնանք։ Քանի որ խաղաղապահներն ու Կարմիր Խաչը բեռներ էին տեղափոխում, շատ չեն անհանգստանում։ Ստեղից ահազանգում են, ասում են ժողովուրդ, սրա վերջը էթնիկ հողի վրա զտումն ա կամ ցեղասպանվելը։ Հետո Ադրբեջանը արդեն պոստ է դնում ու վերջում ամբողջությամբ փակում ելումուտը, անգամ սննդի տեղափոխումը։
2023 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմի մեջ։ Ոչ մի բողոքի գործողություն, ոչ մի բան, կոչ են անում ընդամենը հրաժարվել այդ հայտարարությունից։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը, ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, նրանց լեգիտիմ իրավունք է տալիս անելու այն, ինչ տեղի ունեցավ երեկ ու շարունակվեց այսօր և արդյունքը արցախի պաշտոնական հանձնումն էր։ Արդեն շուրջ երեք տարի հազարավոր մարդիկ ասում են՝ ոտքի ելեք, հանձնում է, բան չի անում ժողովուրդը, վրեքներս խնդում ա, արցախցիների հետ միասին, հիմա երբ էդ սաղ իրականություն է դառնում, սաղ ընկնում են շոկի մեջ։ Ժողովուրդ ջան, իսկականի՞ց տենց պատահական էր։ Դու կարող ես գցել ում վրա ուզում ես, մեղքը բարդես աջ ու ձախ, բայց չէ՞ որ կան թղթեր, ելույթներ, ամսաթվեր, թե երբ ինչ ես արել․ թող ասեր՝ զորքը չեմ հանում, Լաչինը չեմ հանձնում ու թող էդ ժամանակ պատերազմ սկսեր․ ոչ, սա սաղ, ոնց ասել են տվել ա, զիջել ա, հետո մեկ ա սկսել ա պատերազմ, որ մնացածն էլ էսպես տա։
Շոկի տակ մնացած սիրելի ժողովուրդ ջան, ասեմ, որ շատ շուտով ևս մեկ շոկ է սպասվում ու շեշտեմ, որ այդ մասին էլ են քեզ զգուշացրել։ 2020 թվականի նոյեմբերին քեզ ասել ենք՝ ժողովուրդ, Փաշինյանը Հայաստանից տարածքներ է հանձնելու։ Ասել ես՝ սուտ ա, Ղարաբաղն էին ուզում, տվել ա, մեզանից յան կտան։ 2020 թվականի դեկտեմբեր՝ Նիկոլը զորքերը հետ քաշեց Սյունիքից, թշնամին առաջ եկավ, մայրուղիներ գրավեց։ Ասել էին մասնագետները, զգուշացրել են։ Դա էլ դաս չի եղել։ 2021 թվականի մայիս ամիս․ Ադրբեջանը եկել ու գրավել է Սյունիքի մարզից հսկայական հատված՝ Սև լճի 30 տոկոսը, բարձունքներ է վերցրել։ Ասվել ա՞, թե չէ, ժողովուրդ, Սյունիքը կտրում են Հայաստանից․ ժողովրդիս, այդ թվում Սյունիքի մարզից արձագանքը եղել է այն, որ դրանից մեկ ամիս անց գնացել ընտրատեղամաս ու քվեարկել «Ապագա կա» սուտ կարգախոսին։ Ես չգիտեմ, այլ ազգ կա՞ այսպիսի։ Թշնամին առանց մեկ հատ կրակոցի, անգամ առանց օդ կրակելու եկել քո երկրից տարածք ա վերցրել, գնում-քվեարկում ես դա հանձնած իշխանությա՞նը։ 2022 թվականի սեպտեմբերին թշնամին հարձակվել ա, 225 զոհ ենք տվել, էլի գրավել ա 150 քառակուսի կիլոմետր տարածք։ Դա էլ հեչ եղավ։ Նիկոլ Փաշինյանը արդեն լրիվ ազատ ասում ա, որ հանձնելու է Հայաստանից գյուղեր՝ անկլավների անվան տակ։ Հիմա ասում ենք՝ ժողովուրդ, երկու հրեշավոր ծրագիր կա, մեկը այն է, որ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի է գալիս բնակություն հաստատելու Հայաստանում և Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է տալիս Նախիջևան դուրս եկող հատված, Սյունիքը միջանցքով կտրում են։ Երեկ էրդողանն ասաց՝ մենք ինչ սկսել ենք, ավարտելու ենք Զանգեզուրի միջանցքով։ Նրանք ասում են, որ այս ամենի նպատակը հո միայն Ստեփանակերտը չի, դա Նիկոլը այսպես թե այնպես տվել էր, նպատակը հենց Զանգեզուրի՝ Մեղրիով թուրքի միջանցքն է։
Կարճ ասած՝ ժողովուրդ, ամեն բան պլանավորած արել է ինքը՝ Փաշինյանը, ու թող հիմա անտարբեր դեմքով չնստի ու մեզ չասի, թե՝ դե վիճակը սա է, մենք հետևում ենք, բան չենք կարող անել, դե ռուսներն են պատասխանատու այսօր։ Այսօր՝ այո, բայց ինչպե՞ս հասավ այս վիճակին, դա հաստատ դու ես արել, հետևողական, կամաց-կամաց մոտեցրել հենց այս վիճակին, որ էլ տարբերակ չլինի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը