20 05 2021

«Կարճ ասած»․ Տխուր վերջաբան․ Նիկոլն իր սև գործը հասցնում է ավարտին



 

Ուղիղ մեկ շաբաթ ամեն օր բոլորը խոսում էին էն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանից նոր տարածքներ զիջել Ադրբեջանին։ Երբ նրանք մտան մեր սահման, հասան Սև լիճ, ու իշխանությունը ոչ միայն ոչինչ չձեռնարկեց, անգամ թաքցնում էր իրավիճակը, խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ էդ մարդը հողեր է տալիս։ Հերքում էր։ Բայց հրապարակվեց փաստաթուղթ, ու այլև հերքել չկարողացան։ Ժողովուրդ, էս մարդիկ տրամադրված են հող տալու, սրանք իրենց առաջադրանքը փայլուն անում են։ Բայց չգիտես ինչու դա ներկայացնում են որպես 100 տոկոս ազգային շահ։ Էդ ո՞ց էլի, ո՞նց կարող ես քո տարածքը զիջել ու ասել դա մեզ ձեռնտու է, ուրեմն էդքան կրակն ես ընկե՞լ քո երկրի ձեռքը։ Հողը տալիս են ու ինչ-որ մարդիկ ասում են՝ սա մեր շահերից է բխում, մենք հանդես ենք գալիս ուժեղ դիրքերից։ Եթե դու քո տարածքից տալիս ես, էլ ո՞րն է ուժեղ դիրքը։

Ու հետաքրքիր է այդ գաղտնիությունը․ ամեն ինչ արվում է խիստ ծածուկ, Արցախը հանձնելու մասին իմացանք հանձնելուց հետո, Հայաստանից տարածքներ հանձնելու մասին իմանում ենք ստորագրելուց 5 պակաս։ Ամեն ինչ արվում է միանձնյա։ Ասում էր՝ ամեն որոշում կայացնելու եք դուք՝ հանրապետության հրապարակում։ Ստի՞։ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ ձեր թիկունքում ոչինչ չի անելու։ Ամեն ինչ սրանք գաղտնի կարող են ստորագրել, ամեն ինչ․ քա՞նի գաղտնի փաստաթուղթ կա էս պահին Նիկոլի դարակներում մեր հայրենիքը թուրքին տալու մասին։

Մենակ ժողովուրդը չէ, որ տեղյակ չէ։ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ, պաշտպանության նախարարությունը տեղյակ չէ, Հանրապետության նախագահը տեղյակ չէ, կառավարությունը տեղյակ չէ։ Որ նախարարը կառավարության նիստից դուրս եկավ՝ տեղյակ չէր։ Նիկոլի դեպուտատներին հարցնում ես, անակնկալ է։ Ազգային ժողովը արտահերթ նիստ է անում, իմաստը ո՞րն է, էն ներխուժման ժամանակ էլ արեցիք, հայտարարություն ընդունեցիք, հետո՞ ինչ։ Դուք ընդամենը հնարավորություն եք տալիս Նիկոլին էդ ամբիոնը զավթելու և ելույթ ունենալու իր արածի մեղքերը ուրիշների վրա բարդելով։ Մարդը մենակ չափում-գծում է մեր երկրի սահմանները։ Բա դուք էլ ում ինչին եք պետք։

Ասենք՝ տեղյակ չեք, նոր տեղեկացաք, ի՞նչ եք մտածում այդ մասին․ քաղաքացիները տեղեկացան թե չէ՝ հավաքվեցին կառավարության դիմաց։ Հարգելի նախարարներ, մարզպետներ, իրավապահ համակարգ, էն 70-80 հոգին, որ կառավարության նիստին վեր եք ընկնում, որ Նիկոլը ձեզ ասաց՝ լավ եմ անում ստորագրում եմ, մեկիդ մտքով չանցա՞վ մի քանի լավ խոսք ասել, շշպռել, քֆուր տալ, դիմում գրել։ Մենք էդքան ողորմելի պաշտոնյաներ ունե՞նք։

Ո՛չ սահմանադրություն ունենք, ո՛չ օրենք ունենք․ սահմանադրության երաշխավորը կենդանության նշան ցույց չի տալիս։ Գերիների մասին հարցից ՊՆ-ն տեղյակ չէ, զինվորներին նվաստացնելուց տեղյակ չէ, կրակոցներից տեղյակ չէ։ Լուրը տարածում են, պաշտպանության նախարարությունը սկսում է ճշտել։ Գենշտաբի պետին լրագրողներն ասում են՝ զորքին թշնամին ծաղրում է, թողնում գնում է։ Ի՞նչ պատասխանի, նա էլ մի ծաղրված մարդ ա։ Բա էն մյուս ծաղրի առարկան՝ Սփյուռքի հանջձնակատարը, ասում է՝ կարող է մենք նրանց ենք ծաղրել, նրանք էլ մեզ են ծաղրել, ուրեմն՝ արդարացի է։

Մենք բոլորս սարսափած ենք այս ամենից, հանրությունը տագնապի մեջ է, բոլորը Սյունիքի դեպքերն են քննարկում․ իսկ ի՞նչ է անում կառավարությունը․ Ադրբեջանի հետ գաղտնի փաստաթղթի մասին ելույթից հետո անցնում են առօրյա հարցերին՝ քննարկում է 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 950-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու, հողային օրենսգիրք փոխելու, մանկապարտեզների հարցեր։

Դատախազությունը պետք է անմիջապես գործի անցներ, իսկ ինչո՞վ է զբաղված․ ասեմ, դատախազությունը, թողած գերիների հարցը, թողած սահմանների հարցը, Սահմանադրական դատարանի հետ բանավեճի է մտել Ռոբերտ Քոչարյանի գործով։ Քննչական մարմինները զվբաղված են Հայաստան դաշինքի անդամների դեմ գործեր սարքելով։ Փաստաբանները դիմում են քննչական մարմիններ, որ Շուռնուխ թշնամու ներխուժման մասին գործ հարուցվի, քննչականը պատասխանում է, որ Շուռնուխի դեպքերը ՀՀ քննչական մարմիններին չի վերաբերում։ Էս մարդիկ արդեն տվել-պրծել են։

Նիկոլ Փաշինյանը 5 օր առաջ ասում էր, որ ադրբեջանցի զինվորների թիվը, որոնք հատել են մեր սահմանը, 200-ի է հասնում։ Հետո ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ադրբեջանցիներն ուզում են իրենց թիկունքն ապահովել, մենք խանգարում ենք։ Էսօր Նիկոլը հայտարարում է, որ զինվորների թիվը հասել է 600-ի։ Բա ո՞նց եք խանգարել։

Հրապարակվել են տեղեկություններ, որ երկու փաստաթուղթ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ստորագրել, որոնցից մեկը գաղտնի է՝ տարածքների, անկլավների հանձնման և Արցախի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին։ Նիկոլ Փաշինյանը հանգիստ մեր սահմանների հետ անում է այն, ինչ խելքին փչում է։ Այն ամենը, ինչը բանավոր պայմանավորվածությամբ տվել է, հիմա Նիկոլն ու Ալիևը պայմանավորվում են գրավոր կերպով հաստատել, որ Ալիևը վաղը իրեն ապահովագրի, որ հենց ուզենաս հետ բերել, ասի՝ հոպ, ագրեսիա է, դա իմ՝ միջազգայնորեն ընդունված սահմանն է։

Փաստաթղթերը հաջորդելու են միմյանց, հետո թշնամին էլի է առաջ գալու ու էլի նոր փաստաթղթով նոր տարածք ենք զիջելու, անընդհատ։ Ասում են՝ Նիկոլը խնդրել է մի քանի գերի վերադարձնել, մի քանի տարածքի մասին գրավոր չնշել, որ վերընտրվի, ձայն հավաքի։ Քո ձայն հավաքելը, քո վերընտրվելը, քո ընդհանրապես ապրելը հենց քեզ պե՞տք է։ Տավուշից գյուղերի հանձնման խոսք կա, մի հատ մարզպետ կար Չոբանյան անունով, ասում էր՝ քանի ես սաղ եմ, ոչ մի թիզ։

Կարճ ասած՝ Նիկոլը հեռանում է, մնացել է 31 օր, բայց նա փաստի առաջ է կանգնեցնում Հայաստանի հաջորդ իշխանությանը։ Չգիտեմ, թե Նիկոլն ու Ալիևը Հայաստանի տարածքի մասին էլ ինչ պլաններ ունեն։ Ժողովուրդ, արդեն հետևում են մնացել հանգիստ ժամանակները, խաղաղ ժամանակները։ Նիկոլը ձեզ ամենօրյա պատերազմ է բերում, դիմակայություն, պայքար։ Նիկոլն իր սև գործն արեց։ Սա արժանապատիվ չէ, սա արդար չէ, սա խաղաղություն չէ ու սա չի կարող երկար տևել ժողովուրդ։ Դու էլ քոնը պետք է անես։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ